No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱ՞Ն
ՉԵՆ ՄԵՐԺԻ, ԲԱՅՑ ԿԿԱՌՈՒՑԵ՞Ն
Հայաստանի
իշխանությունները պաշտոնապես հաստատում են այն տեղեկությունները, համաձայն որոնց՝
Ռուսաստանը մտադիր է Հայաստանի տարածքում (Մեղրիի մոտ) նավթավերամշակման գործարան
կառուցել: Առայժմ այս նախագիծն ընդամենը քննարկման փուլում է, բայց արդեն հայտնի
է, որ նախատեսվում է կառուցել տարեկան 7 միլիոն տոննա հզորությամբ գործարան: Ընդ
որում, միայն գործարանի կառուցումը կարժենա մոտ 1.7 միլիարդ դոլար: Եվս մեկ միլիարդ
դոլար կարժենան կոմունիկացիաները (Իրանից Հայաստան մտնող նավթամուղն ու երկաթգիծը):
Փաստորեն, նավթն Իրանից կմտնի Հայաստան, կվերամշակվի, իսկ պատրաստի արտադրանքը
երկաթուղով կվերադարձվի Իրանին:
Նախագծի վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում:
Ռուսաստանում, օրինակ, կարծիքներ կան, որ դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական
նախագիծ է, եւ զուտ տնտեսական առումով նման գործարան կառուցելն այնքան էլ նպատակահարմար
չէ: Հայաստանում նույնպես կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ Մեղրիում
նման գործարան կառուցելը էկոլոգիական լուրջ պրոբլեմներ կառաջացնի, բայց տնտեսական
լուրջ էֆեկտ չի ունենա, որովհետեւ շահույթի առյուծի բաժինը, բնականաբար, կստանա
«Գազպրոմը»: Ճիշտ է, նոր աշխատատեղեր կբացվեն, բայց ամեն դեպքում՝ էկոլոգիային
հասցված վնասն ավելի մեծ կլինի: Մյուսները՝ հակառակը, կարծում են, որ այդ նախագծի
իրականացումը փայլուն հեռանկարներ կբացի Հայաստանի առջեւ, հսկայական ներդրումներ
կլինեն, բյուջեն մեծ շահույթներ կստանա, բենզինի եւ դիզվառելիքի պրոբլեմը կլուծվի
եւ այլն: Ընդհանուր գծերով հասկանալի է նաեւ ծրագրի քաղաքական իմաստը: Իրանը ժամանակակից
նավթավերամշակման գործարանների խիստ կարիք ունի, բայց Ռուսաստանը չէր ցանկանա այդպիսի
գործարան կառուցել Իրանի տարածքում (ամերիկացիներին դա դուր չէր գա):
Բայց արդյո՞ք իրատեսական է այս ծրագիրը: Իսկ գուցե ռուսները հերթական անգամ «կո՞ւտ
են տալիս» Հայաստանին: Ցավոք, նման մտավախության համար բոլոր հիմքերը կան: Իսկ
պատճառը կարող է լինել հետեւյալը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը գնալով խորանում է, իսկ
միջազգային հանրությունը դրան զուգահեռ ուժեղացնում է ճնշումը Հայաստանի իշխանությունների
նկատմամբ՝ պահանջելով ղարաբաղյան հարցում զիջումների գնալ: Ընդ որում, Հայաստանում
արդեն սկսել են հասկանալ, որ այսպես երկար շարունակվել չի կարող, Հայաստանը պարզապես
չի դիմանա մեկուսացմանը (փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի խղճուկ «մեսիջներն»
ասվածի լավագույն ապացույցն են): Այլ կերպ ասած, ինչ-որ պահի Հայաստանը կարող է
տեղի տալ Արեւմուտքի ճնշումներին եւ խաղաղության համաձայնագիր ստորագրել, իսկ դա
ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանից բացի: Որովհետեւ եթե Հարավային Կովկասում խաղաղություն
հաստատվի, Ռուսաստանն այստեղ այլեւս անելիք չի ունենա. Հայաստանն էլ կհրաժարվի
ֆորպոստի դերից:
Եվ ահա այս իրավիճակում Ռուսաստանը Մեղրիում նավթավերամշակման գործարան կառուցելու
ակնարկներ է անում: Ասելիքն ըստ էության հետեւյալն է. «Հանգիստ մերժեք հակամարտության
կարգավորման բոլոր առաջարկները եւ մի վախեցեք, մենք ձեզ մեկուսացման մեջ չենք թողնի:
Միայն թե շարունակեք մնալ մեր ֆորպոստը»: Մի խոսքով, «քանի քեռին սաղ ա՝ էրեխեքը
պիտի շոկոլադ ուտեն»: Շոկոլադն, իհարկե, առայժմ միայն քննարկման փուլում է:
Այս գործելակերպն, ի դեպ, բնորոշ է ոչ միայն Ռուսաստանին: Օրինակ, 90-ականների
կեսերին, երբ որոշվում էր Բաքու-Ջեյհան նավթամուղի երթուղին, եւ վտանգ կար, որ
Հայաստանը կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրել ու նավթամուղն իր տարածքով
անցկացնել (իսկ դա ձեռնտու չէր Արեւմուտքին), արեւմտյան մասնագետները Հայաստանում
սարուձոր ընկած՝ նավթ էին փնտրում ու ժամանակ առ ժամանակ «հուսադրող» հայտարարություններ
անում: Ասելիքը նույնն էր. «Ախր նավթամուղը ձեր ինչի՞ն է պետք, որ հանուն դրա զիջումների
գնաք: Շարունակեք ձեր կոշտ դիրքորոշումը, թող նավթամուղը ձեր տարածքով չանցնի (ձեզ
մոտ ռուսական բազաներ կան), իսկ մենք ձեզ համար նավթ կգտնենք»: Հասկանալի է՝ նավթամուղի
երթուղու վերջնական որոշումից հետո Հայաստանում նավթ որոնելու աշխատանքները դադարեցվեցին:
Այնպես որ, դեռ հայտնի չէ՝ Մեղրիում նավթավերամշակման գործարան կկառուցվի՞, թե
ոչ: Կարեւորը՝ որ Հայաստանը չփորձի տնտեսական մեկուսացումից դուրս գալ ու շարունակի
կատարել ֆորպոստի իր դերը:
No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի