No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի

ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ

Ժ Ա Ռ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Խաչիկ վարժապետը իր գործերն ավարտած առանձնասենյակեն դուրս յելլել կուզեր, յերբ դրան վրա մարդ մը կեցուց զինքը:

- Վարժապե՛տ, խնդրանքով մը քեզի կուգամ:

- Խնդրե՛մ, խնդրե՛մ, համեցե՛ք,- ըսավ Խաչիկ վարժապետն ու սկսավ վոտեն մինչեւ գլուխ զննել ոտարականը:

Անծանոթն այն սովորական մարդոցմե յեր, վորոնք քանի չեն սկսեր խոսիլ, շատ խելոք մարդ կկարծես եւ ուժերդ լարելով՝ կըպատրաստվիս, ընդունելու անոնց խորունկ մտքերը. բայց յերբ կըսկսին խոսիլ, կհիասթափվիս ու ճիշտ այն խաբկանքը կունենաս, ինչ վոր կունենա մութի մեջ առուն թռնող մը, յերբ յերեք կանգուն ու ցատկելեն յետք՝ կտեսնե, վոր ընդամենը մեկ վոտք լայնություն ե ունեցեր առուն...

- Վարժապե՛տ, հանրապետական յերկրի մը մեջ կապրինք,- սկսավ այցելուն, յերբ պաշտպանության զենքերը միանգամայն փոխված են: Բռնակալության ատենները, ատրճանակ մը կկապեյիր վրադ ու ալ ապահովված եյիր հարձակումե, բայց հիմա տարբեր ե, վարժապետ, հիմա ճառով կհարձակին վրադ ու կը խեղճացնեն ձեզ՝ յեթե ճառին դիմաց ճառ չքաշես, բառին դիմաց՝ բառ չհանես...

Խաչիկ վարժապետը տեսնելով, վոր գործը յերկարե պիտի, վրայեն վերարկուն՝ իսկ հյուրին վրային իր հագցուցած լավ կարծիքը հանեց ու նստավ:

- Այո՛, կհասկնամ, ճառին դիմաց՝ ճառ, բառին դիմաց՝ բառ: Հետո՞:

- Գիտե՞ք, պարոն, յես դաշնակցական եմ...

- Գիտեմ, ազնիվ մարդ կերեւիք:

- Շնորհակալ եմ: Այո, դաշնակցական եմ եւ այդ իսկ պատճառով կրկնակի կարիք ունիմ ճառի: Ինչպես գիտեք, մեր կուսակցությունը սովորություն ունի հերթով իր բոլոր անդամները պատգամավորի պաշտոնով խորհրդարանը ղրկել, վորն՝ ամսով, վորը՝ շաբաթով եւ վորը նույնիսկ մեկ նիստով, վորպեսզի տեղ պահեն մինչեւ արժանավորը հասնի: Այսոր հերթը ինծի յե հասեր ու խիստ կմտահոգվիմ, թե յերթալուս ի՞նչ խոսիմ: Մեկ նիստի համար ըլլար՝ հոգ չէր, կրնայի չխոսիլ, բայց ութը, տասը նիստ իրար վրա նստել ու լռել՝ չըլլար, մանավանդ, վոր պաշտոնական լռող մը ունինք արդեն, յես ալ անդիյեն յելլեմ հանկարծ լռեմ, կհարմարի՞...

- Չի հարմարեր...

- Այդ իսկ պատճառով քեզի յեմ յեկեր, վոր ինծի համար ճառ մը շինես:

- Այս խոսքին վրա զարմացած՝ ժակետն ալ պիտի հաներ վարժապետը՝ յեթե շապիկ ըլլար վրան:

- Ուրեմն կուզես, վոր քեզի ճա՞ռ մը շինեմ...

- Այո՛, այո՛, կխնդրեմ հատուկեն:

- Բարի՛... իսկ ի՞նչ գիտես:

- Աղվոր ձի նստել գիտեմ:

- Ձի նստելը չի բավեր. բառ, բառամթերք, հաջող ձայն, ձեռքի շարժում...

- Ձեռքի շարժում... որինակ, մարդ ծեծել գիտեմ, գալով ձայնին՝ ծեծելուս կրնամ աղվոր ալ պոռալ վրան:

- Այդ չէ ուզածս: Դատողություն, տրամաբանություն, բեմասացություն...

- Վո՛չ, ատանկ բաներ չունիմ:

- Իսկ ի՞նչ կրթություն ունիս, կկարդա՞ս, կգրե՞ս:

- Կգրեմ, բայց չեմ կարդար:

- Կնշանակե վոչ մեկ ատաղձ ունիս ճառի համար ու կպահանջես ճառ շինեմ քեզի. ինչո՞վ շինեմ:

- Շինե՛, շինե՛, բանով մը շինե, կաղաչեմ...

- Ճառը՝ բառով կշինվի, դատողությամբ, կապակցությամբ եւ ուրիշ խել մը անանկ բաներով, վորմե դուն տեղեկություն չունիս:

- Ե՛.... չի՞ կարելի արդյոք ատ ըսածդ բաները պատգամավորներե փոխ բերել:

- Անհնար ե, ո՞վ իր կարծիքը կամ դատողությունը փոխ կուտա:

- Ի՞նչ կըլլա պե, ախպար: Վորո՞ւ խնդրեմ, թե՝ կարծիքդ տուր մեկ րոպեյով տանիմ կարծեմ բերեմ՝ չի տար: Գիշեր մը պառկելուն կուզեմ:

- Գիշե~ր, ի՞նչ կըսես, կկարծես գիշերը յերազին մեջ ոփոզիցիոն պատգամավոր մը կարծիքի պետք չո՞ւնենար: Կամ յեթե զառանցե քունին մեջ՝ բառ պե՞տք ե թե վոչ:

- Յես կբերեմ, դուն մի՛ խառնվիր:

- Բերիր նե՝ յես ալ կշինեմ:

- Ըսե՛, ի՞նչ պետք ե քեզի:

- Որինավոր, մարդավարի ճառ մը շինելու համար ինծի հարկավոր են հետեւյալ բաներ. -

Արշավիր Մելիքյանի հառաջաբանն ու վերջաբանը: Նայե՛, վոր յերկար հառաջաբաններեն բերես. ըսե յերկարներեն տուր, քանի վոր պատգամավորութենե հրաժարված ես:

Պատգամավոր Ազատյանեն կբերես ինչքան կրնաս՝ շատ բառ, յեթե կրնաս, իր ունեցած ամբողջ բառերը բեր, միայն նայես, վոր միտք չըլլա մեջերնին մոռցված, մաքուր, զտված բառեր.

Յեվ վորովհետեւ դժվար եւ իրարու յետեւե անդադար խոսելը, եւ պետք ե պահ մը լռել, շունչ առնելու համար, ահա այդ խոսքին մեջերը դնելու համար Ռաշմաճյանեն քիչ մը լռություն բեր. ըսե խնդրե՛մ յերկու րոպեյով խոսեք՝ ձեր լռությունը տանիմ-բերեմ:

Բուդաղյանեն յերկու հատ առակ բեր միայն, շատ կուտա՝ չբերե՛ս: Յեթե խոսածներդ ռուսերենի պիտի թարգմանվին՝ Զաքարյանեն յերկա~ր «ա~ա~ա~» մը բեր: Սմբատ Խաչատրյանեն կբերես քիչ մը կարկատան, վոր բան ե, յեթե խոսելուդ հանկարծ ճառդ պատռվի կամ կապը կորսնցնես, իսկույն ձգես վրան կար կանես: Նայե, վոր կարկատանները ծակ չըլլան:

- Այսքա՞ն:

- Կբավե:

- Իսկ շինելիքդ ճառը յերկա՞ր պիտի ըլլա, քանի՞ գավաթ ջուրով կխոսվի:

- Բավականին յերկար կըլլա:

- Հոգ չէ՛, բեմը յելնելուս՝ դույլ մը ջուր կառնիմ հետս:- Դուն ինծի աս ըսե, այդ ճառը կուռ, տրամաբանական բան մը պիտի ըլլա՞, թե ամեն վեր կեցողը ջրե պիտի:

- Շատ կուռ:

- Այո՛, այո՛, կուռ շինե խնդրեմ, շա՛տ կուռ, այնքան, վոր պատգամավոր Զուբյանն ալ չկրնա ջրել:

- Ո~, ի՞նչ կսես, ատիկա անկարելի յե, Զուբյանը չջրե նե՝ տիար Խոնտկարյանը պիտի ջրե: Գիտությունը ցայսոր չե արտադրած ճառ մը, վոր զույգ պատգամավորները չկարողանային հերքել:

- Ըսել ե չես կրնար:

- Չեմ կրնար:

- Մեր ֆրակցիայի նախագա՞հն ալ չի կրնար:

- Վո՛չ:

- Թորոսյա՞նը:

- Անկարելի յե:

- Աղբալյա՞նը:

- Հնար չէ՛:

- Բայց հոգ չէ... մնաս բարով:

- Հերթաս բարով, բայց չեմ հուսար, վոր տան:

- Կուտա~ն, ճանըմ, կուտա~ն, ըսավ պարոն ապսպրողն ու գնաց:

Գնաց ու յերկու որ բնավ չերեւաց: Յերրորդ որը Խաչիկ վարժապետին գալով՝ պատմեց, թե վոչ մեկը ուզեցեր ե բան տալ:- Արշավիր Մելիքյանն իր հառաջաբանն ու վերջաբանը չէր տված՝ առաջարկելով հառաջաբանին հետ քիչ մըն ալ բուն նյութեն վերցնել: Պատգամավոր Ազատյանը ըսած ե, թե՝ իմ ըսելիքները խորհրդարանին մեջ չեն վերջանար, կեսն ալ կը տանիմ տունը՝ քունիս մեջ խոսելու:

Պատգամավոր Ռաշմաճյանն իրեն ըրած խոսելու առաջարկը լսելով, կարծած ե, վոր սատանան ինքզինքը փորձելու յե յեկեր, «Այ տղա՛, հետիս գնա՛» ըսեր ե: Չի համաձայնած նույնիսկ հազալ, փռնքտալ:

Պատգամավոր Բուդաղյանն իր առակները քանակով ե ուզեցեր տալ:

Վերջապես, ինչ յերկարեմ, վոչ վոք զիջած ե ոգնելու խեղճ մարդուն, նույնիսկ իր ֆրակցիայի մարդիկ մերժած են վորեւե փոխատվություն, առարկելով, թե սա ամիս մըն ե վոր նոր կարծիք մը կփնտռենք հայտնելու, բայց չենք գտներ:

Միայն պատգամավոր Զաքարյանն ե յեղեր բոլորի մեջ առատաձեռն. անիկա տվեր եւ անոր ձեռքն իր «ա~ա~ա~ա~ա~»-ին պոչը եւ ըսեր ե, քաշե՛, ինչքան յերթաս՝ յետեւեդ կուգա...

ԼԵՌ-ԿԱՄՍԱՐ «Նոր զենք»,
1919թ.

առաջին էջ...»»

No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի