«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N626 (ինտերնետային N788),
30 Հունվարի 2007 թ.
Նա, ով ծառայություն է մատուցում սրիկային, սխալվում է կրկնակի. նախ՝ օգնում է
նրան, ով արժանի չէ օգնության, իսկ երկրորդը՝ վտանգի է ենթարկում ինքն իրեն:
ՀԱՄԱՐԻ ԽՂՃՈՒԿՈՒԹՅՈՒՆԸ
Հունվարի 28-ին Հայոց բանակի 15-ամյակի առթիվ կազմակերպված կիսամիջոցառումների շրջանակներում տեղի ունցավ նաեւ կիսաշքերթ, ինչը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն իշխանական լծակների միայն կեսին է տիրապետում: Ընդ որում, երեւի դա զգացին նաեւ կիսաթեւ ամառային զգեստներով այս աղջիկները, ովքեր եկել էին բարձրացնելու տաք շինելներով ու մորթե փափախներով գեներալների մարտական ոգին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱ՞Ն
ՉԵՆ ՄԵՐԺԻ, ԲԱՅՑ ԿԿԱՌՈՒՑԵ՞Ն
Հայաստանի
իշխանությունները պաշտոնապես հաստատում են այն տեղեկությունները, համաձայն որոնց՝
Ռուսաստանը մտադիր է Հայաստանի տարածքում (Մեղրիի մոտ) նավթավերամշակման գործարան
կառուցել: Առայժմ այս նախագիծն ընդամենը քննարկման փուլում է, բայց արդեն հայտնի
է, որ նախատեսվում է կառուցել տարեկան 7 միլիոն տոննա հզորությամբ գործարան: Ընդ
որում, միայն գործարանի կառուցումը կարժենա մոտ 1.7 միլիարդ դոլար: Եվս մեկ միլիարդ
դոլար կարժենան կոմունիկացիաները (Իրանից Հայաստան մտնող նավթամուղն ու երկաթգիծը):
Փաստորեն, նավթն Իրանից կմտնի Հայաստան, կվերամշակվի, իսկ պատրաստի արտադրանքը
երկաթուղով կվերադարձվի Իրանին:
Նախագծի վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում:
Ռուսաստանում, օրինակ, կարծիքներ կան, որ դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական
նախագիծ է, եւ զուտ տնտեսական առումով նման գործարան կառուցելն այնքան էլ նպատակահարմար
չէ: Հայաստանում նույնպես կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ Մեղրիում
նման գործարան կառուցելը էկոլոգիական լուրջ պրոբլեմներ կառաջացնի, բայց տնտեսական
լուրջ էֆեկտ չի ունենա, որովհետեւ շահույթի առյուծի բաժինը, բնականաբար, կստանա
«Գազպրոմը»: Ճիշտ է, նոր աշխատատեղեր կբացվեն, բայց ամեն դեպքում՝ էկոլոգիային
հասցված վնասն ավելի մեծ կլինի: Մյուսները՝ հակառակը, կարծում են, որ այդ նախագծի
իրականացումը փայլուն հեռանկարներ կբացի Հայաստանի առջեւ, հսկայական ներդրումներ
կլինեն, բյուջեն մեծ շահույթներ կստանա, բենզինի եւ դիզվառելիքի պրոբլեմը կլուծվի
եւ այլն: Ընդհանուր գծերով հասկանալի է նաեւ ծրագրի քաղաքական իմաստը: Իրանը ժամանակակից
նավթավերամշակման գործարանների խիստ կարիք ունի, բայց Ռուսաստանը չէր ցանկանա այդպիսի
գործարան կառուցել Իրանի տարածքում (ամերիկացիներին դա դուր չէր գա):
Բայց արդյո՞ք իրատեսական է այս ծրագիրը: Իսկ գուցե ռուսները հերթական անգամ «կո՞ւտ
են տալիս» Հայաստանին: Ցավոք, նման մտավախության համար բոլոր հիմքերը կան: Իսկ
պատճառը կարող է լինել հետեւյալը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը գնալով խորանում է, իսկ
միջազգային հանրությունը դրան զուգահեռ ուժեղացնում է ճնշումը Հայաստանի իշխանությունների
նկատմամբ՝ պահանջելով ղարաբաղյան հարցում զիջումների գնալ: Ընդ որում, Հայաստանում
արդեն սկսել են հասկանալ, որ այսպես երկար շարունակվել չի կարող, Հայաստանը պարզապես
չի դիմանա մեկուսացմանը (փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի խղճուկ «մեսիջներն»
ասվածի լավագույն ապացույցն են): Այլ կերպ ասած, ինչ-որ պահի Հայաստանը կարող է
տեղի տալ Արեւմուտքի ճնշումներին եւ խաղաղության համաձայնագիր ստորագրել, իսկ դա
ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանից բացի: Որովհետեւ եթե Հարավային Կովկասում խաղաղություն
հաստատվի, Ռուսաստանն այստեղ այլեւս անելիք չի ունենա. Հայաստանն էլ կհրաժարվի
ֆորպոստի դերից:
Եվ ահա այս իրավիճակում Ռուսաստանը Մեղրիում նավթավերամշակման գործարան կառուցելու
ակնարկներ է անում: Ասելիքն ըստ էության հետեւյալն է. «Հանգիստ մերժեք հակամարտության
կարգավորման բոլոր առաջարկները եւ մի վախեցեք, մենք ձեզ մեկուսացման մեջ չենք թողնի:
Միայն թե շարունակեք մնալ մեր ֆորպոստը»: Մի խոսքով, «քանի քեռին սաղ ա՝ էրեխեքը
պիտի շոկոլադ ուտեն»: Շոկոլադն, իհարկե, առայժմ միայն քննարկման փուլում է:
Այս գործելակերպն, ի դեպ, բնորոշ է ոչ միայն Ռուսաստանին: Օրինակ, 90-ականների
կեսերին, երբ որոշվում էր Բաքու-Ջեյհան նավթամուղի երթուղին, եւ վտանգ կար, որ
Հայաստանը կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրել ու նավթամուղն իր տարածքով
անցկացնել (իսկ դա ձեռնտու չէր Արեւմուտքին), արեւմտյան մասնագետները Հայաստանում
սարուձոր ընկած՝ նավթ էին փնտրում ու ժամանակ առ ժամանակ «հուսադրող» հայտարարություններ
անում: Ասելիքը նույնն էր. «Ախր նավթամուղը ձեր ինչի՞ն է պետք, որ հանուն դրա զիջումների
գնաք: Շարունակեք ձեր կոշտ դիրքորոշումը, թող նավթամուղը ձեր տարածքով չանցնի (ձեզ
մոտ ռուսական բազաներ կան), իսկ մենք ձեզ համար նավթ կգտնենք»: Հասկանալի է՝ նավթամուղի
երթուղու վերջնական որոշումից հետո Հայաստանում նավթ որոնելու աշխատանքները դադարեցվեցին:
Այնպես որ, դեռ հայտնի չէ՝ Մեղրիում նավթավերամշակման գործարան կկառուցվի՞, թե
ոչ: Կարեւորը՝ որ Հայաստանը չփորձի տնտեսական մեկուսացումից դուրս գալ ու շարունակի
կատարել ֆորպոստի իր դերը:
ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Ղարաբաղում անցկացված սոցհարցումների համաձայն, Ռոբերտ Քոչարյանին
ԼՂՀ նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել հարցվածների 5.3 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանին՝
1.3 տոկոսը:
«ՉԻ» - Փաստորեն, ղարաբաղցիների բախտը բերել է: Նրանց 94.7 տոկոսը չի ցանկացել
Քոչարյանին տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում, ինչի արդյունքում էլ Քոչարյանը դարձել
է Հայաստանի նախագահ: Ընդ որում, նախագահ է դարձել՝ Հայաստանում նույնպես ունենալով
մոտավորապես նույն վարկանիշը (5, 3 տոկոս):
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա թող տպավորություն չստեղծվի, թե Ղարաբաղում
նրան ավելի լավ են ճանաչում, դրա համար էլ այնտեղ նրա վարկանիշն ընդամենը 1.3 տոկոս
է: Ամենեւին: Հայաստանում նրա վարկանիշը հազիվ թե ավելի բարձր լինի: Եվ այնուամենայնիվ,
նա լրջորեն մտադիր է Հայաստանի նախագահ դառնալ եւ չի էլ թաքցնում իր հավակնությունները:
Իսկ ի՞նչ է պատահել լայնամասշտաբ քարոզչությամբ ու զանազան «համապետական միջոցառումներով»
վարկանիշը 1.3-ից կհասցնի 5.3 տոկոսի, իսկ մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է: Ընտրակեղծիքների
տեխնիկայի մասին է խոսքը:
ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ
«Հայաստանում է գտնվում շարքային ռամկավար, ամերիկահայ Երվանդ
Ազատյանը, որը տարիքի պատճառով տառապում է ռեգրադացիոն ամնեզիայով՝ շիզոֆրենիայի
սուր հատկանիշներով արտահայտված», հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:
«ՉԻ» - Հիշեցնենք, որ ավելի վաղ սույն ջենտլմենը Ռուսաստանի հայերի միության
նախագահ Արա Աբրահամյանին էլ «պահեստի համբալ» էր անվանել՝ ուրախության անմոռանալի
պահեր պարգեւելով լրագրողներին: Ինչեւէ: Կարելի է չկասկածել, որ մոտ ապագայում
նրա ընդդիմախոսները, պահպանելով բարեկրթության բոլոր նորմերը, կհայտարարեն, որ
ֆինանսավորումից զրկված պրն Առաքելյանի մոտ ավիտամինոզի եւ թերսնումից առաջացած
սոցիալական ագրեսիայի ակնհայտ ախտանշաններ են երեւում: Եվ պատկերացրեք՝ այս հույժ
քաղաքակիրթ բանավեճը ճշգրտորեն կարտացոլի Հայաստանի ներքաղաքական պատկերը, որտեղ
միմյանց «սամազվանեց» անվանող պատահական մարդիկ պարզապես փորձում են քաղաքական
«հողի վրա» մի քիչ փող աշխատել:
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵՊՈՐՏԱԺ
ՉԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Հայկական բանակի 15-ամյակի առթիվ կազմակերպված տոնախմբությունները,
մեղմ ասած, անցան բազմաթիվ տարօրինակություններով: Մարդիկ այդպես էլ չհասկացան՝
ի վերջո հունվարի 28-ին զինվորական շքերթ եղե՞լ է, թե՞ ոչ: Դատելով ամեն ինչից,
շքերթ պիտի լիներ:
Հունվարի 27-ի ցերեկը Հանրապետության հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակված
էին, ոստիկաններն էլ բացատրում էին, որ «պառադի փորձ ա», բայց այն, ինչ տեղի ունեցավ
հունվարի 28-ին, ոչ մի կերպ «պառադ» անվանել չի կարելի: Դատարկ հրապարակով մի քանի
տասնյակ զինվորներ անցան եւ վերջ: Նույնիսկ հեռուստաընկերությունները ոչինչ չցուցադրեցին՝
փոխարենը գերադասելով արխիվային կադրեր ցուցադրել սեպտեմբերի 21-ի շքերթից: Մի
խոսքով, Սերժ Սարգսյանի «PR-ակցիայի» գագաթնակետը մթագնվեց: Թե ում պատճառով կամ
հրահանգով՝ առայժմ հայտնի չէ:
Բայց ընդհանուր առմամբ, բանակի 15-ամյակի տոնախմբությունները, որպես այս իշխանությունների
«PR-ակցիա», կարելի է հաջողված համարել: Դրան լավ էին նախապատրաստվել հատկապես
հեռուստաընկերությունները: Բոլորը ռեպորտաժներ էին պատրաստել, որտեղ «ձեռի հետ»
մի թեթեւ նշում էին, որ 1992թ. հունվարի 28-ին հրամանագիր է ստորագրվել բանակի
ստեղծման մասին (հրամանագիրը, հասկանալի է, ինքն իրեն է ստորագրվել, կամ, ավելի
ճիշտ, երկնքից հենց այդպես ստորագրված մի թուղթ է ընկել), եւ միայն հեռուստաընկերություններից
մեկը խոսքի մեջ վախվորած նշեց, որ հրամանագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել:
Հետո արդեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «հաղթական կերպարներն» էին՝ ահա
նրանք արծվենի հայացքով զննում են հակառակորդի դիրքերը, ահա նրանք թփթփացնում են
շարքային զինվորի ուսը եւ այլն:
Չէ, չէ, ամեն ինչ չափի մեջ էր: Մի անգամ նույնիսկ Վազգեն Սարգսյանին ցույց տվեցին:
Ավելին՝ նրա խոսքից հատված մեջբերեցին: Այդ հատվածում նա պատմում էր, որ բանակ
ստեղծելու հարցը քննարկել են չորս հոգով՝ սենյակում դրված վառարանի շուրջ: Այո,
Վազգեն Սարգսյանի ելույթից այդ հատվածն էին ընտրել՝ ցուցադրելու համար: Իբր՝ տեսեք,
այն ժամանակ եղած-չեղածը մի վառարան էր, իսկ հիմա տեսեք՝ ժամանակակից տանկեր, հրթիռներ,
«եվրոռեմոնտով» կազարմաներ եւ այդ ամենի ֆոնին՝ Սերժ Սարգսյանի արծվենի պրոֆիլը:
Բայց զարմանալի բան՝ այս տարի մի երկու անգամ նույնիսկ Սամվել Բաբայանին ցույց
տվեցին: Մեկ-երկու տարի առաջ մոնտաժն ավելի խնամքով էին անում: Համ էլ՝ իրավիճակը
փոխվել է, հիմա Սամվել Բաբայանը նորից իրենց հետ է՝ տակտիկական նկատառումներով
գործուղված ընդդիմության շարքերը: Այնպես որ, կարելի է նաեւ մի քանի կադր ցուցադրել:
Բա հո անընդհատ բանասիրական կրթությամբ Սերժին չե՞ն ցուցադրելու՝ զինվորներին Հայաստանի
անկախության 15-րդ «տարելիցի» առթիվ շնորհավորելիս:
Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին էր, թե հայկական բանակը նախկին իշխանությունների
օրոք կազմված է եղել ցաքուցրիվ-անկազմակերպ ջոկատներից, ու հանկարծ ներկա իշխանությունների
օրոք մի օրում դարձել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Ամեն ինչ սարքված
էր հենց այդ տրամաբանությամբ. «Ահա անկազմակերպ ջոկատները (խամրած կադրեր), ահա
Ռոբերտ Քոչարյանը, ահա այսօրվա հայկական բանակը (վառ գույներ, փողային նվագախմբի
քայլերգ եւ այլն): Ընդ որում, որպեսզի խամրած կադրերը նայելիս մարդիկ հանկարծ «սխալ
բաներ» չմտածեն, հանդիսավոր մի ձայն անընդհատ տեղեկացնում է, որ դրանք դաշնակցական
ջոկատներ են:
Խնդիրն, իհարկե, հայկական բանակի անցած ուղու եւ հաղթանակների «հեղինակային իրավունքը»
չէ: Հայկական բանակը ստեղծվել է բոլորիս ջանքերով: Խնդիրն այն է, որ չի կարելի
անձնավորել այդ ամենը: Հասկանալի է, որ բանակ կարելի էր ստեղծել միայն պետականորեն,
իսկ պետության հիմնադիրները կոնկրետ անձինք էին, բայց եթե այսօրվա իշխանությունները
չեն ցանկանում այդ անձանց անունները տալ, գոնե պիտի իրենք իրենց մեյդան չգցեն:
Ի վերջո, բանակի հրամանատարը պետության կողմից վարձված պաշտոնյա է: Այսինքն՝ մենք
բոլորս փող ենք հավաքում եւ աշխատավարձ ենք տալիս Սերժ Սարգսյանին, որպեսզի նախարար
աշխատի եւ ոչ թե բանակը օգտագործի որպես դեկորացիա՝ իր նախընտրական կլիպների համար:
ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ
Ժ Ա Ռ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարց. - Ի՞նչ է, Աթենքում, Ստամբուլում կամ Լոս Անջելեսո՞ւմ են նրանք իրենց
տեր զգալու, Ամերիկան, Թուրքիան կամ Հունաստա՞նն են իրենց համար հայրենիք դարձնելու:
- Երբեք: Սոցիալ-քաղաքական մի փոքր վերուվարում, բնիկների մի խեթ հայացք՝ եւ նրանք
միշտ կապած, միշտ պատրաստ իրենց ճամպրուկներին են նետվելու:
Հարց. - Բայց այսօրվա մեծ ժողովուրդները փոքր ժողովուրդներից են գոյացել, այդ
բնիկները ընդամենը երեկվա եկվորներ են, այսօրվա եկվորները շատ թե քիչ խաղաղ երկրում
վաղը հենց բնիկներ են լինելու:
- Այդ գուցե այդպես է, բայց գուցե եւ այդպես չէ: Կարծում եմ այնքան էլ այդպես չէ,
բայց եթե նույնիսկ այդպես է՝ դա անստույգ ապագայի անունից շատ ստույգ հարձակում
է որոշակի մարդկանց որոշակի մշակույթի վրա: Դա խաղաղ հարձակում կոչիր կամ կոչիր
ագրեսիա, միեւնույն է: Մարդկության առջեւ այսօր ծառացած անլուծելի խնդիրները, որ
Երկրի վրա դեռ գուցե թանկ նստեն, կուտակվել են նույն մարդկության երեկվա փոքրիկ
վրիպումներից, մանրիկ անարդարություններից, աննշան սխալներից: Այս պահի հարցը եթե
այսօր ձեռ ի խիղճ լուծենք՝ վաղվա սերնդի առջեւ միայն պապերի սխալները կլինեն: Ամերիկացի
ֆանտաստը այդ մասին մի գողտրիկ պատմվածք ունի. «ժամանակի մեքենայով» անցյալ մտած
ճանապարհորդը անզգուշաբար մի թիթեռ է տրորել այնտեղ անցյալում՝ եւ այստեղ ներկայում
ընտրությունները պրեզիդենտական պուլտի ետեւն են անցըրել կատաղիների առաջնորդին:
Այսօր այստեղ, իմ ներկայությամբ մի բան տրորվում է, եւ հայ, սովետահայ գրողի իմ
ողջ մարմինը ամոթից անասելիորեն ցավում է - խոսքն այս մասին է: Խայտառակություն
է լինել այն տան որդին, որտեղից քո եղբայրները փախչում են, եւ փախչում են քո այն
եղբայրները, որ հարյուրամյակներով կարոտի ու վերադարձի երգեր են ողբացել, եւ որոնց
ճանապարհը հարյուրամյակներ շարունակ ու տարբեր երկրներով միշտ դեպի տուն է բերել:
Ուզում եմ «օգնություն» ծղրտալ, բայց որեւէ մեկի փրկարար օգնությանը չեմ հավատում
եւ լռում եմ, այլեւ կասկածում՝ թե ճակատագրով երեւի հենց այսպես է ծրագրավորված,
որպեսզի խեղդիչ ու ցավեցնող իր կաղապարից «ազգային» իմ մարմինը «ապազգային» անցավ
ազատության ձգտեր: Իր համամարդկային-համաշխարհային մասշտաբների մեջ դա գուցե եւ
խելամիտ է, բայց, նորից եմ ասում. ինձ անասելի ցավ է պատճառում, որ ամբողջ Անդրկովկասով
մեկ դատարկվում է հենց հայ գյուղը, ցամաքում է հենց հայոց լիճը, նվազում է հենց
հայոց դպրոցը՝ հայոց 1500-ամյա դպրոցը, որ խամրում ու լքվում է հենց հայ մշակույթը՝
լեզուն իր բոլոր դրսեւորումներով, որ իմ մոր դասի ու իմ աղջկա հասակի կանայք, իրենց
ամուսինների ու եղբայրների օրինակով, օղակ են դառնում ու կարտոֆիլ հավաքելու մեկնում
հենց հայ գյուղերից. իրենց տներից հազարավոր վերստերով ու երկար ամիսներով հեռանում
են այլ երկրամասեր, որտեղ հող ու ցանքս կա, հավաքող՝ ոչ. ի~նչ է, դա հեռավոր ԳՖՀ-ո՞ւմ
էր լինելու, որպեսզի հրապարակագիր-միջնորդի մատնացույցով սկսեինք հասկանալ, որ
օտարության մեջ թուրք լինելը ծանր է. կամ նրանք անպայմա՞ն ծանր ժամանակների ռուս
էին լինելու, որ ռուս գրողների միջամտությամբ սկսեինք տեսնել, որ մեր կանանց մենք
լիովին ու վերջնականապես ջախջախում ենք եւ որ դա հարձակում է մարդկային մեր կյանքի
հենց հիմքի վրա. ո՛չ, նրանք հեռավոր Գերմանիայում չեն եւ պատերազմական հեռավոր
ժամանակներում չեն. այդ ամբողջ դրաման ծավալվում է հենց իմ ժամանակ, հենց իմ շուրջը
եւ ուղիղ իմ սրտի մոտ:
Հարց. - Ձեր խոսքը կուզենայիք այդ երեւույթներից որի՞ վրա մանրամասնել՝ դպրոցների՞,
մշակույթի՞, լճի՞, գյուղերի ամայացմա՞ն... Գուցե այնուամենայնիվ հայ մշակույթի
խամրելու մասին խոսեիք, այո՞:
- Մշակույթը՝ մշակույթ, եւ Մատենադարանն իմ ազգային հպարտությունն է, դպրոցը՝ դպրոց,
որ նույնիսկ Դելյանովի արգելքի տակ եղել ու թաքուն գործել է, բայց ինձ համար ամենացավալին
մեր հարձակումն է «կանանց հասարակության» վրա: Այդպիսի հարձակում մեր կողմից իհարկե
չի եղել, մենք այդքան բարբարոս կամ անհաշվենկատ չենք, բայց ինչ արած, եթե մեր բոլոր
նպատակների ու գործողությունների հետադարձ ուժը նրանց վրա է ընկնում, նրանց տունն
ու ընտանիքն է խարխլում, նրանց իրենց է աղավաղում, նրանց փոքր «տիրույթների» վրա
դրսեւորվում որպես ուղիղ հարձակում այդ «տիրույթների» վրա:
Մատենադարանը՝ Մատենադարան, բայց նրանք կենդանի մարդիկ են, իմ միտքը չի կտրվում
այդ «կարտոֆիլագործներից»: Օտարության մեջ իրենց գիշեր-ցերեկների վարձը նրանք դրամով
են առնում ու խանութները նետվում, որպեսզի տունդարձին վերավաճառեն ու իրենց տունուտեղը
կարգի բերեն, կամ կարտոֆիլով՝ որպեսզի ահռելի երկրով մեկ թանկ շուկա գտնեն: Այսինքն
մենք նրանց շուկա ենք հանում ու հարաբերել տալիս օրինապահ մարմիններին, հետո այդ
աղջիկ-կինը, որ իմ նախապապի հետ գյուղի ու տոհմի հիմք է դարձել՝ ծնել ու սնել է,
կթել ու մշակել է, մանել, գործել ու կարկատել է, սղոցի ծայրը բռնել է ամուսնու
հետ, անտառապետի առջեւ հաց է դրել՝ իր թխած հացը, իր մերած մածունը, իր քաշած արաղը,-ունիվերսալ
այդ մարդը ծնելու ու սնելու իր եզակի ժամանակը աշխատանքային որեւէ գաղութում նստած
լրացնում է աշխատանքային շատ վատ արտահագուստ կարելով:
ԱՆՀԱՅՐԵՆԻՔ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳԻ ՆԵՐՔՈ
Կիրակի օրը լրացավ հայոց ազգային բանակի 15 ամյակը: Տարին հոբելյանական
էր եւ թվում էր` գոնե այդ օրը մենք զերծ կմնանք կեղծ ապատեղեկատվության միջոցով
քաղաքական մանր ժուլիկություններից եւ խորամանկություններից: Մտածում էինք, որ
գոնե այդ օրը սեփական ազգի պատմության դեմ չմեղանչելու համար, կհնչեին այն անունները,
ովքեր այն ժամանակ սուղ եւ սահմանափակ հնարավորությունների պարագայում անգամ կարողացան
կազմավորել այն բանակը, որը շատ մոտ ապագայում պետք է դառնար մեր առաջին իրական
ու շոշափելի հաղթանակի առհավատչյան: Ավաղ, դարձյալ սխալվեցինք:
Այս տարի եւս իշխանությունները չդավաճանեցին իրենց որդեգրած քաղաքականությանը`
հավաքեցին կլանին` իրականացնելով բացառապես կլանային միջոցառումներ, պարգեւատրումներ
ու կերուխումեր: Հեռուստաէկրանի օրվա հերոսներն այդ օրը վերջին տարիներին թռփոշացած
մանր-մունր թափթփուկներն էին, բարոյական արժեքների հետ որեւէ առնչություն չունեցող
պետական չինովնիկները, ծախված արվեստագետներն ու մտավորականները եւ, իհարկե, գեներալիտետը:
Այսինքն, բանակի հոբելյանը հավաքել ու մեկտեղել էր բոլոր նրանց, ովքեր այսօր առանձին-առանձին
տեղական ֆեոդալներ են (գեներալները), իսկ միասին` իշխանությունների դուդուկի տակ
վեցնոցների նման ձայներ կեղծող, պետությունը լկտիաբար թալանողներ եւ դավաճանաբար
պետության դեգրադացումը իրականացնողներ: Իսկ հասարակությունն այդ օրը ապրեց մնացած
բոլոր օրերի նման սովորական` կենցաղային հոգսերից ու բարոյահոգեբանական աղճատված
մթնոլորտից զզված ու ընկճված: Տոնի զգացողությունն, ինչպես միշտ, բացակայում էր:
Նրանք, ովքեր կիրակի օրը շրջել են Երեւանի փողոցներով (դեռ չենք խոսում մոտիկ-հեռու
մարզերի մասին) եւ պատահաբար անցել Հանրապետության Հրապարակով, հաստատ կարող են
հավաստել, որ մառախուղոտ եւ ձնածածկ Երեւանում ոգեւորության եւ հպարտության զգացումի
նշույլ անգամ չկար: Բայց դե, հասարակությունը ջանդամ, կարեւորը` մեր բանակի «ամենամարտունակ»
նախարարի` Սերժ Սարգսյանի տրամադրության բարձր լինելն էր, այն էլ` ապահովված էր:
Այսպիսին էր հունվարի 28-ի իրականությունը:
Ինչ վերաբերում է այդ իրականությունն արտացոլողներին, այսինքն` էլեկտրոնային լրատվամիջոցներին
եւ, մասնավորապես` Հանրային հեռուստաընկերությանը, ապա պետք է ընդգծել, որ հունվարի
28-ի «Հայլուրի» կիրակնօրյա թողարկումը ամբողջացրեց օրվա մառազմն ու կեղտը: Թողարկման
առաջին իսկ րոպեներից կեղծիքը անմիջապես մտավ հազարավոր մարդկանց տները. «բանակի
օրը վերաճեց համաժողովրդական ամենապայծառ տոնակատարության» ազդարարեց լրագրողը`
մոռանալով, թե ի՞նչ կադրերի ներքո է այդ ամենը ազդարարում: Իսկ կադրում Սերժ Սարգսյանի
հրճված քայլքն էր` ձյան մեջ կորած Հանրապետության Հրապարակում: Եվ քանի որ հրապարակից
առանձնապես հարուստ կադրեր չկային, բնականաբար, ռեպորտաժի հաջորդ կադրերի ճոխությունն
ապահովվեց Օպերայի շենքում հավաքված «էլիտայի» հաշվին: Բանակաշինության մասին կիսագրագետ
հայերենով դիտարկումներ արեցին անհայտ ծագումով ռազմական պաշտոնյաներ, հավերժ իշխանությունների
հետ կարգախոսով իր ամբողջ կյանքն անիմաստ անցկացրած ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն
ու այլ «ծառայողներ»: Բայց «Հայլուրի» մեխը Սերժ Սարգսյանի ելույթն էր Օպերայի
ամբիոնից, որը պարոն նախարարը մատով հետեւելով տողառտող էր կարդում: «Ամենամարտունակ»,
«կայուն», «ազգային», «հզոր բանակ». այսպիսի գեղեցիկ բառերով Սերժ Ազատիչը շոյեց
յուրայինների ականջը: Սրան հաջորդեց այն, որ Սերժ Սարգսյանը բանակի հիմնի տակ սկսեց
պարել` ձեռքը բռունցք արած վերեւ թափահարելով: Ակնհայտ է, որ «Հայլուրի» ղեկավարությունը
մի պահ մոռացել էր, թե դեռ ո՞վ Է երկրի փաստացի նախագահը` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞...:
Հասկանալի է` Քոչարյանը հեռացող ֆիգուր է, բայց դե բանակի օրը եւս վերածել Սերժ
Սարգսյանի նախընտրական քարոզարշավի, համաձայնեք, առավել քան լկտիություն է:
Այսպիսին է մեր իրականությունը` ցինիկ ու անբարո: Այս իրականության մեջ կեղծվում
է ամեն ինչ` ընտրության արդյունքներից սկսած մինչեւ հայ ժողովրդի պատմությունը:
Կեղծում են ծառայամտորեն, ամեն քայլափոխի, իշխանության ու փողի համար ու հետո էլ
բարձրաձայնում պետության անվտանգության ու ազգի հարատեւության մասին: Պարոնայք
դահիճներ, մի ապականեք նորանկախ հանրապետության խորհրդանիշները, մի օգտագործեք
բանակը սեփական կարիքների համար, մի ստվերեք Շարժումն ու դրա արդյունքում ձեռքբերած
արժեքները: Դուք որեւէ կապ չունեք դրանց հետ, ձեր անելիքների ոլորտը խուժանություններն
ու քաղաքական սակարկություններն են:
ՀԼԸ` ՀԵԼԵՔ ԸՍՏՈՒՑ
ՍԿՍՎՈ՞ՒՄ Է
Ջրհոսի ու նոր` վեցերորդ ռասայի ձեւավորման փուլ թեւակոխած աշխարհը չափից դուրս
է «նրբանում» ֆիզիկական պլանում: Ասել ենք` Արմագեդոնը ընթանում է ընդերքում, հասկանալի
լեզվով ասած` նավթի համար: Ընդերքի այդ պայքարն ուղեկցվում է «միջուկային» եւ «աստղային
պատերազմների» «սպասելիքներով»:
Ճիշտ է, հետախույզ Պուտինն այս առումով աշխարհին չեկիստորեն անկեղծ խորհուրդ տվեց`
Ջինը շշից դուրս չթողնել: Սակայն Ջինը արդեն շշից դուրս է, եւ այն էլ յոգերի ու
բրահմաների Արեւելքում, ուր պետությունները այլեւս հարաբերվում են «կունդալինի»,
հասկանալի լեզվով ասած` քաղաքակրթությունների չկայացած երկխոսությունների «մակարդակում»:
Այսքա՞ն էլ «նուրբ» արեւելք, Պետրուխ
Այո, եռում է Արեւելքը` ոտից գլուխ: Այսպես երբեք չի եղել: Չխորանանք, թե Լիբանանում
ինչ է կատարվում, Պաղեստինում` ինչ, թե ինչ մեծ վերադասավորությունների մեջ են
մերձավորարեւելյան մյուս երկրները, ինչպես են այդ ամենին «հետեւում» ռուսական զենքով
ու Պուտինով տոնակատարություն անող միջուկային երկիր Հնդկաստանը, էլ առավել` Իրան
սիրող Չինաստանը: Չհիշենք նաեւ, թե ինչպես է նույն Արեւելքը դարձել մի խոր գերեզմանափոս,
ուր դագաղ բռնած քայլելը պարզապես սովորական երեւույթ է, ողբացող մարդիկ` ոտի հետ
գնացող անպետքություն, փողոցներից դիակներ հավաքելը` կենցաղային «անհրաժեշտություն»:
Նշենք պարզապես երկու դետալ. Իրաքում իրանցիների անհապաղ ոչնչացման Բուշի հրամանն
ու այս պահին Աֆղանստանով զբաղված ՆԱՏՕ-ի պարագան՝ որպես «պատկերի» ամբողջացում:
Ավելացնելով, որ Պարսից ծոց մտած ամերիկյան միակ ավիակրին օրերս ընկերակցել են
եւս երկուսը` լրասփռումով, որ ԱՄՆ-ն անակնկալ եւ միանգամից կռմբակոծի իրանյան 10
հազար օբյեկտ (էս մեկը հաստատ համապատասխանում է ամերիկյան արտիստությանն ու շոումենությանը):
Մի խոսքով, մերձավորարեւելյան գետնի տակ կատարվողն ավելին է, քան Բժեզինսկու գծագրած,
ամերիկյան դոկտրինի վերածված` նավթային երկրների «փորատակը խառնելու», նավթը դեպ
ԱՄՆ ուղղորդելու մեծ սպասելիքը: «Դոկտրինն», ինչպես երեւում է, վերահսկողությունից
դուրս է եկել, եւ հրաշք պիտի լինի, որ ԱՄՆ-ին հաջողվի իրադարձությունները շրջել
ի օգուտ իրեն. չեն օգնելու Պարսից ծոց մտած ավիակիրները, իրանյան ռմբակոծման ամերիկյան
խելահեղ ծրագրերը, եթե հանկարծ ԱՄՆ-ը, որը կասկածվում է 2001-ին ինքն իր երկնաքերերը
«ռմբակոծելու» մեջ, որպեսզի պատրվակ ունենա Իրաք ներխուժելու, իսկապես որոշի նման
բան անել:
Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, էքսպերտների կարծիքն այս առումով այսօր
կիսվում է (նախորդ տարի բոլորն անհավանական էին համարում ԱՄՆ հարձակումը): Նույն
փորձագետներն այլեւս չեն բացառում «անշառ», օդա-ծովային հարվածը, որը Իրանին պարզապես
հնարավորություն չի տա հակահարվածի:
Բայց եւ` հենց այստեղ է, որ Ջինը շշից դուրս կգա` հազար տեղից, թե Պուտինի ասած
«աստղային պատերազմից» (Իրանը տիրապետում է նման զենքի), եւ թե մնացյալ` Իրանից
«ծնված-սնված» Հըզբոլլահն ու Համասսը հո ձեռները ծալած չե՞ն նստելու սպասեն, թե
ինչպես է օդ թռչում Իրանը. չէ՞ որ «օդի» իրենց հերթն է եկած լինելու:
Փորձագետները գտնում են, որ նման սցենարի կիրառման եւ դրա «վատթարագույն ելքի»
դեպքում ԱՄՆ-ը կքաշվի հետ, կփակի երկիրն, ու կվայելի իր ինքնաբավությունը, քանզի
օձն իր պորտով, Ալ-Քաիդան իր ինքնաթիռների թեւերով չի կարենա ոտք դնել «փակված»
ԱՄՆ:
Գուցեեւ: Եւ որպես հնարավոր տարբերակ կարելի է եւ այս ամենը դիտարկել: Բայց հազիվ
թե թրիլլերների ու սուր սյուժեների սիրահար ԱՄՆ-ը սրա բոլոր հետեւանքները հաշվարկած
չլինի ու փորձի գնալ նման խելահեղության:
Հաշվել է հարգարժան ԱՄՆ-ը: Հաշվել, Պետրուխա: Եւ այս պահին ու առայժ փորձում է
կենտրոնանալ Իրաքի, իսկ առավել ստույգ` նրա եռատման վրա: Բոլոր այդ սարսափ-տեսարաններն
էլ նրա համար են, Պետրուխ, որ ԱՄՆ-ին խանգարողներ չլինեն, արեւելքցիքի գլուխը խառը
լինի, ուշադրությունը կենտրոնացած` միմյանց «ջիհադի» վրա, որպեսզի սպիտակ ձեռնոցավոր,
կուշտ ԱՄՆ-ը կարողանա մասնատման գործն արագ հորով-մորով անել:
Իսկ այդ ամենում դժվարագույն հարցը, սիրելի Պետրուխ, մնացել եւ մնում է, իհարկե,
իրաքյան Քրդստանի ստեղծումը. ոչ միայն որ` նավթի հիմնական պաշարները հենց այնտեղ
են, եւ բոլորն են ցանկանում արմագեդոնյան փայ-բաժին ունենալ այդ ընդերքից: Դժվար
է հատկապես ԱՄՆ-ի «սոյուզնիկ» Թուրքիայի առումով:
Հայ ենք մենք, եղբայրներ, հայ ենք մենք
Ահա այս «գետնին» վրա էլ ծավալվեցին Դինքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
Ասել ենք. հայկական գործոնի շահարկմամբ է նաեւ ԱՄՆ-ը փորձում հասնել իր նպատակին.
Կոնգրեսում ցեղասպանության ճանաչում. հայ-թուրքական սահմանի բացում, հայերի «ցեղասպանության»
խնդրով դեսպանի չուղարկում:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ այստեղ եւս ԱՄՆ-ի նկատմամբ հակազդեցություն եղավ:
Թուրքիան «օդում» բռնեց իրեն նետված գնդակը, եւ մի քանի կետով. ա) հող պատրաստեց
301 բանաձեւից ձեռները լվալու, ԵՄ-ի ու աշխարհի աչքին բարի թուրք երեւալու համար
(որ ձախ ձեռով կարենա Իրաքում շարժ կազմակերպել). բ) մասամբ լվաց Կիպրոսի խնդիրը,
որն էլ նախապայման է նրա` ԵՄ անդամակցության (եւ որը տեղից շարժել նա առայժմ չի
պատրաստվում), Հայաստանին առաջարկելով բարեկամություն, ինչու չէ` նաեւ սահմանի
բացում. գ) դրանով իսկ Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման կասեցում (ԱՄՆ-նն
էլ կընդառաջի` իրաքյան Քրդստանի գործերին Թուրքիայի չխառնվելու պայմանով. չէ` թող
Թուրքիան մտածի):
Բայց, Պետրուխ, հասկանում ես, այստեղ բանն այն է, որ եթե անգամ Էրդողանը գնա ոչ
թե Պոլսի Հայոց պատրիարքարան, այլ ելնի գա-հացադուլի նստի Քոչարյանի պալատի առաջ,
ձեռին ունենալով` «բացել հայ-թուրքական սահմանը, ես հայ եմ, թե չէ` ինքնահրկիզվում
եմ». քոչարյանական ռեժիմը երբեք ու երբեք չի բացելու այդ սահմանը, նախապայմաններով
թե` «բեզ»:
Չես հասկանո՞ւմ, Պետրուխ:
«Հելեք ըստուց-գնացեք»
Չէ, սա Քոչարյանն Էրդողանին չի ասում: Ասել է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Բայց`
Էրդողանին էլ կասի, հաստատ: Չկասկածես:
Այո, քոչարյանական ռեժիմը երբեք ու երբեք չի բացի հայ-թուրքական սահմանը: Որովհետեւ
դա չի ցանկանում Ռուսաստանը: Չի ցանկանում նաեւ Իրանը: Չէ՞ որ այդպես Իրանը մեր
միակ «դուռն» է` դեպ արտաքին աշխարհ: Իսկ ահա ԱՄՆ-ը մեր, մանավանդ Քոչարյանի սիրուն
աչքերի համար չէ, որ ցանկանում է «բացել» այդ սահմանը, ուզում է տարածաշրջանում
թուլացնել Ռուսաստանին էլ, Իրանին էլ: Ու հիմա մի պնդիր, Պետրուխ, թե հայ-իրանական
գազամուղը չբացվեց, որովհետեւ Իրանը Վարդան Մինասիչին ասել է` չէ~. համաձայն չենք
գազամուղը տաք ռուսներին: Ու դրա համար է «բացումը» տարվել-հասցվել մինչեւ մարտ
(միք մոռանա` ԱՄՆ «սպասվելիք» հարձակումն Իրանի վրա ապրիլին է). հասկանալի է, որ
լեզու են գտնելու «զմիմյանս» ռուսն ու պարսիկը:
Ու պատկերացնում ես, Պետ, այս ամենում ամենասարսափելին որն է. Քոչարյանի այդ պահվածքը
ձեռնտու է նույնիսկ ամերիկացիքին: Բացվում է սահմանը, օքեյ` թուլանում է Իրանը,
չէ, էլի օքեյ, ճնշում են գործադրում Թուրքիայի վրա ու «հանգիստ» ստեղծում Օջալանի
երազած Քրդստանը:
Այ, սա է Քոչարյանի ֆենոմենը, Պետրուխ. նրա կունդալինը, բացի հայ ժողովրդին թունավորելուց,
խիստ ձեռնտու է բոլորին` բազմակի օգտագործմամբ:
Խիստ ձեռնտու: Այնքան, որ Սենատը չհաստատեց «հայոց» դեսպանին, Բուշը չշրջանցեց
Սենատի որոշումը, նոր դեսպան եւս չնշանակեց: Իսկ հայոց ընտրություններին մնացել
է... չգիտենք, եղբայր Պետրուխա, ինչքան ժամանակ: Չգիտենք` ու վերջ: Որովհետեւ Քոչարյանը
ոչ մի կերպ չի ստորագրում ընտրությունների անցկացնելու օրվա հրամանը (ասում են`
պետք է այսօր կամ երեկ լիներ), չի հրավիրում դիտորդներ (փետրվարի սկզբին պետք է
ԵԱՀԿ գնահատման խումբ գար` որոշելու, թե երկարաժամկետ եւ կարճաժամկետ ինչ դիտորդական
առաքելություններ են «ղրկելու» Քոչարյանին «դիտելու»):
Իսկ գիտես, Պետ, ինչու չի ստորագրում. նախ` սպասում էր համանախագահները գան, տեսնի,
որ նրանց ասում է` «հլը` ըստու~ց, ապե. ոչ մի բանակցություն, ոչ մի հանդիպում Ալիեւի
հետ, ես «գնում» եմ ընտրությունների, սառեցնում-պասիվացնում եմ բոլորդ». ի՞նչ ռեակցիայի
է արժանանում: Որովհետեւ ըստ լավատեղյակ աղբյուրների` Քոչարյանին չի լքում վախի
սինդրոմը` խորհրդարանական ընտրությունների անկանխատեսելի ելքի, գունավոր (դրա համար
են ճվճվում իշխանական լրատվամիջոցները ամերիկյան 6 մլն-ի վրա), անգույն (էս մեկը
լինելու է Ռուսաստանից, եւ արդեն իսկ լուրեր կան, որ Ռուսաստանը գնում է դրան`
ֆորս-մաժորի տեսքով. շարժ կա, եւ մենք դրան կանդրադառնանք առաջիկայում) հեղափոխությունների
առիթով:
Այդ իսկ պատճառով էլ նախկին «օրակարգը» չի լքում Քոչարյանին. ինքը գնա՞ ֆորս-մաժորի,
նախագահական ընտրությունները գցի առաջ, թե... Որովհետեւ բուն խորհրդարանական ընտրությունների
ժամանակ դժվար կլինի «դվա վ ադնոմը» վոյինական վերահսկողության տակ պահել:
Այն, որ համանախագահներն առանց ասուլիս, սուս ու փուս «հելան ըստուց» ու գնացին
(խոսակցություններ կան, որ հայտարարություն են ընդունելու այս երկու օրը), իսկ
դրանից առաջ էլ «կպած» գնացին Լեռնային Ղարաբաղ ու այնտեղ երկու անգամ` մեկն օդանավակայանում,
մյուսը` Ղուկասյանի հետ հանդիպումից հետո, ասուլիս տվեցին (հիշենք նաեւ, որ նախավերջին
անգամ համակրելի Մեթը չէր եկել Հայաստան, գնացել էր Վաշինգտոն` կրկին Արկադիին
հանդիպելու), ստացվում է, որ բաց տեքստով Քոչարյանին հասկացվում է` «դու էլ հլը`
ըստուց, ապե»:
Բայց դիվանագիտական այդ «նոտաների» փոխանակումը շատ ավելի հստակ կդառնա Մերձավոր
Արեւելքի խնդիրներին զուգահեռ: Նայած` ԱՄՆ-ը վերջապես ինչ կորոշի. ըստ այդմ էլ`
«կկիրարկի» Քոչարյանին (եթե Ռուսիան արդեն «կիրառած» չլինի):
Ի դեպ, Մեթը հանդիպել է ընդդիմադիրների այն նույն ֆորմատին, ինչ Ջուլի Ֆինլին (ԵԱՀԿ-ում
ԱՄՆ դեսպանը, որին Քոչարյանը չէր ընդունել), ինչպես նաեւ լիքը հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների..
Մի մոռացեք` Մեթը վրացական հեղափոխության «հայրն» է. եւ կարողացավ մի քսան օրվա
ընթացքում «վարդեր» ներմուծել Վրաստան` համապատասխան գործընթացի համար:
ՀՐԱՊԱՐԱԿ
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Պատվով, արժանապատվությամբ, ազգովի տոնեցինք Հայոց բանակի 15-ամյա
տարեդարձը: Փառք մեր բանակին, բարի հիշատակ ազատության ճանապարհին ընկած ամեն մի
զինվորի, ամեն մի կամավորականի: Նաեւ սթափեցում բոլոր նրանց, ովքեր կորցրել են
պատմական հիշողությունը եւ փորձում են հաղթանակի դափնիների տիրանալ, ամեն մի բնակավայրի
ազատագրում կապել իրենց անվան հետ: Սովոր ենք, էդպես էլ կլինի: Սակայն էդ մասին
չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարիդ փորձում է անհանգստացնել հայ ժողովրդի փառապանծ
զավակ, կամավորական, զինվոր ու հրամանատար, փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի ճակատագրով
մտահոգ գրողը: Եվ ոչ միայն նրա: Նաեւ Ժիրայրին իր ազնիվ սխրանքներով, հայապաշտությամբ
երբեք չզիջող Վարդան Մալխասյանի ճակատագրով է մտահոգ գրողը: Հենց դրա համար եմ
դիմում Ձեզ:
Ես չեմ ուզում կասկածել, թե ինչ պայմաններում են սպանվել Արթուր Մկրտչյանը, Մոնթեն,
Աշոտ Ղուլյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Նորիկ Դանիելյանը եւ ոչ քչերը: Հիմա չեմ էլ
ցանկանում Ձեզ ներկայացնել ազգային հպարտություն հանդիսացող Ժիրայր Սեֆիլյանի եւ
Վարդան Մալխասյանի ամբողջական դիմանկարը, որը նաեւ հնարավոր չէ. նրանք արժանի են
վիպական ստեղծագործության, կինոերկի, գեղարվեստական վավերագրության: Մտահոգ եմ
սաստիկ. էդ ո՞ր աթոռապաշտի, ճիվաղի մտքով անցավ, որ ընտրությունների նախաշեմին
զգետնեն ու զնդանեն Սեֆիլյանին, Մալխասյանին: Ո՞ր մեղքի համար. ազատատենչությա՞ն,
արցախասիրությա՞ն, հայասիրությա՞ն...
Ես ասել ու գրել եմ, որ կամավորագրվում եմ Սեֆիլյանի գաղափարներին, նրան ճանաչում
եմ որպես հրամանատար: Ես մտահոգ եմ նրա ճակատագրով, առողջությամբ, ինչպես նա է
ամբողջ 16 տարի մտահոգ եղել իր զինվորների ճակատագրով: Նաեւ զինվորի նահատակվելուց
հետո` նրա ընտանիքով: Ժիրայր Սեֆիլյանը ազգային մեծագույն արժեք է: Գիտե իր ազատագրած
ու դեռ ազատագրելիք հողի գինը: Նա հայրենիք փրկող ու հայրենիք կերտող մտավորական
զինվորական է, եզակի, Աստծո տված, եւ ոչ այնպիսին, որ արժանանա ծուռ քամահրանքի`
թե Սեֆիլյանը «հազարներից մեկն է»:
Պարոն գլխավոր հրամանատար: Բեյրութից Երեւան, իր որդու տուն է եկել հերոս Ժիրայրի
մայրը: Եկել է, որ խնամի իր Վահագն թոռանը` Ժիրայրի երկրորդ զավակին: Մեծագույն
առիթ է, որ Ձեր հրավերին արժանանա տիկին Հռիփսիմեն` հերոս զավակ ծնած ու դաստիարակած
հայուհին: Նաեւ Ժիրայրի մեծ եղբայրը` Թորոսն է այստեղ: Ձեր վարկը, անշուշտ, կբարձրանա,
եթե նրանց ընդունեիք, թեկուզ ասեիք դառը ճշմարտությունը. թե այդ ո՞ր մեղքի համար
է Ժիրայրը ձերբակալվել:
Ես չգիտեմ, թե ինչով են զբաղվում եւ ինչ խորհուրդներ են տալիս Ձեզ Ձեր խորհրդականները,
որոնց միասին կարելի է կոչել Գառնիկ Իսագուլյան: Նրանք Ձեզ պիտի ասեին, որ խայտառակություն
է Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին անգամ կասկածանքով նայելը, նրանց ասած-չասած
խոսքերի մեջ վտանգ տեսնելը, էլ ո՞ւր մնաց վայրագաբար, թուրքաբարո առեւանգելը: Դուք
անծանոթ մեկը չեք Արցախյան պատերազմի կամավորականների անցած մարտական ուղուն: Դուք
բոլորից լավ կարող եք հասկանալ, թե ինչ են անում այսօրվա խեղկատակները, հացկատակները,
պաշտոնաշահ իշխանավորները, իրենց սիրամարգի նման փետրազարդողները, որոնք հայրենանվիրյալների,
ազատամարտիկների դեմ դռներ են փակում, նրանց շարժումի ու ասած-չասած խոսքերի մեջ
տեսնում վտանգ ու սպառնալիք: Չեմ ուզում Ձեզ հիշեցնել, թե ինչպես Բուդապեշտում
հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարող ադրբեջանցին հերոսացավ իր ժողովրդի աչքում
ու հոգում, իսկ «Շուշիի Ժիրոն» ու տասնյակ սրբավայրերի ու ճակատամարտերի, ինքնապաշտպանական
կռիվների փառապանծ հրամանատարը արժանանում է հայադավների ծաղրին: Շատերը, նաեւ
Դուք, ինչպես պիտի նայեք հայ ժողովրդի, հենց Սփյուռքի աչքերին: Հայրենիք փրկողը,
հայրենիք կերտողը, հայրենիքում զավակ ունեցողը, ո~վ ծաղր, երկու անգամ մերժվել
է, չի դարձել Հայաստանի քաղաքացի: Ինչ մեծապատիվ քաղաքացիներ են վերջին տարիներին
աճած օլիգարխները, հարստահարողները, հայ ժողովրդին, հարյուր հազարավոր քաղաքացիներին
իրենց տուն ու տեղից, իրենց հող-հայրենիից աշխարհասփյուռ դարձնող իշխանավորները:
Վերադառնանք մեր ասելիքին. հայրենիքին կամավորագրվածը, բարձրաստիճան զինվորականը,
հայրենապաշտ Ժիրայր Սեֆիլյանը, եթե մեղքի բաժին ունի, եթե հանցանք է թույլ տվել,
փորձեք համոզիչ, արդարորեն պատժել նրան: Վերջում` մեղքը դատարանի վզին: Ես ինձ
համարում եմ քաջն ազատամարտիկ, ազգային պարծանք ու հպարտություն Ժիրայր Սեֆիլյանի
զինվորը ու պատրաստ եմ նրա հետ կրել նրան հասանելիք ամեն մի պատիժ` ամիսների, տարիների
բանտարկությունից մինչեւ... ինչ որ կթելադրեն «անկախ դատարանին»: Կամակատար մեր
դատավորներից ու անօրենք դատաստանագրքերից ամեն ինչ սպասելի է: Նույնն ասում եմ
Վարդան Մալխասյանի պարագայում: Երկուսի բաժին ճակատագիրն էլ կիսում եմ: Եվ ամեն
պահ պատրաստ եմ որոշ ժամանակով «սեփականաշնորհել» մեղադրյալի աթոռը: Ուրիշ ոչ մի
սեփականություն չունեմ: Ունեմ կործանվող, ամեն օր ավերվող հայրենիք եւ հայրենիքի
փրկության համար զինվորագրված առյուծասիրտ քաջորդիներ: Սթափվեք, եւ Դուք էլ հպարտացեք
Արցախն ու Հայաստանը փրկող հազարավոր զինվորներով, այդ թվում Ժիրայր Սեֆիլյանով
ու Վարդան Մալխասյանով: Արթնացեք, պարոն գլխավոր հրամանատար եւ արթնացրեք խիղճը
աճուրդի հանած Ձեր ենթականերին:
ՎԱՎԵՐԱԳԻՐ
«ՎԱՄՊԻՐՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ»
Մոջահետ-Հակոբ Հակոբյանը լիբանանահայ երիտասարդներին իր կողմը գրավելու համար
օգտագործեց «հայ դատ» անունով հին խայծը եւ ստեղծեց ԱՍԱԼԱ անունով մի խումբ: Բայց
շատ շուտով ԱՍԱԼԱՅԻ ներսում տարակարծություններ առաջացան, բոլորը չէ, որ կուրորեն
պաշտպանում էին Մոջահետի ծայրահեղական գործելակերպը: 1983-ին ԱՍԱԼԱՆ պառակտվեց:
Նրանից հեռացած Մոնթե Մելքոնյանը, Արա Թորանյանը եւ կույր ահաբեկչությունը մերժող
նրանց համախոհները ստեղծեցին իրենց խումբը՝ ԱՍԱԼԱ-Հեղափոխական Շարժում անունով:
ԱՍԱԼԱ-ՀՇ-ն իր պաշտոնաթերթում եւ հրապարակած գրքերում բացատրում էր ԱՍԱԼԱՅԻՑ անջատվելու
շարժառիթները եւ Մոջահետի գործունեության իր համար մերժելի կողմերը:
ԱՍԱԼԱՅՈՒՄ «տիրող մթնոլորտը ծայրահեղ լարված էր ու լցված խորշանքով եւ ոչ մի դեպքում
իսկական միջընկերային մթնոլորտ չեղավ: Որպեսզի ավելի բացարձակորեն իշխի անդամների
վրա, Մոջահետը իսկական ստրուկի էր վերածում նրանց՝ անձնագրերն ու դրամը բռնագրավելով
ու նամակագրությունը սահմանափակելով: Անդամները սովորաբար մեկուսացվում էին նրա
անձնական բարեկամների ղեկավարության տակ գտնվող արաբ կազմակերպություններին պատկանող
շենքերում: Այս մեկուսացման ընթացքում հատուկ որոշումով նրանք ենթարկվում էին ամենաաղքատ
կյանքի պայմանների, այսպիսով այս անդամներն ուտելիքից եւ քնից զրկվում էին, որպեսզի
մշտապես եւ ամբողջովին կախված լինեն Մոջահետից» (Մ. Մելքոնյան. «Իրականություն»):
Նորելուկ հայդատականների շռնդալից մուտքը «հայ ազատագրական շարժում»՝ մահու չափ
վախեցրեց Դաշնակցությանը, որը ետ էր վարժվել սպանություններից, համարյա մարզավիճակը
կորցնելու չափ: Թանկարժեք սմոկինգն ու հնչակների նախանձը շարժող վերջին մոդելի
ավտոմեքենան դարձել էին Դաշնակցության՝ արդեն մարդամեջ մտնել սովորած առաջնորդների
նոր իմիջի անհրաժեշտ տարրերը: Եկել էր վայելելու ժամանակը: Եվ հիմա, երբ թվում
էր, թե «Հայ Դատը» վերջնականապես եւ անդառնալիորեն սեփականաշնորհված է, ԱՍԱԼԱՆ
հանկարծ վիճարկում է Սփյուռքի վրա իշխելու Դաշնակցության մենաշնորհը: Սփյուռքահայերը
բացեիբաց համակրանք ու հետաքրքրություն էին դրսեւորում ԱՍԱԼԱ անունով այդ նոր ու
խորհրդավոր ուժի նկատմամբ: Դաշնակցության բիզնեսը վտանգված էր: Ձեռքերը ծալած սպասել
ու ասպարեզը թողնել ԱՍԱԼԱՅԻՆ Դաշնակցությունը չէր կարող: «Հայ Դատի» դասականները
ընդունեցին ճակատագրի մարտահրավերն ու արյունոտ մրցավազքի մեջ մտան հանդուգն սկսնակների
հետ: Եվ հայ ժողովրդի համընդհանուր խանդավառության ներքո սկսվեց «մարդասպանական
մոլեգնություն մը, որ չարդարանար...»:
Ավստրիա, Վիեննա, 22 հոկտեմբերի 1975
Սպանվեց թուրքական դեսպան Թանաիս Թոլանղիլը: Մարդասպանը կարողացավ թաքնվել:
Ֆրանսիա, Փարիզ, 2 օր անց
Այստեղ էլ կրակոցները «հաջող» էին, դեսպան Իսմայիլ Էրեսն ու նրա վարորդ Թալիբ Էները
սպանվեցին: Եվ դարձյալ հանցագործները հասցրին փախչել:
Բայց «հետաքրքիրը» նույնիսկ հենց հանցագործությունները չեն, այլ այն, որ միաժամանակ
երկու կազմակերպություններ փորձեցին իրենց վերցնել «սխրանքի փառքը»: ԱՍԱԼԱՅԻ «Հայաստան»
պաշտոնաթերթից իմանում ենք, որ առաջին սպանությունը կատարել է ԱՍԱԼԱՅԻ «Պուլդուկյան»
խումբը, իսկ երկրորդը՝ «Գուրգեն Յանիկյան» խումբը: Հետագայում սրտաշարժված Գուրգեն
Յանիկյանը բանտից գրեց. «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի... Օրհնության եւ
հաջողության համբույր եմ դրոշմում այդ բանակի (ԱՍԱԼԱՅԻ) բոլոր անդամների հպարտ
դեմքերին»:
Բայց այս երկու ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնեց նաեւ «Հայ ցեղասպանության
արդարության մարտիկներ» անունով մի «նոր» կազմակերպություն, որ «կը ձգտի ապահովել
առավելաբար 1915-ի մեծ ցեղասպանության ճանաչումը: Այս կազմակերպության նպատակն
էր ստիպել Անկարան, որ վերադարձնեն Թուրքիային կցված հայկական հին հողերը»: Իրականում,
այս հնարովի ցուցակի տակ թաքնվում էր հենց Դաշնակցությունը: Թե նրանից որն է ստում,
դժվար է ասել: Բոլոր դեպքերում, ցնծացող սփյուռքը կուտը կերավ ու ավելի լայն բացեց
քսակները «ազգի հերոսների» համար: Հետագայում ԱՍԱԼԱՆ եւ Դաշնակցությունը հաճախ
կդիմեն «պլագիատի» օգնությանը եւ կփորձեն մեկը մյուսից խլել «հաղթանակի դափնիները»:
ՄԵՆՔ, ՆՐԱՆՔ ՈՒ ՏՀԱՍՆԵՐԸ
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԴԱՌՆԱԼԸ ՄԵԶ ԷԼ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ
Անցած շաբաթն անհանգիստ շաբաթ էր: Երեւանում, նաեւ մարզերի առանձին քաղաքներում
մի քանի օր շարունակ բողոքի ցույցեր ու երթեր կազմակերպվեցին, որոնք դատապարտում
էին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այդ ակցիաներն,
ըստ էության, արձագանքն էին Ստամբուլում սպանության օրն եւեթ տարերայնորեն բարձրացված
ու Հայաստանում աննախադեպ եւ աներեւակայելի որակված բողոքի ալիքի:
Ամենացնցողը, սակայն, Թուրքիայում եւ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների
բովանդակությունն էր` իր նույնքան աննախադեպ ու մեզ` հայերիս համար զարհուրելի
տարբերությամբ: Այսպես, եթե Թուրքիայում հասարակությունը բողոքում էր Դինքի սպանության
դեմ, կարեկցում էր նրա ընտանիքի անդամներին` որպես Թուրքիայի քաղաքացու, նաեւ իր
համերաշխությունն էր հայտնում Դինքի` Թուրքիան ժողովրդավարական տեսնելու երազանքների
ու պայքարի ձեւերի հետ` հայտարարելով, որ եթե Դինքը սպանվել է իր հայացքների համար,
ուրեմն իրենք` բողոքողները բոլորը Դինք են, իսկ եթե նա սպանվել է որպես հայ` ուրեմն
իրենք բոլորը հայ են, ապա Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ողջ էներգիան
ուղղեցին այն բանին, որ եւս մեկ անգամ օգտվեն պատեհ առիթից` ցեղասպանված լինելու
հանգամանքը շեշտելու եւ անկախ ամեն ինչից «թուրք ցեղը» հայհոյելու համար: Մազոխիզմի
հերթական այս դրսեւորումները մեկ-մեկ համեմվում էին, իբր, Դինքի պայքարն ու նրա
գործը շարունակելու մասին հայտարարություններով, որոնք, ըստ էության, որեւէ առնչություն
չունեին այն ամենի հետ, ինչն իրականում անում եւ ինչին ձգտում էր Հրանտ Դինքը:
Օրինակ, Հայաստանում այդ օրերին եւս մեկ անգամ հնչեց այն միտքը, թե Դինքը Ցեղասպանության
ուրացման արդյունք է եւ «թուրքի արյունոտ» ձեռքերի զոհ: Սա այն դեպքում, երբ Դինքն
ինքը Թուրքիայում ծավալած իր ողջ գործունեությունը ուղղել էր ոչ այնքան Ցեղասպանության
ճանաչման կամ օտար պետություններում Ցեղասպանությունը դատապարտող օրինագծերի ընդունմանը,
որքան հենց Թուրքիայի ժողովրդավարացմանն ու այդ երկրում ազատ խոսքի, ազգային բոլոր
փոքրամասնությունների պաշտպանությանը:
Ոչ ոք Հայաստանում չհիշեց, որ իրենք խոսում են այն նույն լայնախոհ մտավորականի`
Դինքի մասին, ով Ֆրանսիայում Ցեղասպանության փաստն ուրացողներին դատապարտող օրենքի
ընդունման առնչությամբ հայտարարել էր, որ դա ազատ խոսքի նույնպիսի սահմանափակում
է, ինչպիսին Թուրքիայի Քրեական օրենսգրքում 301-րդ տխրահռչակ հոդվածը: Սա Դինքի
սկզբունքային դիրքորոշումն էր խոսքի ազատության առնչությամբ, որովհետեւ նրա խորին
համոզմամբ, 1915 թվականի եղելությունը Թուրքիան պետք է ճանաչի ոչ թե դրսի շանտաժի
կամ պարտադրանքի, այլ այդ երկրի ներսում տեղի ունեցող ժողովրդավարական եւ հասարակության
գիտակցության մեջ փոփոխությունների արդյունքում:
Ինչեւէ: Ամենածանր զգացումն անցած շաբաթվա ընթացքում այն գիտակցումն էր, որ Հայաստանում
Դինքի սպանությունը սգացողները մինչեւ վերջ անկեղծ չէին իրենց զգացումներում: Փաստն
այն է, որ թուրք հասարակության անակնկալ ու ինքնաբուխ բողոքից «մանթրաշ» ընկած
հայ իշխանավորներն ու առանձին կուսակցություններ, տեսնելով Թուրքիայում եւ Հայաստանում
տեղի ունեցած բողոքի ակցիաների անհամարժեքությունը, մեծ ճիգեր գործադրեցին Դինքի
հիշատակն անգամ նրա հուղարկավորությունից հետո «հարգելու» համար` այս անգամ արդեն
ակնհայտորեն ցուցադրության համար: Դրա համար, ինչպես միշտ, ինչպես Սումգայիթյան
ոճրագործության տարեդարձի օրը, գործի դրվեցին վարչական լծակներն ու պարտադրանքի
հնացած ու սովետական գործելաոճը` դպրոցների աշակերտներն ու ուսանողները «վերեւից»
եկած հրահանգով եւ ներկա-բացակա լինելուց հետո լցվեցին ավտոբուսներն ու տարվեցին
Ծիծեռնակաբերդ: Ավելի ամոթալի բան, քան սա էր` պատկերացնել անգամ հնարավոր չէ:
Ու սրանով մեր քաղքենիներն ուզում էին համոզել աշխարհին ու խաբել մեզ, թե` այ
մենք անկեղծորեն ենք սգում Դինքի մահը, իսկ ահա թուրքերը... Ու անգամ այս դեպքում`
«պարտիական» ակցիային մասնակցողների մեջ գտնվեցին մի երկու տխմարներ, ովքեր հայտարարեցին,
թե Թուրքիայում տեղի ունեցած 100 հազարանոց բողոքի ակցիան կազմակերպված էր թուրքական
իշխանությունների կողմից` ցույց տալու համար, թե նրանք ինչքա~ն դեմոկրատ են: Էդ
մարդիկ երեւի մոռանում են, թե իրե՛նք ինչ երկրում են ապրում ու արդյո՞ք իրենց երկիրն
ավելի դեմոկրատ է, քան Թուրքիան, կամ իրենց նախագա՞հն է Թուրքիայի նախագահից ժողովրդավար
եւ մարդասեր:
Բայց, ինչպես եւ պետք էր սպասել, Դինքի սպանության առիթն ամենափայլունն օգտագործեցին
դաշնակները, ովքեր եւս մեկ հնարավորություն գտան իրենց դրոշները Երեւանի կենտրոնում
ծածանելու եւ այլատյացություն սերմանելու համար, թեեւ նույն այլատյացություն հրահրելու
մեջ նույն պահին իրենք մեղադրում էին թուրքական իշխանություններին: Այդ գործը դաշնակների
մենաշնորհն է եւ ամենեւին էլ պատահական չէ, որ ջահել դաշնակներն ի դեմս «Նիկոլ
Աղբալյան» կոչվող միության, թույլ չէին տվել, որ այլ կուսակցությունների երիտասարդական
կառույցները միանան իրենց նախաձեռնած բողոքի ակցիային: Իրոք, այս կուսակցության
համար ավելի հեշտ է թուրքերին, քան ռուսներին կամ սեփական երկրի բռնապետ իշխանություններին
հայհոյել: Այդպես անվտանգ է: Իսկ օրերս «Երկիր» պաշտոնաթերթում հերթական զարհուրելի
ու «Ովքեր են թուրքերը, ովքեր ենք մենք» վերտառությամբ մի հրապարակում եղավ, որում
այսպիսի մտքեր կային. «Թուրքական ձեռագիրն ամենուրեք նույնն է. կարմիրով գրվում
է, սեւով՝ ընթերցվում։ Թուրք ժողովրդի եւ առաջադեմ մտավորականության զանգվածային
մասնակցությունը Հրանտ Դինքի սգո արարողակարգին մի՞թե փաստում է, որ թուրքական
հասարակությունը, անկախ ամեն ինչից, գիտակցում եւ ընդունում է Հայոց ցեղասպանության
ճանաչման անառարկելի ճշմարտությունը»:
Ասում են` արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին: Այս դեպքում էլ դաշնակցականների
մտահորիզոնի սահմաններում չտեղավորվող բան է այն, որ թուրքական հասարակության բողոքը
ոչ թե Ցեղասպանության փաստը ճանաչել-չճանաչելու դեմ կամ կողմ էր, այլ իր երկրի
հայազգի քաղաքացու սպանության դեմ: Դաշնակների համար, թերեւս, անընկալելի է, երբ
շարքային թուրքը տարբերություն չի դնում իր կողքին, իր երկրի իրական շահերն արտահայտող
լրագրողի ազգային պատկանելության մեջ, եւ եթե Ռուսաստանում ազգային հողի վրա սպանությունների
դեմ ռուս առաջադեմ հասարակությունը բողոքի ալիք չի բարձրացնում, դա դեռեւս չի նշանակում,
որ դա է ճիշտը: Դաշնակներին այդ զգացողությունը դեռեւս հասու չէ, որովհետեւ վերջիններիս
ողջ գիտակցությունը կաղապարված է 19-րդ դարի մտածելակերպին հարիր գաղափարներով,
որոնք նա հետեւողականորեն փորձում է փաթաթել հայ հասարակության վզին:
«Հստակ է մի բան, որ հայկական հարցի ե՛ւ համատեքստում, ե՛ւ ենթատեքստում Թուրքիան
նույնն է իր էությամբ, նույնն է սպանելիս, նույնն է սուգը ծիսակատարելիս, նույնն
է ծիծաղելիս, նույնն է ողբալիս»,- սա տիպիկ դաշնակցական մտածողության արգասիք է:
Իսկ ինչպիսի՞ն է հայը, այն հայը, որին տասնամյակներ շարունակ ներարկվել է յաթաղանավոր
թուրքի կերպարը, այն հայը, որը պատրաստ եղավ մտնել հայոց խորհրդարան ու սպանդ կազմակերպել
սեփական երկրի իշխանության նկատմամբ: Իսկ արդյո՞ք թուրքից ավելի լավն է այն հայը,
որը հասարակության ներսում ատելություն է սերմանում հարեւան ժողովրդի նկատմամբ,
երբ ակնհայտ է, որ նույնքան ատելություն մեր նկատմամբ այդ ժողովուրդը չի տածում:
Ընդ որում, այդ ատելությունը մեր մեջ սերմանվում է հետեւողականորեն ու ոչ թե ի
շահ մեր հասարակության ու պետության, այլ սեփական կուսակցության, որն առանց Ցեղասպանության
հարցի շահարկման Հայաստանում անելիք եւ տեղ չունի:
«Լսի՛ր, Հրա՛նտ Դինք, նրանք պատրաստ են նույնիսկ իրենց ազգությունը ուրանալ, միայն
թե չընդունեն Ցեղասպանությունը, եւ սա քո հաղթանակն է»: Այս մեջբերումը եւս դաշնակցական
մամուլից է: Այստեղ այլեւս ոչինչ ասել պետք չէ: Ակնհայտ է հավատավոր դաշնակցականի
զայրույթն ու մանթրաշը երկու բանից. մեկ, որ Դինքի սպանությունն օգնեց ի ցույց
դնելու այն, որ թուրք հասարակության ներսում հայերի նկատմամբ այնքան ատելություն
չկա, որքան մեր հասարակությանը փորձում էին ներկայացնել, երկրորդ` որ դաշնակների
ու Դինքի աշխարհընկալումներն են ծայրաստիճան տարբեր ու, որ Դինքն ավելի ընկալելի
է ինչպես թուրք, այնպես էլ հայ հասարակությանը, քան Դաշնակցության կողմից մեր հասարակությանը
հրամցված կույր ատելությունը, որի վառ ու փայլուն ապացույցը վերը մեջբերված մտքերն
են:
Դինքի սպանությունից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած եւս մեկ քայլ կարող
է ուղղակի ապտակ լինել ՀՀ իշխանություններին: Այսպես, ըստ «Ազատություն» ռ/կ-ի,
Թուրքիայի ներքին գործերի նախարարը այսօր երկու պաշտոնյայի է ազատել աշխատանքից
Տրապիզոնի նահանգում, որի բնակիչներն են «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության
մեջ մեղադրվողները:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, ներքին գործերի նախարար Աբդուլքադիր
Աքսուն պաշտոնազրկել է նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրին եւ ոստիկանության ղեկավար
Ռեսաթ Ալթային: Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում
է, որ «երկու ավագ հանրային տեսուչներ են նշանակվել՝ պարզելու համար, թե արդյո՞ք
Տրապիզոնի ոստիկանությունը եւ քաղաքացիական իշխանությունները մեղավոր են Դինքի
սպանությանն առնչվող իրադարձությունները չկանխելու համար»: Հիշեցնենք, որ Դինքի
սպանության մեջ մեղադրվում են վեց կասկածյալներ, որոնք բոլորն էլ Տրապիզոնից են:
Հիշենք նաեւ Հայաստանում 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած
սպանդը, որի արդյունքում գլխատվեց ոչ միայն ԱԺ-ն, այլեւ ՀՀ կառավարությունը, կամ
միայն անցյալ տարի տեղի ունեցած մի շարք աղմկահարույց սպանությունները: Ի տարբերություն
թուրքական իշխանությունների, ՀՀ իշխանությունները ո՛չ «Հոկտեմբերի 27»-ից, ո՛չ
հիշատակված սպանություններից հետո ոչ մի պաշտոնյայի, ով պատասխանատու էր իր համայնքի,
իր մարզի քրեածին վիճակին ի պաշտոնե տեղեկացված լինելու եւ իրավիճակը վերահսկելու
համար, այդպես էլ պատասխանատվության չենթարկեցին, ոչ մի պաշտոնանկություն տեղի
չունեցավ:
Մեր «դեմոկրատ» ու հայ կոչվող նախագահը «27»-ից հետո կրծքով էր պաշտպանում Ազգային
անվտանգության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանի ու ՀՀ գլխավոր դատախազի չեղած
«պատիվը» ու երկար ժամանակ հրաժարվում էր նրանց պաշտոնանկ անել, թեեւ նման պահանջ
կար ու ակնհայտ էր, թե ովքեր են երկրում տեղի ունեցածի պատասխանատուները: Ավելին,
նախագահը պարբերաբար մեդալներով է պարգեւատրում այն ոստիկաններին, որոնք հերոսաբար
չեն բացահայտում աղմկահարույց սպանությունները, իսկ պետք եղած դեպքում ձեւ են անում,
թե չգիտեն ովքեր են այս կամ այն հանցագործության թիկունքում կանգնած` ինչպես օրինակ`
«ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի թղթակցին ծեծողների դեպքում էր:
Դե հիմա ՀՀ իշխանությունները, դաշնակներն ու թրքատյացները թող գան ու ասեն, որ
թուրքական իշխանությունների այդ հրահանգն էլ ցուցադրական էր: Դե թող ցուցադրական
նման մի քայլ էլ անեին ՀՀ իշխանությունն ու Ռոբերտ Քոչարյանը: Իր երկրում սպանվածներն
էլ հո այլազգի չէին. հայ էին, չէ՞:
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎՈԺԴԵՐԸ
![]()
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԲԻԶՆԵՍ
Սննդամթերքի շուկայում մինչեւ 1998թ. հեղաշրջումը ընդհանրապես ոչ մի մենաշնորհային
կարգավիճակ ունեցող չի եղել: Ով ինչ ցանկացել է, ներմուծել է: Հազարավոր ընտանիքներ
դրանով են ոչ միայն գոյատեւել, այլ նաեւ լրջորեն մեծացրել իրենց գործունեության
ծավալները: Միջին խավը հենց նման մարդիկ պետք է լինեին:
Միանգամից պատկերը փոխվել է իշխանափոխությունից հետո: Երկու տարվա ընթացքում 100
տոկոսանոց մենաշնորհային կարգավիճակ է շաքարավազի շուկայում ստացել Սամվել Ալեքսանյանը
(Լֆիկ Սամո): Ինչպես տեսնում եք, եթե գազի եւ բենզինի շուկան Քոչարյանն ու Սերժ
Սարգսյանը վերահսկում էին Գագիկ Ծառուկյանի եւ Միշա Բաղդասարովի միջոցով, ապա սննդամթերքի,
առաջին հերթին՝ շաքարավազի, ձեթի եւ ալյուրի բիզնեսը Սամվել Ալեքսանյանի բոստանը
դարձրին: Իհարկե, այլեւս անիմաստ է ասել, թե նման արտոնյալ պայմանները ինչպիսի
աստղաբաշխական եկամուտներ են բերում:
Մենք այլ բանից կխոսենք: Իսկ ինչպե՞ս են այս ոլորտներում մենաշնորհներ առաջացել
եւ ինչպե՞ս են դրանք պահպանվում: Բենզինի եւ գազի շուկայում հասկանալի էր այդ մեխանիզմը`
բենզատարները ձեռքերից խլում էին, սպառնում էին եւ վերջ: Բայց ինչո՞ւ մարդը չի
կարող իր սեփական մեքենայով հինգ արկղ ձեթ կամ չորս պարկ շաքարավազ բերել: Ահա
այստեղ մենք առաջին անգամ կխոսենք մի կառույցի մասին, որը եւ ապահովում է արտոնյալների
շահերը եւ Հայաստանի ստվերային տնտեսության կնքահայրն է: Կառույց, որն առավել կոռումպացված
է, կառույց, որն առավել սերտաճած է կրիմինալի հետ եւ կառույց, որը կարող է ցանկացած
տնտեսվարող սուբյեկտի վայրկենապես ջնջել: Խոսքը, իհարկե, մաքսային ծառայության
մասին է: Սա այն կառույցն է, որի պետը` Արմեն Ավետիսյանը, ժամանակին, նախկին «հանցավորների»
օրոք մանր չինովնիկ լինելով, հեռացվել էր համակարգից եւ մի կերպ` իր կնքահայր Սերժ
Սարգսյանի շնորհիվ պլստացել քրեական հետապնդումից: Հիմա այդ անձը Հայաստանի ամենահարուստ
մարդկանցից մեկն է, որի միայն առանձնատունը Երեւանի կենտրոնում այսօր արժե 800-900
հազար դոլար, որը 5-6 հազար դոլարանոց կոստյումներ է հագնում, ճիշտ եւ ճիշտ նարկոբարոնների
պես, խմում 7-8 հազար դոլարանոց «Կուռվազի» գինի: Ու չի էլ թաքցնում այդ շքեղ կենսակերպը:
Ահա նրա ղեկավարած կառույցն է այսօրվա տնտեսական հանցավոր, կլայնացված, կոռումպացված,
մոնոպոլիզացված համակարգի շարժիչ ուժը: Բերենք մի քանի օրինակ, որպեսզի հասկանալի
լինի, թե ինչու է միայն Լֆիկը սննդամթերք կրում:
Եղել է հետեւյալ դեպքը: Ինչ-որ մեկը որոշել է մի կոնտեյներ ձեթ ներմուծել: Սահմանն
անցնելուց հետո, երբ մաքսավորները տեսել են ապրանքը, առաջարկել են ապրանքը Երեւան
չտանել, պրոբլեմներ կունենա: Վերջինս հրաժարվել է: Ամենայն հավանականությամբ, այնքան
լավ չի պատկերացրել հայաստանյան առկա իրողությունները: Հետո նույն մաքսայինները
նրան առաջարկել են հենց տեղում վաճառել ձեթը: Դարձյալ հրաժարվել է: Դրանից հետո
Արմեն Ավետիսյանի ղեկավարած կառույցի ներկայացուցիչները կարգադրել են այդ գործարարին
մյուս օրը գալ` մինչեւ իրենք կձեւակերպեն մաքսազերծման աշխատանքները:
Հաջորդ օրը, երբ այդ «խամ» գործարարը գալիս է, տեսնում է, որ գիշերը անհայտ անձինք
կոտրել են կոնտեյների դուռը, եւ մեկ առ մեկ ծակել ձեթի տարաները: Եվ վերջ: Պահակները
ոչինչ չէին տեսել, մաքսայինները ցավակցում էին գործարարին, խորհուրդ տալիս դիմել
քաղմաս.... Իհարկե, դրանից հետո այդ գործարարի նույնիսկ մտքում այլեւս ձեթ ներմուծելու
գաղափար չի ծնվի:
Մյուս օրինակին շատ-շատերն են տեղյակ: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը կապվում
է Արմեն Ավետիսյանի տեղակալ Գագիկ Խաչատրյանի հետ եւ նրանից Սամվել Ալեքսանյանին
պատկանող ընկերություններից մեկի գործունեության հետ կապված թիվ է ցանկանում ճշտել:
Մանրամասները կարեւոր չեն: Այլ այն, որ Գագիկ Խաչատրյանը հրաժարվում է պատասխանել
լրագրողի հարցին, հեռախոսը ցած է դնում:
Ուղիղ երկու րոպե անց այդ թերթի խմբագրություն է զանգահարում Սամվել Ալեքսանյանը
եւ փորձում հասկանալ, նախ, թե ինչ է գրվելու, երկրորդն էլ հորդորում է, որ ոչինչ
չգրեն: Այսինքն, Գագիկ Խաչատրյանը հեռախոսը դնում է եւ անմիջապես «քութիկի» հավատարմությամբ
տեղյակ պահում Լֆիկին: Սա մաքսային ծառայության եւ հայ օլիգարխների դարավոր եղբայրության
եւ բարեկամության շատ վառ օրինակ է եւ ցույց է տալիս այս երկուսի սերտաճածության
աստիճանը:
ՌՍԻ ՊԱՌԱՎԸ
«ՈՒԶԵ, ԵՂՍՈ, ԷԼԻ ՈՒԶԵ, ԱՍԱ ԷԼ ԻՆՉ ՔԵԶ ԿՍԱԶԵ»
Օրերս ավարտվեց Ռ. Քոչարյանի հերթական այցը Ռուսաստան: Անկեղծ ասած,
վերջին ժամանակներս պարոն Քոչարյանն այնքան է այցելում Ռուսաստան, որ ծագում է
բնական մի հարց. իսկ ե՞րբ է նա լինում տանը, էլ չեմ ասում երկիրը կառավարելու մասին:
Թեպետ, անկեղծ ասած, ինչ-որ ներքին զգացում ինձ հուշում է, որ այդ հանդիպումների
ժամանակ հենց երկիրը կառավարելու մասին էլ խոսք էր գնում: Դատեք ինքներդ, սիրելի
բարեկամներ:
Առաջին անգամ պրն Քոչարյանն այցելեց քաղաքամայր Մոսկվա «մասնավոր այցով»: Հարց
է ծագում. այդ ինչ մասնավոր գործեր կարող է ունենալ ուրիշ երկրի մայրաքաղաքում
պետության ղեկավարը: Տարբերակ առաջին` բարեկամներ (վերջիվերջո աշխարհասփյուռ ազգ
ենք, եւ ոչ մի տարօրինակ բան չի լինի, եթե պարզվի, որ պրն Քոչարյանն էլ ինչ-որ
կորած-մոլորած մորաքույր ունի Մոսկվայում): Սակայն այդ դեպքում ի՞նչն էր խանգարում
նախագահի մամուլի ծառայությանը հանգստացնել հպատակներին՝ ասելով ճշմարտությունը:
Տարբերակ երկրորդ` այդ տարբերակը շատ անձնական է եւ այդ պատճառով այստեղ այն չի
քննարկվում: Տարբերակ երրորդ` պարոն Պուտինը չափազանց կարոտել էր իր ստրատեգիական
դաշնակցին եւ այդ պատճառով էլ չդիմացավ մինչեւ այցի սկիզբը: Ինչ խոսք, սա բավականաչափ
հավանական տարբերակ է, սակայն այստեղ եւս ծագում է մի շատ բնական հարց (ի դեպ,
նկատեցիք, չէ, հոդվածը նոր ենք սկսել, սակայն արդեն մի քանի բնական հարցադրում
արել ենք: Դե այդպիսին է մեր երկիրը` խիստ բնական) այդ ինչ հարցեր են, որ սուպերերկրի
նախագահը առանց մեր Քոչարյանի լուծել չի կարողանում: Ակամայից ներքին հպարտություն
եմ զգում մեր երկրի եւ հարազատ Քոչարյանի համար, սակայն ցավով պետք է նշեմ, որ
այս տարբերակն էլ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Իսկ ինչ վերաբերում է կարոտելուն,
ապա ասուլիսներից մեկում պրն Պուտինը նշել է, որ աշխատանքային ժամերին շատ է կարոտում
իր ընտանիքին, որի կազմի մեջ, որքան ինձ հայտնի է, Ռոբերտ Սեդրակիչը չի մտնում
(եթե ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել` ներողություն եմ խնդրում): Վերջապես,
եթե պրն Պուտինը ինչ-որ կերպ ցանկանում էր նոր հանձնարարականներ տալ` դա կարող
էր անել պարզապես հեռախոսով: Մի խոսքով, առաջին հայացքից թվում է, որ պարոն Քոչարյանի
առաջին այցի գաղտնիքը այդպես էլ չի բացահայտվի:
Սակայն թույլ կտամ ինձ լսարանի ուշադրությունը հրավիրել եւս մեկ` թվով չորրորդ
տարբերակի վրա: Գիտե՞ք ինչ, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ պրն Քոչարյանն այցելեց
պրն Պուտինին, որպեսզի վերջինիցս տեղեկանա, թե ինչ հարցեր է թույլատրված բարձրացնել
Սոչիում կայանալիք հանդիպմանը: Ասում եմ, որ նախաձեռնողը հենց ՀՀ ղեկավարն էր,
քանզի հակառակ դեպքում բեմահարթակ կիջներ արդեն հիշատակված հեռախոսը:
Ինչեւիցե, անդրադառնանք Սոչի կատարած այցին: Ինչպես հայտնեցին հայաստանյան լրատվամիջոցները,
իր հարավային նստավայրում ՌԴ նախագահն այս ամիս ընդունել է Գերմանիայի կանցլեր
տիկին Մերկելին, էլի ինչ-որ մեկին եւ Քոչարյանին: Այս եղանակով, հավանաբար, լրատվամիջոցը
փորձում էր ընդգծել, պրն Քոչարյանի նշանակալից դերը միջազգային թատերաբեմում: Ինչ
լավ է, որ այսքան միամիտ լրագրողներ ունենք: Ախր Պուտինը Սոչիում հանդիպում է ոչ
միայն արտասահմանյան հյուրերի, այլեւ բազմաթիվ ռուսաստանյան պաշտոնյաների, վերջիվերջո
տան ծառայողների, խոհարարների, հավաքարարների եւ այլոց հետ:
Սակայն անդրադառնանք բուն հանդիպման թեմաներին: Նախ, նորից ըստ լրատվամիջոցների,
կողմերը իրենց գոհունակությունը հայտնեցին ՌԴ-ում ավարտված Հայաստանի տարվա կազմակերպման
կապակցությամբ: Իսկապես, արդյունքները ապշեցուցիչ են: Հաշվետու տարվա ընթացքում
ՌԴ-ում նեոնացիստների ձեռքից զոհվեց այնքան հայ եւ հայաստանցի, որ նույնիսկ այդ
ողբերգական միջադեպերի սոսկ թվարկումը կարող է հիասթափեցնել հայ-ռուսական բարեկամության
ամենակրքոտ կողմնակցին: Կարծում եմ Հայաստանի քաղաքացիները առավել բավարարված կլինեին,
եթե մեր երկրի ղեկավարը բարձրացներ հենց այդ հարցը, այլ ոչ թե Պուտինի հետ հիանար
ռուս պրովինցիայում անցկացված միջոցառումների առիթով:
Քննարկվեցին այլ կարեւոր հարցեր եւս: Պարզվում է, Պուտինն ինչ-որ առնչությամբ հայտարարել
է, որ Հայաստանում կատարած ներդրումների ծավալով ՌԴ-ն զբաղեցնում է «խայտառակ երկրորդ
տեղը»: Պարոն Քոչարյանը հանգստացրեց ավագ եղբորը՝ վստահություն հայտնելով, որ մինչեւ
մարտ ամիս Ռուսաստանն իր ներդրումների ծավալով դուրս կգա «պատվավոր առաջին տեղը»:
Ավելին, Հայաստանի քաղաքացիները մոտավոր պատկերացում կազմեցին, թե ինչ ճանապարհով
ՌԴ-ն պետք է ապահովի այդ ներդրումների ծավալը: Պրն Պուտինը հայտարարեց, որ մեր
երկրի նկատմամբ շահագրգռվածություն է հայտնել «Ռոսատոմ»-ը: Խոսքը գնում է Հայաստանում
ուրանի հանքերի որոնման եւ հնարավոր շահագործման մասին: Հիշեցնենք, որ ընդամենը
մի քանի ամիս առաջ ՀՀ բնապահպանության նախարարը կտրականապես հերքեց մեր երկրում
ուրանի որոնումների եւ այդ հանքերի հնարավոր շահագործման մասին լուրերը՝ հայտարարելով,
որ «ուրանը` ուրան է»: Իսկ ով մեզ կբացատրի, թե ինչպիսի էկոլոգիական վտանգներ է
կրում ուրանի հանքի շահագործումը, եթե այդպիսիք կան: Վերջիվերջո մեր երկիրն այդքան
էլ մեծ չէ, եւ եթե պրն Պուտինն իր երկիրը չի ափսոսում, ապա մենք ուրիշը չունենք:
Մի խոսքով, այս հանդիպումից ստեղծվեց հետեւյալ տպավորությունը. մի գեղեցիկ օր պարոն
Պուտինն արթնացավ եւ հասկացավ, որ Հայաստանում դեռ բան կա, որ նա չի գրպանել եւ
հասկանալով այդ ամենը` Սոչի հրավիրեց իր հավատարիմ Քոչարյանին, եւ Քոչարյանն էլ
տվեց՝ ինչ ինքն ուզում էր:
ԱՌԱՆՑ ՎԻԶԿԱՊԻ
ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՄԵԿ ՕՐԸ
Հանրային հեռուստաընկերության եթերում կրկին «Պաշտոնյայի մեկ օրը»
հաղորդաշարն է, եւ ձեզ հետ եմ ես՝ Նանարիկ Նանարիկյանս: Իսկ այսօրվա մեր հերոսը,
ինքնին հասկանալի է, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է: Մարդ, ով իր ուսերին
կրում է ոչ միայն սեփական գլուխը, այլեւ Հայաստանի զինված ուժերի, շախմատի ֆեդերացիայի,
պետհամալսարանի, վառելիքի շուկայի եւ բազմաթիվ այլ ոլորտների բոլոր դժվարությունները:
Բայց նախարարի տրամադրությունն այսօր տոնական է: Աշխատասենյակ մտնելուն պես ժպտում
է, մոտենում վարագույրներին եւ սկսում մեդալներ կպցնել: Այո, ամենայն հավանականությամբ,
սա առանձնահատուկ վարագույր է եւ բացառիկ ծառայություններ է մատուցել հայոց բա...
Ոչ: Բանից պարզվում է՝ նախարարը երեկոյան հանդիսություններին է նախապատրաստվում,
եւ ինքն իր համար պլանային վարժանքներ է անցկացնում: Բայց ահա ներս է մտնում քատուղարուհին
եւ զեկուցում, որ պարգեւատրվողների ցուցակը պատրաստ է: Ինքը վերցնում է թուղթը
եւ ուշադիր նայում. «Վաչոյին՝ հասկանալի է, էս տղուն՝ արժի, ռեկլամնի պլակատներն
ինքն ա սարքել, էս մեկն ով ա, վարսավի՞րս, հի-հի... հալալ ա, արժի, է՞ս ով ա, կազինոյի
շվեյցարը չի՞: Սրան էլ արժի...»: Այո, մարտական շքանշաններ բաժանելու աշխատանքը
ծանր է. դեռ պետք է բենզալցակայանների առավել աչքի ընկած «զապրավչիկներին» ու գովազդային
տեսահոլովակներ նկարողներին նույնպես պարգեւատրել...
Ընդմիջման ժամանակ չկա: Նախարարը գրասեղանի դարակից հանում է շարքային զինվորի
օրապահիկը (նա միշտ այդպես է ճաշում), բայց կրկին ներս է մտնում քարտուղարուհին,
ալյումինից բաժակով թեյ մատուցում ու զեկուցում, որ բանակի օրվա առթիվ պետական
գերատեսչությունների ղեկավարները մի քանի սիմվոլիկ նվերներ են ուղարկել: Ոսկե դաշույն,
պլատինե լոմ (որը խորհրդանշում է բանակի ամրությունը), 75 հազար ադամանդներով զարդարված
բազկաթոռ, արծաթե գնդացիր՝ զմրուխտե փամփուշտներով... «Բանակի մարտունակությունը
միայն ֆինանսական միջոցներով չի որոշվում», պաթետիկ ձայնով արտասանում է նախարարն
ու խորաթափանց հայացքը հառում դեպի հորիզոններն անծայրածիր... (Խոշոր պլանով՝ իմաստուն
հայացքը: Պատկերը կամաց-կամաց աղոտանում է: Տիտրեր):