05.11.2015 13:34 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Նոյեմբերյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Ո՞վ է այնտեղ»
«Ո՞վ է այնտեղ» .

Այս տարվա նոյեմբերը կինոնորույթներով բերքառատ է, եւ այս ամենը պատահական չէ, քանզի հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունների սեզոնը սարերի հետեւում չէ։ Այս ամիս մեծ էկրաններին են հայտնվելու Մայքլ Ֆասբենդերը, Մարիոն Կոտիյարը, Կիանու Ռիվզը, Բրյուս Ուիլիսը, Քեյթ Հադսոնը, Բիլ Մյուրեյը, Մոնիկա Բելուչին, Բրեդլի Կուպերը, Ումա Թուրմանը, Ջուլիա Ռոբերտսը, Ռոբերտ Դե Նիրոն, Նիկոլ Քիդմանը, Անտոնիո Բանդերասը, Ջենիֆեր Լոուրենսը եւ A-ցուցակի այլ հոլիվուդյան աստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։

Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ։ ԱՊՀ տարածքի վարձույթում կինոպրեմիերաների ամսաթվերն են.

06.11- «007. Սպեկտր»/ Spectre

Թվով 24-րդ «բոնդիանայում» 007 գործակալը անցյալի անհայտ աղբյուրից կոդավորված հաղորդագրություն է ստանում, որը նրան «Սպեկտր» տեռորիստական կազմակերպություն է հասցնում։ Մինչեւ M-ը M-16-ի շահերը պաշտպանելով պայքարում է քաղաքական ճնշումների դեմ, Ջեյմս Բոնդը ստի հաստ շերտերի միջով անցնելով պետք է հասնի սարսափելի ճշմարտությանը, որը թաքցնում է նրա նոր թշնամին։ Դերերում՝ Դենիել Քրեյգ, Մոնիկա Բելուչի, Լեա Սեյդու, Քրիստոֆ Վալց, Ռեյֆ Ֆայնս, Բեն Ուիշոու, Նաոմի Հարիս։

12.11 - «Ո՞վ է այնտեղ»/ Knock Knock

Ֆիլմի կենտրոնում ամուսնացած տղամարդն է, որի երջանիկ կյանքը 2 ճակատագրական կանայք քաոսի են վերածում։ Անձրեւոտ մի օր նրա դուռը 2 թրջված աղջիկ են թակում։ Այն ժամանակ գլխավոր հերոսը դեռեւս չգիտեր, որ աղջիկներին ներս թողնելով եւ նրանց գայթակղությանը ենթարկվելով, իր կյանքը վտանգի կենթարկի։ Դերերում՝ Կիանու Ռիվզ, Լորենցա Իզո, Անա դե Արմաս, Ահարոն Բառնս։

12.11 - «Շեֆ Ադամ Ջոնսը»/ Burnt

Ֆիլմի սյուժեն պտտվում է անվանի շեֆ-խոհարարի շուրջ։ Իր մոլուցքի պատճառով նա մեկ ժամվա ընթացքում կորցրել է փարիզյան իր ռեստորանը, սակայն հանձնվել չի պատրաստվում. խոհարարը պրոֆեսիոնալների թիմ է հավաքում եւ նոր բիզնես է սկսում։ Դերերում՝ Բրեդլի Կուպեր, Սիենա Միլլեր, Օսմար Սի, Դանիել Բրյուլ, Ումա Թուրման, Էմմա Թոմփսոն։

12.11 - «Արագություն. Ավտոբուս 657»

Պատմությունը մի հոր մասին է, ով բավարար գումար չունի, որպեսզի վճարի հիվանդ դստեր թանկարժեք բուժման համար։ Անելանելիությունը տղամարդուն ծայրահեղ որոշումների է դրդում՝ իր կոլեգայի հետ միասին նա որոշում է կողոպտել կազինոն։ Սակայն պլանը ձախողվում է, երբ անհայտ անձինք գերիներով լի ավտոբուս են առեւանգում։ Դերերում՝ Ջեֆրի Դին Մորգան, Ռոբերտ Դե Նիրո, Քեյթ Բոսուորթ, Դեյվ Բատիստա։

12.11- «33»/ The 33

Ֆիլմը հիմնված է ռեալ իրադարձությունների վրա եւ պատմում է չիլիացի հանքագործների մասին, ովքեր 69 օր գետնի տակ ծուղակում են հայտնվել։ Օրեր շարունակ փրկարարների ջոկատը, հանքագործների ընկերներն ու հարազատները օր ու գիշեր աշխատել են կենդանի թաղված մարդկանց հասնելու համար։ Դերերում՝ Անտոնիո Բանդերաս, Նաոմի Սքոթ, Ջեյմս Բրոլին, Ռոդրիգո Սանտորո, Ժյուլիետ Բինոշ։

19.11- «Քաղցած խաղերը. Ճայ-ծաղրողը։ Մաս II»/ The Hunger Games։ Mockingjay- Part 2

«Քաղցած խաղերը» սագայի վերջին մասում Քիթնիս Էվերդինն ու Փիթ Մելարքը կփորձեն հաղթել ինքնիշխան Կապիտոլիումի հետ քաղաքացիական պատերազմը։ Դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Էլիզաբեթ Բենքս, Լիամ Հեմսվորթ, Ջուլիանա Մուռ, Ջոշ Հաթչերսոն։

19.11- «Կարող եմ ամեն ինչ»/ Absolutely Anything

Մարդկությանը հերթական անգամ վտանգ է սպառնում՝ չար այլմոլորակայինները որոշել են ոչնչացնել Երկիր մոլորակը, սակայն վերջին պահին նրանք մոլորակին եւ նրա բնակիչներին վերջին հնարավորությունն են ընձեռում։ Եկվորները անհաջողակ ուսուցիչ Նիկ Քլարկին ցանկացած երազանք իրականացնելու ունակությամբ են օժտել։ Նա կարող էր հեշտությամբ վերջ դնել պատերազմին կամ վերակենդանացնել բոլոր ժամանակների հռչակավոր խելացիներին, սակայն ԱՄՆ նախագահ դառնալու կամ գեղեցկուհուն գայթակղելու ցանկությանը դիմադրելը բարդ խնդիր է։ Կփրկի՞ արդյոք Նիկը մոլորակը, թե կիրականացնի իր երազանքները։ Դերերում՝ Քեյթ Բիքենսեյլ, Սայմոն Փեգ, Ռոբին Ուիլյամս, Թերի Գիլիամ, Ջոաննա Լամլի, Ռոբ Գիլ։

19.11 - «Հայրերն ու դուստրերը»/ Fathers and Daughters

Ֆիլմի գործողությունը միանգամից 2 ժամանակահատված է ընդգրկում։ Պատմությունը սկսվում է անցյալում՝ հայտնի գրող, այրի ու հոգեկան խանգարումներով տառապող տղամարդը փորձում է մեծացնել իր 5-ամյա դստերը եւ չգժվել։ Տղամարդուն հաջողվել է կատարել պարտականությունները, սական աղջիկը ստիպված է հանդիպել սեփական սատանաներին։ Դերերում՝ Ամանդա Սեյֆրիդ, Ահարոն Փոլ, Ռասել Քրոու, Դիանա Քրյուգեր, Ջեյն Ֆոնդա, Քուավենժանե Ուոլիս։

19.11 - «Զինվոր զոհաբերելիս»/ Pawn Sacrifice

Դրաման պատմում է լեգենդար գրոսմայստեր Բոբի Ֆիշերի կյանքի մասին՝ խորհրդային շախմատիստ Բորիս Սպասկու հետ նրա առաջին լեգենդար խաղից սկսած։ Ռեզոնանսի առումով, այդ խաղը այն տարիների ամենակարեւոր սպորտային իրադարձություններից մեկն է դարձել։ Դերերում՝ Լիվ Շրայբեր, Փիթեր Սարսգաարդ, Թոբի Մագուայր։

19.11 - «Գաղտնիքը նրանց աչքերում»/ Secret in Their Eyes

Նոր թրիլլերի ֆինալը գրեթե հնարավոր չէ կռահել։ Ֆեդերալների ընկերական թիմի ուրախ կյանքը խախտում է մի սարսափելի ողբերգություն. հետաքննիչներից մեկի դուստրը դաժանաբար սպանվել է։ Հանցագործին հաջողվում է շատ շուտ ձերբակալել, սակայն փաստերն այնքան էլ բավարար չեն, այդ պատճառով նրան ստիպված ազատ են արձակում։ Սպանությունը երկար տարիներով մի քանի մարդու ճակատագիր է կապում։ Արդարադատությունը, վրեժը եւ սերը հնության ժամկետներ չունեն... Դերերում՝ Նիկոլ Քիդման, Ջուլիա Ռոբերտս, Չիվեթել Էջիոֆոր, Լինդոն Սմիթ, Մայքլ Քելլի։

26.11 - «Վիկտոր Ֆրանկենշթեյն»/ Victor Frankenstein

Ֆիլմի սցենարը գրվել է անգլիացի գրող Մերի Շելլիի 1831 թվականին գրած նույնանուն վեպի հիման վրա։ Սակայն, պատմությունը մի փոքր փոփոխության է ենթարկվել. այս անգամ դիտողը հայտնի սյուժեն տեսնելու է Վիկտոր Ֆրանկենշթեյնի օգնականի՝ Իգորի աչքերով։ Դերերում՝ Դենիել Ռեդկլիֆ, Էնդրյու Սքոթ, Ջեյմս ՄակԷվոյ, Չարլզ Դենս, Մարկ Գեյթիս։

26.11- «Մակբեթ»/ Macbeth

Գործողությունները ծավալվում են XI դարում։ Ֆիլմի գլխավոր հերոսը 3 վհուկների է հանդիպում, ովքեր նրան հռչակավոր ապագա են կանխատեսում՝ նա պետք է թագավոր դառնա։ Հենց այդ պահին տղամարդը գործող թագավոր Դունկանին սպանելու պլան է մշակում, որպեսզի զբաղեցնի նրա գահը։ Դերերում՝ Մայքլ Ֆասբենդեր, Մարիոն Կոտիյար, Էլիզաբեթ Դեբիկի, Դեվիդ Տյուլիս, Շոն Հարիս։

26.11 - «Մարդասպանը»/ Sicario

Թրիլլերի պատմության կենտրոնում կին-ոստիկանն է։ Նրան դժվար խնդիր է բաժին հասել՝ ամերիկա-մեքսիկական սահմանին 2 ռենջերներին ուղեկցել, ովքեր հետապնդում են նարկոբարոնին։ Սակայն, գլխավոր հերոսուհին չի էլ կասկածում, որ սահմանից այն կողմ ոչ մի օրենք չի գործում. այնտեղ իշխում են բռնությունն ու այլասերվածությունը։ Դերերում՝ Էմիլի Բլանտ, Բենիսիո Դել Տորո, Ջոշ Բրոլին, Ջոն Բեռնտալ, Ջեֆրի Դոնովան։

26.11 - «Մեզ պես դավաճանը»/ Our Kind of Traitor

Ֆիլմի կենտրոնում Օքսֆորդի ակադեմիկոսն է։ Երիտասարդ տղամարդը իր ընկերուհու հետ դեպի Անտիգուա հանգստի է մեկնում, որտեղ, իրադարձության առնչությամբ, զույգը ռուս միլիարդատիրոջ հետ է ծանոթանում։ Կղզու համասեփականատերը  զույգին նախաճաշի եւ թենիս խաղալու է հրավիրում, իսկ այնուհետեւ՝ տուրիստական ուղեւորության, որը զույգի համար բրիտանական հետախուզության հետ ծանոթությամբ է ավարտվելու... Դերերում՝ Էվան ՄակԳրեգոր, Նաոմի Հարիս, Ստելլան Սքարսգարդ, Դեմիեն Լյուիս, Ալիսիա ֆոն Ռիթբերգ։

ԴԻՏԵ՛Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30