No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի

ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ԱԶԱՏ, ԲԱՅՑ ՎԱԽՎՈՐԱԾ

Կիրակի օրը հայ հեռուստադիտողները բավականին տարօրինակ վիճակում էին հայտնվել: «Ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցները (խոսքը, հասկանալի է, հեռուստաընկերությունների մասին է) դասական երաժշտության համերգներ էին հեռարձակում:

Հենց այնպես՝ առանց որեւէ բացատրության, հեռուստաընկերություններն ընդհատում էին եթերը (մեկը՝ մուլտֆիլմը, մյուսը՝ համերգը, երրորդը՝ սերիալը) ու դասական երաժշտություն ցուցադրում: Միակ բացառությունը «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությունն էր, որն, ի պատիվ իրեն, կարողացավ այդ օրը կատարել իր հիմնական պարտականությունը եւ լրատվություն տրամադրել: Իսկ շարքային հեռուստադիտողները, դասական երաժշտության այդօրինակ առատությունից խուճապահար, տարակուսում էին՝ չլինի՞ պատերազմ է սկսվել, ու տագնապած զանգում էին իրար՝ որեւէ բան ճշտելու հույսով:

Ավելի ուշ հեռուստադիտողներն, իհարկե, հասկացան, որ Հայաստանում դժբախտություն է պատահել: Բայց հասկացան ոչ թե այն պատճառով, որ այդ մասին լրատվություն տարածվեց, այլ որովհետեւ հեռուստաընկերությունները սկսեցին ազգային ֆիլմեր ցուցադրել (հիմնականում՝ «Ձորի Միրոն»): Սա հեռուստադիտողների համար արդեն իսկ մեծ մխիթարություն էր, որովհետեւ հասկանալի դարձավ, որ տեղի ունեցած դժբախտությունը երկրաշարժ չէ (եթե երկրաշարժ լիներ՝ բոլոր հեռուստաընկերությունները «Հին օրերի երգը» կցուցադրեին):

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Մահացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Եվ բոլոր հեռուստաընկերությունները, հասկանալի է, շատ արագ տեղեկացել էին այդ մասին (այլապես դասական երաժշտություն չէին հեռարձակի): Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ տեղեկացված լինելով՝ հեռուստաընկերությունները չէին համարձակվել հասարակությանը տեղյակ պահել կատարվածի մասին: Փաստորեն, հայտնվելով «արտակարգ իրավիճակում», Հայաստանի իբր անկախ լրատվամիջոցներն իսկույն մոռացել էին, որ իրենց հիմնական ֆունկցիան հասարակությանը ինֆորմացիա մատակարարելն է, եւ իրենք իրենց, մեղմ ասած, հիմարի տեղ էին դրել: Պարզ ասած, նրանք «մոռացել էին», որ իրենց պատվիրատուն հասարակությունն է, եւ վախենում էին առանց իրական պատվիրատուների համաձայնության որեւէ լրատվություն հաղորդել: Ինչ իմանաս, մեկ էլ տեսար՝ պատվիրատուները հրամայեցին հաղորդել, թե վարչապետն ինքնասպանություն է գործել, կամ նպատակահարմար համարեցին ընդհանրապես որեւէ բան չհաղորդել: Ստրուկը հենց նրանով է ստրուկ, որ վախենում է առանց տիրոջ հրամանի որեւէ քայլ կատարել:

Հայկական հեռուստաընկերությունների այս պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում քիչ թե շատ անկախ հեռուստաընկերություններ չկան: Եղածներն ընդամենը ապօրինի գովազդների գումարներն են լափում, ու երբ որեւէ պատճառով լափելու այդ գործընթացը վտանգվում է, վախից սսկվում են ու «շառից-փորձանքից հեռու» կամ դասական երաժշտություն են ցուցադրում, կամ ընդհանրապես անջատում են եթերը: Պատահական չէ, որ նույն այդ սիմֆոնիկ համերգները պարբերաբար ընդմիջվում էին գովազդներով (քյաշ փող է եւ վախի հետ որեւէ կապ չունի): Այսինքն՝ հեռուստաընկերությունները գտնում էին, որ, օրինակ, «Արմենտելի» նոր ակցիայի մասին հեռուստադիտողներին տեղեկացնել կարելի է, իսկ վարչապետի մահվան մասին՝ չի կարելի:

Հ.Գ. 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին համաշխարհային լրատվամիջոցները հաղորդեցին դեպքից մեկ ժամ անց: 2007թ. մարտի 25-ին ՀՀ վարչապետի մահվան մասին Հայաստանի լրատվամիջոցները հաղորդեցին դեպքից երկուսուկես ժամ անց: Երեւի հեռուստաընկերությունները «նայողը» սափրված չէր:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

առաջին էջ...»»

No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի