No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Ղարաբաղում անցկացված սոցհարցումների համաձայն, Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել հարցվածների 5.3 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանին՝ 1.3 տոկոսը:

«ՉԻ» - Փաստորեն, ղարաբաղցիների բախտը բերել է: Նրանց 94.7 տոկոսը չի ցանկացել Քոչարյանին տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում, ինչի արդյունքում էլ Քոչարյանը դարձել է Հայաստանի նախագահ: Ընդ որում, նախագահ է դարձել՝ Հայաստանում նույնպես ունենալով մոտավորապես նույն վարկանիշը (5, 3 տոկոս):

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա թող տպավորություն չստեղծվի, թե Ղարաբաղում նրան ավելի լավ են ճանաչում, դրա համար էլ այնտեղ նրա վարկանիշն ընդամենը 1.3 տոկոս է: Ամենեւին: Հայաստանում նրա վարկանիշը հազիվ թե ավելի բարձր լինի: Եվ այնուամենայնիվ, նա լրջորեն մտադիր է Հայաստանի նախագահ դառնալ եւ չի էլ թաքցնում իր հավակնությունները: Իսկ ի՞նչ է պատահել լայնամասշտաբ քարոզչությամբ ու զանազան «համապետական միջոցառումներով» վարկանիշը 1.3-ից կհասցնի 5.3 տոկոսի, իսկ մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է: Ընտրակեղծիքների տեխնիկայի մասին է խոսքը:

ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ

«Հայաստանում է գտնվում շարքային ռամկավար, ամերիկահայ Երվանդ Ազատյանը, որը տարիքի պատճառով տառապում է ռեգրադացիոն ամնեզիայով՝ շիզոֆրենիայի սուր հատկանիշներով արտահայտված», հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:

«ՉԻ» - Հիշեցնենք, որ ավելի վաղ սույն ջենտլմենը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին էլ «պահեստի համբալ» էր անվանել՝ ուրախության անմոռանալի պահեր պարգեւելով լրագրողներին: Ինչեւէ: Կարելի է չկասկածել, որ մոտ ապագայում նրա ընդդիմախոսները, պահպանելով բարեկրթության բոլոր նորմերը, կհայտարարեն, որ ֆինանսավորումից զրկված պրն Առաքելյանի մոտ ավիտամինոզի եւ թերսնումից առաջացած սոցիալական ագրեսիայի ակնհայտ ախտանշաններ են երեւում: Եվ պատկերացրեք՝ այս հույժ քաղաքակիրթ բանավեճը ճշգրտորեն կարտացոլի Հայաստանի ներքաղաքական պատկերը, որտեղ միմյանց «սամազվանեց» անվանող պատահական մարդիկ պարզապես փորձում են քաղաքական «հողի վրա» մի քիչ փող աշխատել:

առաջին էջ...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի