No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ՀԼԸ` ՀԵԼԵՔ ԸՍՏՈՒՑ

ՍԿՍՎՈ՞ՒՄ Է


Ջրհոսի ու նոր` վեցերորդ ռասայի ձեւավորման փուլ թեւակոխած աշխարհը չափից դուրս է «նրբանում» ֆիզիկական պլանում: Ասել ենք` Արմագեդոնը ընթանում է ընդերքում, հասկանալի լեզվով ասած` նավթի համար: Ընդերքի այդ պայքարն ուղեկցվում է «միջուկային» եւ «աստղային պատերազմների» «սպասելիքներով»:

Ճիշտ է, հետախույզ Պուտինն այս առումով աշխարհին չեկիստորեն անկեղծ խորհուրդ տվեց` Ջինը շշից դուրս չթողնել: Սակայն Ջինը արդեն շշից դուրս է, եւ այն էլ յոգերի ու բրահմաների Արեւելքում, ուր պետությունները այլեւս հարաբերվում են «կունդալինի», հասկանալի լեզվով ասած` քաղաքակրթությունների չկայացած երկխոսությունների «մակարդակում»:

Այսքա՞ն էլ «նուրբ» արեւելք, Պետրուխ

Այո, եռում է Արեւելքը` ոտից գլուխ: Այսպես երբեք չի եղել: Չխորանանք, թե Լիբանանում ինչ է կատարվում, Պաղեստինում` ինչ, թե ինչ մեծ վերադասավորությունների մեջ են մերձավորարեւելյան մյուս երկրները, ինչպես են այդ ամենին «հետեւում» ռուսական զենքով ու Պուտինով տոնակատարություն անող միջուկային երկիր Հնդկաստանը, էլ առավել` Իրան սիրող Չինաստանը: Չհիշենք նաեւ, թե ինչպես է նույն Արեւելքը դարձել մի խոր գերեզմանափոս, ուր դագաղ բռնած քայլելը պարզապես սովորական երեւույթ է, ողբացող մարդիկ` ոտի հետ գնացող անպետքություն, փողոցներից դիակներ հավաքելը` կենցաղային «անհրաժեշտություն»: Նշենք պարզապես երկու դետալ. Իրաքում իրանցիների անհապաղ ոչնչացման Բուշի հրամանն ու այս պահին Աֆղանստանով զբաղված ՆԱՏՕ-ի պարագան՝ որպես «պատկերի» ամբողջացում: Ավելացնելով, որ Պարսից ծոց մտած ամերիկյան միակ ավիակրին օրերս ընկերակցել են եւս երկուսը` լրասփռումով, որ ԱՄՆ-ն անակնկալ եւ միանգամից կռմբակոծի իրանյան 10 հազար օբյեկտ (էս մեկը հաստատ համապատասխանում է ամերիկյան արտիստությանն ու շոումենությանը):

Մի խոսքով, մերձավորարեւելյան գետնի տակ կատարվողն ավելին է, քան Բժեզինսկու գծագրած, ամերիկյան դոկտրինի վերածված` նավթային երկրների «փորատակը խառնելու», նավթը դեպ ԱՄՆ ուղղորդելու մեծ սպասելիքը: «Դոկտրինն», ինչպես երեւում է, վերահսկողությունից դուրս է եկել, եւ հրաշք պիտի լինի, որ ԱՄՆ-ին հաջողվի իրադարձությունները շրջել ի օգուտ իրեն. չեն օգնելու Պարսից ծոց մտած ավիակիրները, իրանյան ռմբակոծման ամերիկյան խելահեղ ծրագրերը, եթե հանկարծ ԱՄՆ-ը, որը կասկածվում է 2001-ին ինքն իր երկնաքերերը «ռմբակոծելու» մեջ, որպեսզի պատրվակ ունենա Իրաք ներխուժելու, իսկապես որոշի նման բան անել:

Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, էքսպերտների կարծիքն այս առումով այսօր կիսվում է (նախորդ տարի բոլորն անհավանական էին համարում ԱՄՆ հարձակումը): Նույն փորձագետներն այլեւս չեն բացառում «անշառ», օդա-ծովային հարվածը, որը Իրանին պարզապես հնարավորություն չի տա հակահարվածի:

Բայց եւ` հենց այստեղ է, որ Ջինը շշից դուրս կգա` հազար տեղից, թե Պուտինի ասած «աստղային պատերազմից» (Իրանը տիրապետում է նման զենքի), եւ թե մնացյալ` Իրանից «ծնված-սնված» Հըզբոլլահն ու Համասսը հո ձեռները ծալած չե՞ն նստելու սպասեն, թե ինչպես է օդ թռչում Իրանը. չէ՞ որ «օդի» իրենց հերթն է եկած լինելու:

Փորձագետները գտնում են, որ նման սցենարի կիրառման եւ դրա «վատթարագույն ելքի» դեպքում ԱՄՆ-ը կքաշվի հետ, կփակի երկիրն, ու կվայելի իր ինքնաբավությունը, քանզի օձն իր պորտով, Ալ-Քաիդան իր ինքնաթիռների թեւերով չի կարենա ոտք դնել «փակված» ԱՄՆ:

Գուցեեւ: Եւ որպես հնարավոր տարբերակ կարելի է եւ այս ամենը դիտարկել: Բայց հազիվ թե թրիլլերների ու սուր սյուժեների սիրահար ԱՄՆ-ը սրա բոլոր հետեւանքները հաշվարկած չլինի ու փորձի գնալ նման խելահեղության:

Հաշվել է հարգարժան ԱՄՆ-ը: Հաշվել, Պետրուխա: Եւ այս պահին ու առայժ փորձում է կենտրոնանալ Իրաքի, իսկ առավել ստույգ` նրա եռատման վրա: Բոլոր այդ սարսափ-տեսարաններն էլ նրա համար են, Պետրուխ, որ ԱՄՆ-ին խանգարողներ չլինեն, արեւելքցիքի գլուխը խառը լինի, ուշադրությունը կենտրոնացած` միմյանց «ջիհադի» վրա, որպեսզի սպիտակ ձեռնոցավոր, կուշտ ԱՄՆ-ը կարողանա մասնատման գործն արագ հորով-մորով անել:

Իսկ այդ ամենում դժվարագույն հարցը, սիրելի Պետրուխ, մնացել եւ մնում է, իհարկե, իրաքյան Քրդստանի ստեղծումը. ոչ միայն որ` նավթի հիմնական պաշարները հենց այնտեղ են, եւ բոլորն են ցանկանում արմագեդոնյան փայ-բաժին ունենալ այդ ընդերքից: Դժվար է հատկապես ԱՄՆ-ի «սոյուզնիկ» Թուրքիայի առումով:

Հայ ենք մենք, եղբայրներ, հայ ենք մենք

Ահա այս «գետնին» վրա էլ ծավալվեցին Դինքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Ասել ենք. հայկական գործոնի շահարկմամբ է նաեւ ԱՄՆ-ը փորձում հասնել իր նպատակին. Կոնգրեսում ցեղասպանության ճանաչում. հայ-թուրքական սահմանի բացում, հայերի «ցեղասպանության» խնդրով դեսպանի չուղարկում:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ այստեղ եւս ԱՄՆ-ի նկատմամբ հակազդեցություն եղավ: Թուրքիան «օդում» բռնեց իրեն նետված գնդակը, եւ մի քանի կետով. ա) հող պատրաստեց 301 բանաձեւից ձեռները լվալու, ԵՄ-ի ու աշխարհի աչքին բարի թուրք երեւալու համար (որ ձախ ձեռով կարենա Իրաքում շարժ կազմակերպել). բ) մասամբ լվաց Կիպրոսի խնդիրը, որն էլ նախապայման է նրա` ԵՄ անդամակցության (եւ որը տեղից շարժել նա առայժմ չի պատրաստվում), Հայաստանին առաջարկելով բարեկամություն, ինչու չէ` նաեւ սահմանի բացում. գ) դրանով իսկ Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման կասեցում (ԱՄՆ-նն էլ կընդառաջի` իրաքյան Քրդստանի գործերին Թուրքիայի չխառնվելու պայմանով. չէ` թող Թուրքիան մտածի):

Բայց, Պետրուխ, հասկանում ես, այստեղ բանն այն է, որ եթե անգամ Էրդողանը գնա ոչ թե Պոլսի Հայոց պատրիարքարան, այլ ելնի գա-հացադուլի նստի Քոչարյանի պալատի առաջ, ձեռին ունենալով` «բացել հայ-թուրքական սահմանը, ես հայ եմ, թե չէ` ինքնահրկիզվում եմ». քոչարյանական ռեժիմը երբեք ու երբեք չի բացելու այդ սահմանը, նախապայմաններով թե` «բեզ»:

Չես հասկանո՞ւմ, Պետրուխ:

«Հելեք ըստուց-գնացեք»

Չէ, սա Քոչարյանն Էրդողանին չի ասում: Ասել է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Բայց` Էրդողանին էլ կասի, հաստատ: Չկասկածես:

Այո, քոչարյանական ռեժիմը երբեք ու երբեք չի բացի հայ-թուրքական սահմանը: Որովհետեւ դա չի ցանկանում Ռուսաստանը: Չի ցանկանում նաեւ Իրանը: Չէ՞ որ այդպես Իրանը մեր միակ «դուռն» է` դեպ արտաքին աշխարհ: Իսկ ահա ԱՄՆ-ը մեր, մանավանդ Քոչարյանի սիրուն աչքերի համար չէ, որ ցանկանում է «բացել» այդ սահմանը, ուզում է տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանին էլ, Իրանին էլ: Ու հիմա մի պնդիր, Պետրուխ, թե հայ-իրանական գազամուղը չբացվեց, որովհետեւ Իրանը Վարդան Մինասիչին ասել է` չէ~. համաձայն չենք գազամուղը տաք ռուսներին: Ու դրա համար է «բացումը» տարվել-հասցվել մինչեւ մարտ (միք մոռանա` ԱՄՆ «սպասվելիք» հարձակումն Իրանի վրա ապրիլին է). հասկանալի է, որ լեզու են գտնելու «զմիմյանս» ռուսն ու պարսիկը:

Ու պատկերացնում ես, Պետ, այս ամենում ամենասարսափելին որն է. Քոչարյանի այդ պահվածքը ձեռնտու է նույնիսկ ամերիկացիքին: Բացվում է սահմանը, օքեյ` թուլանում է Իրանը, չէ, էլի օքեյ, ճնշում են գործադրում Թուրքիայի վրա ու «հանգիստ» ստեղծում Օջալանի երազած Քրդստանը:

Այ, սա է Քոչարյանի ֆենոմենը, Պետրուխ. նրա կունդալինը, բացի հայ ժողովրդին թունավորելուց, խիստ ձեռնտու է բոլորին` բազմակի օգտագործմամբ:

Խիստ ձեռնտու: Այնքան, որ Սենատը չհաստատեց «հայոց» դեսպանին, Բուշը չշրջանցեց Սենատի որոշումը, նոր դեսպան եւս չնշանակեց: Իսկ հայոց ընտրություններին մնացել է... չգիտենք, եղբայր Պետրուխա, ինչքան ժամանակ: Չգիտենք` ու վերջ: Որովհետեւ Քոչարյանը ոչ մի կերպ չի ստորագրում ընտրությունների անցկացնելու օրվա հրամանը (ասում են` պետք է այսօր կամ երեկ լիներ), չի հրավիրում դիտորդներ (փետրվարի սկզբին պետք է ԵԱՀԿ գնահատման խումբ գար` որոշելու, թե երկարաժամկետ եւ կարճաժամկետ ինչ դիտորդական առաքելություններ են «ղրկելու» Քոչարյանին «դիտելու»):

Իսկ գիտես, Պետ, ինչու չի ստորագրում. նախ` սպասում էր համանախագահները գան, տեսնի, որ նրանց ասում է` «հլը` ըստու~ց, ապե. ոչ մի բանակցություն, ոչ մի հանդիպում Ալիեւի հետ, ես «գնում» եմ ընտրությունների, սառեցնում-պասիվացնում եմ բոլորդ». ի՞նչ ռեակցիայի է արժանանում: Որովհետեւ ըստ լավատեղյակ աղբյուրների` Քոչարյանին չի լքում վախի սինդրոմը` խորհրդարանական ընտրությունների անկանխատեսելի ելքի, գունավոր (դրա համար են ճվճվում իշխանական լրատվամիջոցները ամերիկյան 6 մլն-ի վրա), անգույն (էս մեկը լինելու է Ռուսաստանից, եւ արդեն իսկ լուրեր կան, որ Ռուսաստանը գնում է դրան` ֆորս-մաժորի տեսքով. շարժ կա, եւ մենք դրան կանդրադառնանք առաջիկայում) հեղափոխությունների առիթով:

Այդ իսկ պատճառով էլ նախկին «օրակարգը» չի լքում Քոչարյանին. ինքը գնա՞ ֆորս-մաժորի, նախագահական ընտրությունները գցի առաջ, թե... Որովհետեւ բուն խորհրդարանական ընտրությունների ժամանակ դժվար կլինի «դվա վ ադնոմը» վոյինական վերահսկողության տակ պահել:

Այն, որ համանախագահներն առանց ասուլիս, սուս ու փուս «հելան ըստուց» ու գնացին (խոսակցություններ կան, որ հայտարարություն են ընդունելու այս երկու օրը), իսկ դրանից առաջ էլ «կպած» գնացին Լեռնային Ղարաբաղ ու այնտեղ երկու անգամ` մեկն օդանավակայանում, մյուսը` Ղուկասյանի հետ հանդիպումից հետո, ասուլիս տվեցին (հիշենք նաեւ, որ նախավերջին անգամ համակրելի Մեթը չէր եկել Հայաստան, գնացել էր Վաշինգտոն` կրկին Արկադիին հանդիպելու), ստացվում է, որ բաց տեքստով Քոչարյանին հասկացվում է` «դու էլ հլը` ըստուց, ապե»:

Բայց դիվանագիտական այդ «նոտաների» փոխանակումը շատ ավելի հստակ կդառնա Մերձավոր Արեւելքի խնդիրներին զուգահեռ: Նայած` ԱՄՆ-ը վերջապես ինչ կորոշի. ըստ այդմ էլ` «կկիրարկի» Քոչարյանին (եթե Ռուսիան արդեն «կիրառած» չլինի):

Ի դեպ, Մեթը հանդիպել է ընդդիմադիրների այն նույն ֆորմատին, ինչ Ջուլի Ֆինլին (ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը, որին Քոչարյանը չէր ընդունել), ինչպես նաեւ լիքը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների..

Մի մոռացեք` Մեթը վրացական հեղափոխության «հայրն» է. եւ կարողացավ մի քսան օրվա ընթացքում «վարդեր» ներմուծել Վրաստան` համապատասխան գործընթացի համար:

ՎԱՀԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ


առաջին էջ...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի