No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ՎԱՎԵՐԱԳԻՐ

«ՎԱՄՊԻՐՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ»


Մոջահետ-Հակոբ Հակոբյանը լիբանանահայ երիտասարդներին իր կողմը գրավելու համար օգտագործեց «հայ դատ» անունով հին խայծը եւ ստեղծեց ԱՍԱԼԱ անունով մի խումբ: Բայց շատ շուտով ԱՍԱԼԱՅԻ ներսում տարակարծություններ առաջացան, բոլորը չէ, որ կուրորեն պաշտպանում էին Մոջահետի ծայրահեղական գործելակերպը: 1983-ին ԱՍԱԼԱՆ պառակտվեց: Նրանից հեռացած Մոնթե Մելքոնյանը, Արա Թորանյանը եւ կույր ահաբեկչությունը մերժող նրանց համախոհները ստեղծեցին իրենց խումբը՝ ԱՍԱԼԱ-Հեղափոխական Շարժում անունով: ԱՍԱԼԱ-ՀՇ-ն իր պաշտոնաթերթում եւ հրապարակած գրքերում բացատրում էր ԱՍԱԼԱՅԻՑ անջատվելու շարժառիթները եւ Մոջահետի գործունեության իր համար մերժելի կողմերը:

ԱՍԱԼԱՅՈՒՄ «տիրող մթնոլորտը ծայրահեղ լարված էր ու լցված խորշանքով եւ ոչ մի դեպքում իսկական միջընկերային մթնոլորտ չեղավ: Որպեսզի ավելի բացարձակորեն իշխի անդամների վրա, Մոջահետը իսկական ստրուկի էր վերածում նրանց՝ անձնագրերն ու դրամը բռնագրավելով ու նամակագրությունը սահմանափակելով: Անդամները սովորաբար մեկուսացվում էին նրա անձնական բարեկամների ղեկավարության տակ գտնվող արաբ կազմակերպություններին պատկանող շենքերում: Այս մեկուսացման ընթացքում հատուկ որոշումով նրանք ենթարկվում էին ամենաաղքատ կյանքի պայմանների, այսպիսով այս անդամներն ուտելիքից եւ քնից զրկվում էին, որպեսզի մշտապես եւ ամբողջովին կախված լինեն Մոջահետից» (Մ. Մելքոնյան. «Իրականություն»):

Նորելուկ հայդատականների շռնդալից մուտքը «հայ ազատագրական շարժում»՝ մահու չափ վախեցրեց Դաշնակցությանը, որը ետ էր վարժվել սպանություններից, համարյա մարզավիճակը կորցնելու չափ: Թանկարժեք սմոկինգն ու հնչակների նախանձը շարժող վերջին մոդելի ավտոմեքենան դարձել էին Դաշնակցության՝ արդեն մարդամեջ մտնել սովորած առաջնորդների նոր իմիջի անհրաժեշտ տարրերը: Եկել էր վայելելու ժամանակը: Եվ հիմա, երբ թվում էր, թե «Հայ Դատը» վերջնականապես եւ անդառնալիորեն սեփականաշնորհված է, ԱՍԱԼԱՆ հանկարծ վիճարկում է Սփյուռքի վրա իշխելու Դաշնակցության մենաշնորհը: Սփյուռքահայերը բացեիբաց համակրանք ու հետաքրքրություն էին դրսեւորում ԱՍԱԼԱ անունով այդ նոր ու խորհրդավոր ուժի նկատմամբ: Դաշնակցության բիզնեսը վտանգված էր: Ձեռքերը ծալած սպասել ու ասպարեզը թողնել ԱՍԱԼԱՅԻՆ Դաշնակցությունը չէր կարող: «Հայ Դատի» դասականները ընդունեցին ճակատագրի մարտահրավերն ու արյունոտ մրցավազքի մեջ մտան հանդուգն սկսնակների հետ: Եվ հայ ժողովրդի համընդհանուր խանդավառության ներքո սկսվեց «մարդասպանական մոլեգնություն մը, որ չարդարանար...»:

Ավստրիա, Վիեննա, 22 հոկտեմբերի 1975

Սպանվեց թուրքական դեսպան Թանաիս Թոլանղիլը: Մարդասպանը կարողացավ թաքնվել:

Ֆրանսիա, Փարիզ, 2 օր անց

Այստեղ էլ կրակոցները «հաջող» էին, դեսպան Իսմայիլ Էրեսն ու նրա վարորդ Թալիբ Էները սպանվեցին: Եվ դարձյալ հանցագործները հասցրին փախչել:

Բայց «հետաքրքիրը» նույնիսկ հենց հանցագործությունները չեն, այլ այն, որ միաժամանակ երկու կազմակերպություններ փորձեցին իրենց վերցնել «սխրանքի փառքը»: ԱՍԱԼԱՅԻ «Հայաստան» պաշտոնաթերթից իմանում ենք, որ առաջին սպանությունը կատարել է ԱՍԱԼԱՅԻ «Պուլդուկյան» խումբը, իսկ երկրորդը՝ «Գուրգեն Յանիկյան» խումբը: Հետագայում սրտաշարժված Գուրգեն Յանիկյանը բանտից գրեց. «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի... Օրհնության եւ հաջողության համբույր եմ դրոշմում այդ բանակի (ԱՍԱԼԱՅԻ) բոլոր անդամների հպարտ դեմքերին»:

Բայց այս երկու ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնեց նաեւ «Հայ ցեղասպանության արդարության մարտիկներ» անունով մի «նոր» կազմակերպություն, որ «կը ձգտի ապահովել առավելաբար 1915-ի մեծ ցեղասպանության ճանաչումը: Այս կազմակերպության նպատակն էր ստիպել Անկարան, որ վերադարձնեն Թուրքիային կցված հայկական հին հողերը»: Իրականում, այս հնարովի ցուցակի տակ թաքնվում էր հենց Դաշնակցությունը: Թե նրանից որն է ստում, դժվար է ասել: Բոլոր դեպքերում, ցնծացող սփյուռքը կուտը կերավ ու ավելի լայն բացեց քսակները «ազգի հերոսների» համար: Հետագայում ԱՍԱԼԱՆ եւ Դաշնակցությունը հաճախ կդիմեն «պլագիատի» օգնությանը եւ կփորձեն մեկը մյուսից խլել «հաղթանակի դափնիները»:

Շարունակելի
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

առաջին էջ...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի