No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ԱՌԱՆՑ ՎԻԶԿԱՊԻ

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՄԵԿ ՕՐԸ

Հանրային հեռուստաընկերության եթերում կրկին «Պաշտոնյայի մեկ օրը» հաղորդաշարն է, եւ ձեզ հետ եմ ես՝ Նանարիկ Նանարիկյանս: Իսկ այսօրվա մեր հերոսը, ինքնին հասկանալի է, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է: Մարդ, ով իր ուսերին կրում է ոչ միայն սեփական գլուխը, այլեւ Հայաստանի զինված ուժերի, շախմատի ֆեդերացիայի, պետհամալսարանի, վառելիքի շուկայի եւ բազմաթիվ այլ ոլորտների բոլոր դժվարությունները:

Բայց նախարարի տրամադրությունն այսօր տոնական է: Աշխատասենյակ մտնելուն պես ժպտում է, մոտենում վարագույրներին եւ սկսում մեդալներ կպցնել: Այո, ամենայն հավանականությամբ, սա առանձնահատուկ վարագույր է եւ բացառիկ ծառայություններ է մատուցել հայոց բա... Ոչ: Բանից պարզվում է՝ նախարարը երեկոյան հանդիսություններին է նախապատրաստվում, եւ ինքն իր համար պլանային վարժանքներ է անցկացնում: Բայց ահա ներս է մտնում քատուղարուհին եւ զեկուցում, որ պարգեւատրվողների ցուցակը պատրաստ է: Ինքը վերցնում է թուղթը եւ ուշադիր նայում. «Վաչոյին՝ հասկանալի է, էս տղուն՝ արժի, ռեկլամնի պլակատներն ինքն ա սարքել, էս մեկն ով ա, վարսավի՞րս, հի-հի... հալալ ա, արժի, է՞ս ով ա, կազինոյի շվեյցարը չի՞: Սրան էլ արժի...»: Այո, մարտական շքանշաններ բաժանելու աշխատանքը ծանր է. դեռ պետք է բենզալցակայանների առավել աչքի ընկած «զապրավչիկներին» ու գովազդային տեսահոլովակներ նկարողներին նույնպես պարգեւատրել...

Ընդմիջման ժամանակ չկա: Նախարարը գրասեղանի դարակից հանում է շարքային զինվորի օրապահիկը (նա միշտ այդպես է ճաշում), բայց կրկին ներս է մտնում քարտուղարուհին, ալյումինից բաժակով թեյ մատուցում ու զեկուցում, որ բանակի օրվա առթիվ պետական գերատեսչությունների ղեկավարները մի քանի սիմվոլիկ նվերներ են ուղարկել: Ոսկե դաշույն, պլատինե լոմ (որը խորհրդանշում է բանակի ամրությունը), 75 հազար ադամանդներով զարդարված բազկաթոռ, արծաթե գնդացիր՝ զմրուխտե փամփուշտներով... «Բանակի մարտունակությունը միայն ֆինանսական միջոցներով չի որոշվում», պաթետիկ ձայնով արտասանում է նախարարն ու խորաթափանց հայացքը հառում դեպի հորիզոններն անծայրածիր... (Խոշոր պլանով՝ իմաստուն հայացքը: Պատկերը կամաց-կամաց աղոտանում է: Տիտրեր):

առաջին էջ...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի