27.09.2013 17:05 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ղարաբաղի շուրջ

Հայաստանին խոսք են տալիս Ղարաբաղը ճանաչե՞լ

Իրականում ոչ թե ավարտվել, այլ նոր է սկսվել Հայաստանի համար պայքարը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Կապ չունի, որ Սերժ Սարգսյանը հանձնվել է Մոսկվային։ Դեռ երկար աշխատանք պետք է Ռուսաստանը տանի Հայաստանի ուղղությամբ։ Դեռ Արեւմուտքը չի հաշտվել այս իրողության հետ։

Այդ իսկ պատճառով թեմայի վերաբերյալ շատ բուռն քննարկումներ են ընթանում միջազգային փորձագիտական կենտրոնների կողմից, բազմաթիվ վերլուծություններ են հրապարակվում ամեն օր։ Այդ թվում` նաեւ ռուսական մամուլում, որոնցից մի քանիսը իսկապես խիստ ուշագրավ են։ Դրանցից մեկը բլիթի եւ մտրակի դասական օրինակ է։ Փափուկ բարձ։

Հայկական քաղաքագետներն ու գործիչները Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշումը ավելի հաճախ են սկսել բացատրել նրանով, որ ՄՄ-ն՝ ի տարբերություն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ։ Կամ էլ Հայաստանի անքակտելի մաս։

Ճիշտ է, Երեւանում չեն ակնկալում ԼՂՀ-ի անկախության արագ եւ համատարած միջազգային ճանաչումը, սակայն զուգահեռներ են տանում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ։ Իսկ առավելագույնը՝ Կոսովոյի կարգավիճակը։ Երեւանում պնդում են, որ եթե Հայաստանը միանա ՄՄ-ին, ապա դա կհանգեցնի ԼՂՀ-ի ճանաչմանը Միության առնվազն երեք անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից։ Հայ փորձագետների այդ տարածված կարծիքը ադրբեջանական «Վեստի.Ազ» պարբերականի հետ զրույցում հաստատել է նաեւ Աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը։

«Կարծում եմ, որ ՄՄ-ին միանալու դեպքում Ղարաբաղի հարցը վերջնականապես կլուծվի հօգուտ Հայաստանի։ Միակ տարբերակը, որը կարող է Ադրբեջանի համար ճանապարհ բացել դեպի Ղարաբաղ՝ դա նրա միանալն է Եվրասիական միությանը։ Այլ հնարավորություններ չկան։ Կարելի է ասել, որ հարցը փակված է»։

Նրա խոսքերով, տնտեսական նպատակահարմարությունից եւ անվտանգությունից ելնելով, Ադրբեջանը լավ կլիներ Եվրասիական Միության հետ աշխատեր։ Փորձագետի կարծիքով, որպես տարածքային խնդիրներ ունեցող պետություն, Ադրբեջանի համար ճանապարհը դեպի ՆԱՏՕ փակ է։

«Եթե Ադրբեջանը նույնիսկ պաշտոնապես հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, դրանով իսկ փակելով թեման, ՆԱՏՕ մտնելը երկարատեւ ժամկետով չի ապահովի նրա անվտանգությունը։ Մտնելով ՆԱՏՕ, Ադրբեջանը հանձինս Ռուսաստանի նոր թշնամի ձեռք կբերի»։

Մյուս կողմից հայտնի է, որ ՄՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի որոշումից հետո Ադրբեջանը կտրուկ ակտիվացել է։ Մի կողմից՝ հայտարարում է, թե պատրաստ է բանակցությունները Ղարաբաղի հարցով վերսկսել, մյուս կողմից՝ չի ցանկանում հակամարտության գոտուց ետ քաշել իր նշանառուներին։ «Ադրբեջանը հրաժարվում է դա անել։ Մենք մինչեւ պատերազմի ավարտը նշանառուներին ետ չենք քաշի»,- նշել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարը։

Բայց արդյո՞ք միայն Ադրբեջանը կարող է խափանել Հայաստանի ինտեգրումը Մաքսային միությանը։ Դեռ գոյություն ունի Ղազախստանը, որը Ադրբեջանի հետ բավական սերտ հարաբերություններ ունի։ Ժամանակին Ղազախստանը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, ապա Լեռնային Ղարաբաղի մասին կարելի է մոռանալ։ Ճիշտ է, վերջերս Աստանան պաշտոնապես հայտարարել է, որ ՄՄ-ին միանալու դեպքում Հայաստանի հետ կապված վերապահումներ չունի։

Սակայն Ղազախստանն առայժմ բարեհաճ չէ Հայաստանի հանդեպ, ինչի վկայությունն էր Սերժ Սարգսյանի ելույթը օրերս Սոչիում ՀԱԿՊ Խորհրդի նիստում։ Վերջինս քննադատեց այդ կազմակերպության անդամներին, որ չնայած Հայաստանի հետ ընդհանուր ռազմա-քաղաքական դաշինքում են գտնվում, սակայն Ղարաբաղի հետ կապված հակահայկական բանաձեւեր են ընդունում։

Չնայած Սերժ Սարգսյանը չէր կոնկրետացրել, սակայն նա հավանաբար նկատի ուներ Ղազախստանին, Տաջիկստանին եւ Ղրղզստանին։ Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ, նրանք Ադրբեջանի հրահրմամբ ընդունել էին բանաձեւ, որտեղ ղարաբաղյան հակամարտությունը կոչ է արվել լուծել տարածքային ամբողջականության շրջանակներում։

Այնպես որ, նույնիսկ ՄՄ-ին անդամագրվելու դեպքում Երեւանն ու Ստեփանակերտը Ղազախստանի չեզոքության վրա չպետք է հույս դնեն։ Սա խոսում է այն մասին, որ ՄՄ-ի եւ ՀԱԿՊ-ի անդամների շահերը նույնը չեն։ Մեծ հաշվով, ղազախ քաղաքագետները չեն էլ թաքցնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դեպքում կաջակցի Բաքվին։

Մյուս կողմից, բավական մշուշոտ է Ղազախստանի ապագան ՄՄ-ում։ Այն առայժմ ամբողջությամբ կախված է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կամքից։ Բայց թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նա հեռանա իշխանությունից՝ պարզ չէ։ Պարզ չէ նաեւ Բելառուսի դեպքում, եթե Լուկաշենկոն հեռանա։

Բայց վերադառնալով Հայաստանի հարցին, ապա նրա անդամակցությունը ՄՄ-ին կամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի հաշվին։ Այսինքն, Մաքսային միությունում Հայաստանին հենց Ռուսաստանն է պետք՝ հաշվի առնելով վերջինիս դիրքերը եւ ազդեցությունը ղարաբաղյան հարցում։ Ոչ միայն ՄՄ-ում, այլ նաեւ ՀԱԿՊ-ում, ինչի մասին «Новости-Армения»-ի հետ զրույցում նշել է Alte et Certe փորձագիտական կենտրոնի ղեկավար Անդրեյ Եպիֆանցեւը։ «Չնայած  ՀԱԿՊ-ի կարեւորությանը, Հայաստանի համար այստեղ թերեւս կարեւորը այլ բան է. ինչ է այս ամենի մասին մտածում Ռուսաստանը։ Եվ եթե Մոսկվան իր համերաշխությունը չի հայտնում Սերժ Սարգսյանին զայրացրած հայտարարությունների հետ, ապա Երեւանը իրական անհանգստության կարիք չունի»,- նշել է փորձագետը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31