No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ

Ժ Ա Ռ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարց. - Ի՞նչ է, Աթենքում, Ստամբուլում կամ Լոս Անջելեսո՞ւմ են նրանք իրենց տեր զգալու, Ամերիկան, Թուրքիան կամ Հունաստա՞նն են իրենց համար հայրենիք դարձնելու:

- Երբեք: Սոցիալ-քաղաքական մի փոքր վերուվարում, բնիկների մի խեթ հայացք՝ եւ նրանք միշտ կապած, միշտ պատրաստ իրենց ճամպրուկներին են նետվելու:

Հարց. - Բայց այսօրվա մեծ ժողովուրդները փոքր ժողովուրդներից են գոյացել, այդ բնիկները ընդամենը երեկվա եկվորներ են, այսօրվա եկվորները շատ թե քիչ խաղաղ երկրում վաղը հենց բնիկներ են լինելու:

- Այդ գուցե այդպես է, բայց գուցե եւ այդպես չէ: Կարծում եմ այնքան էլ այդպես չէ, բայց եթե նույնիսկ այդպես է՝ դա անստույգ ապագայի անունից շատ ստույգ հարձակում է որոշակի մարդկանց որոշակի մշակույթի վրա: Դա խաղաղ հարձակում կոչիր կամ կոչիր ագրեսիա, միեւնույն է: Մարդկության առջեւ այսօր ծառացած անլուծելի խնդիրները, որ Երկրի վրա դեռ գուցե թանկ նստեն, կուտակվել են նույն մարդկության երեկվա փոքրիկ վրիպումներից, մանրիկ անարդարություններից, աննշան սխալներից: Այս պահի հարցը եթե այսօր ձեռ ի խիղճ լուծենք՝ վաղվա սերնդի առջեւ միայն պապերի սխալները կլինեն: Ամերիկացի ֆանտաստը այդ մասին մի գողտրիկ պատմվածք ունի. «ժամանակի մեքենայով» անցյալ մտած ճանապարհորդը անզգուշաբար մի թիթեռ է տրորել այնտեղ անցյալում՝ եւ այստեղ ներկայում ընտրությունները պրեզիդենտական պուլտի ետեւն են անցըրել կատաղիների առաջնորդին:

Այսօր այստեղ, իմ ներկայությամբ մի բան տրորվում է, եւ հայ, սովետահայ գրողի իմ ողջ մարմինը ամոթից անասելիորեն ցավում է - խոսքն այս մասին է: Խայտառակություն է լինել այն տան որդին, որտեղից քո եղբայրները փախչում են, եւ փախչում են քո այն եղբայրները, որ հարյուրամյակներով կարոտի ու վերադարձի երգեր են ողբացել, եւ որոնց ճանապարհը հարյուրամյակներ շարունակ ու տարբեր երկրներով միշտ դեպի տուն է բերել: Ուզում եմ «օգնություն» ծղրտալ, բայց որեւէ մեկի փրկարար օգնությանը չեմ հավատում եւ լռում եմ, այլեւ կասկածում՝ թե ճակատագրով երեւի հենց այսպես է ծրագրավորված, որպեսզի խեղդիչ ու ցավեցնող իր կաղապարից «ազգային» իմ մարմինը «ապազգային» անցավ ազատության ձգտեր: Իր համամարդկային-համաշխարհային մասշտաբների մեջ դա գուցե եւ խելամիտ է, բայց, նորից եմ ասում. ինձ անասելի ցավ է պատճառում, որ ամբողջ Անդրկովկասով մեկ դատարկվում է հենց հայ գյուղը, ցամաքում է հենց հայոց լիճը, նվազում է հենց հայոց դպրոցը՝ հայոց 1500-ամյա դպրոցը, որ խամրում ու լքվում է հենց հայ մշակույթը՝ լեզուն իր բոլոր դրսեւորումներով, որ իմ մոր դասի ու իմ աղջկա հասակի կանայք, իրենց ամուսինների ու եղբայրների օրինակով, օղակ են դառնում ու կարտոֆիլ հավաքելու մեկնում հենց հայ գյուղերից. իրենց տներից հազարավոր վերստերով ու երկար ամիսներով հեռանում են այլ երկրամասեր, որտեղ հող ու ցանքս կա, հավաքող՝ ոչ. ի~նչ է, դա հեռավոր ԳՖՀ-ո՞ւմ էր լինելու, որպեսզի հրապարակագիր-միջնորդի մատնացույցով սկսեինք հասկանալ, որ օտարության մեջ թուրք լինելը ծանր է. կամ նրանք անպայմա՞ն ծանր ժամանակների ռուս էին լինելու, որ ռուս գրողների միջամտությամբ սկսեինք տեսնել, որ մեր կանանց մենք լիովին ու վերջնականապես ջախջախում ենք եւ որ դա հարձակում է մարդկային մեր կյանքի հենց հիմքի վրա. ո՛չ, նրանք հեռավոր Գերմանիայում չեն եւ պատերազմական հեռավոր ժամանակներում չեն. այդ ամբողջ դրաման ծավալվում է հենց իմ ժամանակ, հենց իմ շուրջը եւ ուղիղ իմ սրտի մոտ:

Հարց. - Ձեր խոսքը կուզենայիք այդ երեւույթներից որի՞ վրա մանրամասնել՝ դպրոցների՞, մշակույթի՞, լճի՞, գյուղերի ամայացմա՞ն... Գուցե այնուամենայնիվ հայ մշակույթի խամրելու մասին խոսեիք, այո՞:

- Մշակույթը՝ մշակույթ, եւ Մատենադարանն իմ ազգային հպարտությունն է, դպրոցը՝ դպրոց, որ նույնիսկ Դելյանովի արգելքի տակ եղել ու թաքուն գործել է, բայց ինձ համար ամենացավալին մեր հարձակումն է «կանանց հասարակության» վրա: Այդպիսի հարձակում մեր կողմից իհարկե չի եղել, մենք այդքան բարբարոս կամ անհաշվենկատ չենք, բայց ինչ արած, եթե մեր բոլոր նպատակների ու գործողությունների հետադարձ ուժը նրանց վրա է ընկնում, նրանց տունն ու ընտանիքն է խարխլում, նրանց իրենց է աղավաղում, նրանց փոքր «տիրույթների» վրա դրսեւորվում որպես ուղիղ հարձակում այդ «տիրույթների» վրա:

Մատենադարանը՝ Մատենադարան, բայց նրանք կենդանի մարդիկ են, իմ միտքը չի կտրվում այդ «կարտոֆիլագործներից»: Օտարության մեջ իրենց գիշեր-ցերեկների վարձը նրանք դրամով են առնում ու խանութները նետվում, որպեսզի տունդարձին վերավաճառեն ու իրենց տունուտեղը կարգի բերեն, կամ կարտոֆիլով՝ որպեսզի ահռելի երկրով մեկ թանկ շուկա գտնեն: Այսինքն մենք նրանց շուկա ենք հանում ու հարաբերել տալիս օրինապահ մարմիններին, հետո այդ աղջիկ-կինը, որ իմ նախապապի հետ գյուղի ու տոհմի հիմք է դարձել՝ ծնել ու սնել է, կթել ու մշակել է, մանել, գործել ու կարկատել է, սղոցի ծայրը բռնել է ամուսնու հետ, անտառապետի առջեւ հաց է դրել՝ իր թխած հացը, իր մերած մածունը, իր քաշած արաղը,-ունիվերսալ այդ մարդը ծնելու ու սնելու իր եզակի ժամանակը աշխատանքային որեւէ գաղութում նստած լրացնում է աշխատանքային շատ վատ արտահագուստ կարելով:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Այսօր եւ այստեղ», 1988թ.

առաջին էջ...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի