23.02.2018 07:31 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գաղջից սերվածները

Ղարաբաղյան շարժման եւ մարտի 1-ի խորհուրդները

Այնպես է ստացվել, որ ամեն տարի ղարաբաղյան շարժման տարեդարձներն ու մարտի 1-ի տարելիցները նշում ենք մոտավորապես նույն օրերին, ու դա ստիպում է զուգահեռներ անցկացնել երկու իրադարձությունների միջեւ։ Տեսակետ կա նույնիսկ, որ ղարաբաղյան շարժումը Հայաստանի Երրորդ հանրապետության ձեւավորման սկիզբն էր, մարտի 1-ը՝ Երրորդ հանրապետության վերջի սկիզբը։

Նմանություններն իսկապես շատ են։ Երկու դեպքում էլ՝ նույն Ազատության հրապարակը, երկու դեպքում էլ՝ իրենց իրավունքների համար փողոց ելած հարյուր հազարավոր քաղաքացիները, երկու դեպքում էլ՝ հրապարակը շրջապատած ներքին զորքերը (ղարաբաղյան շարժման օրերին՝ ԽՍՀՄ ներքին զորքերը, մարտի 1-ին՝ անկախ Հայաստանի)։ Բայց ԽՍՀՄ ներքին զորքերը ժողովրդի վրա չկրակեցին։ Թեեւ զրահատեխնիկա էլ ունեին, «Չերյոմուխա» էլ, խաղասեղանին էլ ոչ թե մի քանի հոգու՝ իշխանությունը կորցնել-չկորցնելն էր, այլ մի ամբողջ հսկայական երկրում կարգուկանոն հաստատելն ու փլուզումը կանխելը։ Բայց ժողովրդի վրա կրակելու հրաման տվող չգտնվեց։ Իսկ մարտի 1-ին՝ գտնվեց։ Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տվողների համոզմամբ՝ խաղադրույքը շատ ավելի մեծ էր. իրենք իրենց միլիարդներն էին կորցնելու, հնարավոր է՝ նույնիսկ ազատությունը։ Ամեն դեպքում՝ փաստն այն է, որ «մերոնք» մեր քաղաքացիների նկատմամբ շատ ավելի դաժան վարվեցին, քան օտարները։

 2008-ի մարտի 1-ն իսկապես Երրորդ հանրապետության վերջի սկիզբն էր։ Ո՛չ այն պատճառով, որ իշխանությունները բռնի ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ. նման բան էլի էր եղել՝ եւ՛ 2003-ին, եւ՛ 2004-ին։ Այլ որովհետեւ հենց մարտի 1-ով իշխանության եկավ նա, ով հետագայում պիտի փոխեր Սահմանադրությունը, վերջնականապես գրողի ծոցն ուղարկեր ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկը՝ երկու ժամկետից ավել երկիրը ղեկավարելու արգելքը, եւ պիտի վերականգներ խորհրդային տարիներից մոռացված միակուսակցական համակարգը՝ որոշակի «ծյունինգով»։ Երրորդ հանրապետության վերջի սկիզբն էլ խորհրդանշում էին ոչ այնքան մարտի 1-ի սպանդի տեսարանները, որքան այն իսկապես ճնշող մթնոլորտը, որն առկա էր հատուկջոկատայիններով շրջափակված Ազատության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը։ Անգամ կեղծիքներով ընտրված նախագահները երդմնակալության արարողությունից հետո դուրս են գալիս ժողովրդի առաջ, ձեւի համար մի քանի նախադասություն ասում, իսկ Սերժ Սարգսյանը մեն-մենակ, չարագուշակ լռության մեջ, դեմքի մեռելային արտահայտությամբ դուրս եկավ կարմիրբերետավորների առաջ, առանց ծպտուն հանելու քայլեց շարքերի առջեւով ու հեռացավ։ Մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը։ Երեւի գնաց՝ «նեղ կռուգով» նշելու վերջնական հաղթանակը ղարաբաղյան շարժման նկատմամբ եւ Երրորդ հանրապետության վախճանի «պաշտոնական մեկնարկը»։

Տասը տարի է անցել, ու քաղաքական ուժերը դեռ իներցիայով պահանջում են բացահայտել մարտի 1-ը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Պահանջում են նրանցից, ովքեր իշխանության են եկել բացառապես մարտի 1-ի շնորհիվ։ Այստեղ երեսպաշտության խնդիր չկա, պարզապես խաղի կանոններն են այդպիսին. Սերժ Սարգսյանի ստեղծած միակուսակցական համակարգում ընդդիմության համար որոշակի քվոտաներ այնուամենայնիվ սահմանված են, իսկ այդ քվոտաների համար դեռ պետք է պայքարել։ Պայքարել՝ նույն Սերժ Սարգսյանի սահմանած կանոնների շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ «սահմանադրական ճանապարհով»։

Ղարաբաղյան շարժումն, ի դեպ, նույնպես ընթացավ բացառապես սահմանադրական ճանապարհով եւ ի վերջո հաղթեց, բայց՝ միայն Խորհրդային կայսրության դեմ պայքարում։ Իսկ հետագայում իշխանության եկան նրանք, ում հնարավոր չէր հաղթել սահմանադրական ճանապարհով։ Բայց պայքարել կարելի է։ Հանուն քվոտաների։ Կարելի է նաեւ մարտի 1-ի հարցը բարձրացնել։ Բայց՝ ոչ ավելի։ Որպեսզի իշխանությունները ստիպված չլինեն կրկնել մարտի 1-ը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30