No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵՊՈՐՏԱԺ

ՉԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Հայկական բանակի 15-ամյակի առթիվ կազմակերպված տոնախմբությունները, մեղմ ասած, անցան բազմաթիվ տարօրինակություններով: Մարդիկ այդպես էլ չհասկացան՝ ի վերջո հունվարի 28-ին զինվորական շքերթ եղե՞լ է, թե՞ ոչ: Դատելով ամեն ինչից, շքերթ պիտի լիներ:

Հունվարի 27-ի ցերեկը Հանրապետության հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակված էին, ոստիկաններն էլ բացատրում էին, որ «պառադի փորձ ա», բայց այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 28-ին, ոչ մի կերպ «պառադ» անվանել չի կարելի: Դատարկ հրապարակով մի քանի տասնյակ զինվորներ անցան եւ վերջ: Նույնիսկ հեռուստաընկերությունները ոչինչ չցուցադրեցին՝ փոխարենը գերադասելով արխիվային կադրեր ցուցադրել սեպտեմբերի 21-ի շքերթից: Մի խոսքով, Սերժ Սարգսյանի «PR-ակցիայի» գագաթնակետը մթագնվեց: Թե ում պատճառով կամ հրահանգով՝ առայժմ հայտնի չէ:

Բայց ընդհանուր առմամբ, բանակի 15-ամյակի տոնախմբությունները, որպես այս իշխանությունների «PR-ակցիա», կարելի է հաջողված համարել: Դրան լավ էին նախապատրաստվել հատկապես հեռուստաընկերությունները: Բոլորը ռեպորտաժներ էին պատրաստել, որտեղ «ձեռի հետ» մի թեթեւ նշում էին, որ 1992թ. հունվարի 28-ին հրամանագիր է ստորագրվել բանակի ստեղծման մասին (հրամանագիրը, հասկանալի է, ինքն իրեն է ստորագրվել, կամ, ավելի ճիշտ, երկնքից հենց այդպես ստորագրված մի թուղթ է ընկել), եւ միայն հեռուստաընկերություններից մեկը խոսքի մեջ վախվորած նշեց, որ հրամանագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել: Հետո արդեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «հաղթական կերպարներն» էին՝ ահա նրանք արծվենի հայացքով զննում են հակառակորդի դիրքերը, ահա նրանք թփթփացնում են շարքային զինվորի ուսը եւ այլն:

Չէ, չէ, ամեն ինչ չափի մեջ էր: Մի անգամ նույնիսկ Վազգեն Սարգսյանին ցույց տվեցին: Ավելին՝ նրա խոսքից հատված մեջբերեցին: Այդ հատվածում նա պատմում էր, որ բանակ ստեղծելու հարցը քննարկել են չորս հոգով՝ սենյակում դրված վառարանի շուրջ: Այո, Վազգեն Սարգսյանի ելույթից այդ հատվածն էին ընտրել՝ ցուցադրելու համար: Իբր՝ տեսեք, այն ժամանակ եղած-չեղածը մի վառարան էր, իսկ հիմա տեսեք՝ ժամանակակից տանկեր, հրթիռներ, «եվրոռեմոնտով» կազարմաներ եւ այդ ամենի ֆոնին՝ Սերժ Սարգսյանի արծվենի պրոֆիլը:

Բայց զարմանալի բան՝ այս տարի մի երկու անգամ նույնիսկ Սամվել Բաբայանին ցույց տվեցին: Մեկ-երկու տարի առաջ մոնտաժն ավելի խնամքով էին անում: Համ էլ՝ իրավիճակը փոխվել է, հիմա Սամվել Բաբայանը նորից իրենց հետ է՝ տակտիկական նկատառումներով գործուղված ընդդիմության շարքերը: Այնպես որ, կարելի է նաեւ մի քանի կադր ցուցադրել: Բա հո անընդհատ բանասիրական կրթությամբ Սերժին չե՞ն ցուցադրելու՝ զինվորներին Հայաստանի անկախության 15-րդ «տարելիցի» առթիվ շնորհավորելիս:

Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին էր, թե հայկական բանակը նախկին իշխանությունների օրոք կազմված է եղել ցաքուցրիվ-անկազմակերպ ջոկատներից, ու հանկարծ ներկա իշխանությունների օրոք մի օրում դարձել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Ամեն ինչ սարքված էր հենց այդ տրամաբանությամբ. «Ահա անկազմակերպ ջոկատները (խամրած կադրեր), ահա Ռոբերտ Քոչարյանը, ահա այսօրվա հայկական բանակը (վառ գույներ, փողային նվագախմբի քայլերգ եւ այլն): Ընդ որում, որպեսզի խամրած կադրերը նայելիս մարդիկ հանկարծ «սխալ բաներ» չմտածեն, հանդիսավոր մի ձայն անընդհատ տեղեկացնում է, որ դրանք դաշնակցական ջոկատներ են:

Խնդիրն, իհարկե, հայկական բանակի անցած ուղու եւ հաղթանակների «հեղինակային իրավունքը» չէ: Հայկական բանակը ստեղծվել է բոլորիս ջանքերով: Խնդիրն այն է, որ չի կարելի անձնավորել այդ ամենը: Հասկանալի է, որ բանակ կարելի էր ստեղծել միայն պետականորեն, իսկ պետության հիմնադիրները կոնկրետ անձինք էին, բայց եթե այսօրվա իշխանությունները չեն ցանկանում այդ անձանց անունները տալ, գոնե պիտի իրենք իրենց մեյդան չգցեն: Ի վերջո, բանակի հրամանատարը պետության կողմից վարձված պաշտոնյա է: Այսինքն՝ մենք բոլորս փող ենք հավաքում եւ աշխատավարձ ենք տալիս Սերժ Սարգսյանին, որպեսզի նախարար աշխատի եւ ոչ թե բանակը օգտագործի որպես դեկորացիա՝ իր նախընտրական կլիպների համար:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

առաջին էջ...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի