Սա, ի դեպ, շատ լուրջ մեղադրանք է, եւ եթե իսկապես նման բան կա` համապատասխան կառույցները պարտավոր են «օդում խոսելու» փոխարեն կոնկրետ ապացույցներ ներկայացնել, իսկ եթե նման բան չկա` այդ հայտարարությունների հեղինակներն առնվազն պիտի հրապարակայնորեն ներողություն խնդրեն։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։
Շատ ավելի կարեւոր է այն հարցը, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունենում հայկական բանակում, եւ ի՞նչ կոնկրետ քայլեր են պետք` իրավիճակը շտկելու համար։ Սկսենք նրանից, որ միանգամայն իրավացի են բոլոր նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե աշխարհի ցանկացած բանակում էլ հնարավոր են մահվան ելքով միջադեպեր։ Բայց որեւէ մեկը նկատե՞լ է, որ մեր դեպքում գործում է մի տարօրինակ օրինաչափություն` սպանություններն ու ինքնասպանությունները կտրուկ շատանում են հատկապես հերթական զորակոչին նախորդող ժամանակահատվածում։ Հիմա, ի դեպ, հենց այդ ժամանակահատվածն է (աշնանային զորակոչը սկսվում է), իսկ սպանությունների եւ ինքնասպանությունների նախորդ «պիկը» գարնանն էր։ Կարծում ենք` որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց այդ օրերին են զինակոչիկների ծնողներն «իրար խառնվում»։ Գաղտնիք չէ նաեւ, որ այդ հարցերը (բանակից ազատելը, «լավ տեղ քցելը» կամ «լավ գործի դնելը») լուծվում են կանխիկ փողով, եւ ինչքան սրվում է վիճակը բանակում, այնքան այդ «ծառայությունների» գները բարձրանում են։ Ոչինչ չենք ակնարկում, պարզապես հարցնում ենք` որեւէ մեկը զբաղվե՞լ է այս օրինաչափության պատճառները պարզելու գործով։
Հիմա անդրադառնանք երկրորդ հարցին. ի՞նչ անել։ Առաջարկների պակաս կարծես չկա։ Մեկն ասում է` թող պաշտպանության նախարարն ու փոխնախարարները հրաժարական տան, մյուսն ասում է` պետք է սկսել դպրոցից եւ ընտանիքից, երրորդն առաջարկում է ավելի խստորեն պատժել սպաներին եւ այլն։ Մենք, օրինակ, շատ կոնկրետ առաջարկ ունենք, որը կարելի է իրականացնել ընդամենը մեկ օրում։ Պետք է ՀՀ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում անմիջապես վերացնել «չաստ նայողի» ինստիտուտը։ Ինչ է, պաշտպանության նախարարը կամ փոխնախարարը չգիտե՞ն, որ բոլոր զորամասերում «չաստ նայողներ» կան, որ կրիմինալը վաղուց ներթափանցել է բանակ եւ համապատասխան ստրուկտուրաներ ստեղծել, որ բանակում ոչ թե զինվորական կանոնակարգն է գործում, այլ գողական օրենքները, եւ կոնկրետ մարդիկ կան, որոնք վերահսկում են դա։ Թե՞ բարձրաստիճան զինվորականներն այն կարծիքին են, որ «չաստ նայողների ինստիտուտը» օգնում է կարգուկանոն հաստատել բանակում։ Դա բացահայտ կեղծիք է. իրականում այդ «ինստիտուտն» ընդամենը կանոնակարգում է, թե ում պետք է նվաստացնել, եւ ում` ոչ, ումից ինչքան նալոգ է պետք հավաքել եւ այլն, իսկ նման կանոնակարգումներն ի վերջո հանգեցնում են գողական «ռազբորկաների» եւ սպանությունների։ Այդ բարձրաստիճան զինվորականներից որին խոսեցնում ես` ասում է «բանակին ձեռք մի տվեք, բանակը մեր սրբությունն է»։ Բա ինչո՞ւ եք թույլ տվել, որ կրիմինալը մտնի «ձեր սրբության մեջ» ու այնտեղ օրենքներ թելադրի։ Եվ ինչպե՞ս է ստացվել, որ առավել հաճախ «չաստ նայողներին» նշանակում են «զոն նայողները», այսինքն` մեր բանակի փաստացի ղեկավարումն իրականացնում է հանցագործ աշխարհը։ Ուզո՞ւմ եք շտկել իրավիճակը։ Ահա ձեզ կոնկրետ առաջադրանք. վերացրեք «չաստ նայողների ինստիտուտը», իսկ որտեղ չստացվի` հրամանատարի ուսադիրները պոկեք եւ բանակից վռնդեք։ Բանակի մարտունակությունը դրանից կբարձրանա։
Հ.Գ. Որեւէ մեկը նկատե՞լ է, որ հայկական բանակում «չաստ նայողների ինստիտուտը» ներդրվել է 2001 թվականից հետո, մինչ այդ բանակում այդպիսի բան չկար։ Տեսնես ինչո՞ւ է այդպես