No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի

ԼՈՒՐԵՐ

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»-ՈՒՄ

Անդրանիկ Մարգարյանը մահվան նախօրյակին մասնակցել է «Արմենիա» Հեռուստատեսության «Բացահայտում» հաղորդաշարի նկարահանումներին: Հաղորդումն այն մասին էր, թե ինչպես է վարչապետը խորհրդային տարիներին հետապնդվել իշխանությունների կողմից եւ 2 տարի ազատազրկման դատապարտվել: Հաղորդումն արդեն եթեր կհեռարձակվի նրա հիշատակին, նշում է «Ա1+»-ը:

Շաբաթ երեկոյան Անդրանիկ Մարգարյանը նկարահանումներից տուն վերադարձին ունեցել է բարձր տրամադրություն, սակայն կիրակի առավոտյան Անդրանիկ Մարգարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Տարօրինակ է, սակայն, որ «շտապօգնություն» կանչ գրանցվել է բավականին ուշ՝ 12. 45: «Շտապօգնության» ժամանման պահին Անդրանիկ Մարգարյանն արդեն անգիտակից վիճակում է եղել:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Մարտի 25-ին տեղի ունեցած Հայոց Համազգային Շարժում կուսակցության 15-րդ համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության նոր վարչություն: 25 հոգանոց վարչության անդամ է ընտրվել նաեւ Վանո Սիրադեղյանը: ՀՀՇ վարչության նախագահ է վերընտրվել Արարատ Զուրաբյանը, իսկ գործադիր քարտուղար` Վահագն Հայոցյանը: ՀՀՇ վարչության փոխնախագահների ընտրությունը կկայանա կուսակցության վարչության հաջորդ նիստում` մարտի 27-ին:

«ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ


ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահը ցնցել է նաեւ հասարակությանը: Մարդիկ խոր ցավով են արտահայտվում նրա մասին: Այդուհանդերձ, «Ա1+»-ի կողմից հարցված քաղաքացիները ոչ միայն նրա մարդկային կորուստն են գիտակցում, այլ նաեւ քաղաքական դաշտի կորուստը:

Վարչապետի մահն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա: «Շատ բացասաբար: Նրա մահը մեծ կորուստ է եւ վաղաժամ է որեւէ բան ասելը, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ դա կանաչ լույս է Սերժ Սարգսյանի համար:

Չեմ կարծում, որ ՀՀԿ-ում կգտնվի ավելի ուժեղ մեկը, որը կկարողանա նման քաղաքականություն վարել, ոնց որ Անդրանիկ Մարգարյանը: Այսինքն, ամբողջ ՀՀԿ-ն կնվիրվի Սերժ Սարգսյանին եւ դա, բնականաբար, իր հետեւանքները կունենա ընտրությունների ընթացքում եւ այս առումով ամենամեծ կորուստը կկրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այսինքն` ընտրություններից առաջ այն, ինչ մտածում էր, 100 տոկոսով չի իրականանա»,- կարծում է 45-ամյա Օֆելյա Մովսիսյանը:

39-ամյա Էմման էլ համոզված է. «Դեպի վատը կգնա: Նա աշխատում էր ժողովրդի օգտին, չեմ կարծում` ինչ-որ մեկը նրա արածը անի»: Իրավագետ 34-ամյա Կարենի պնդմամբ, լուրջ քաղաքական գործչի պակաս կլինի. «Նա ոչ թե փողերի հիման վրա քաղաքական դաշտում ինչ-որ բան էր անում, այլ ինքն իրենով ներկայացնում էր որոշակի ուժ: Զսպվածությունը էլ չի լինի: Նա, Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը այն ուժերն են, որ իրենց անձն է սաստում, ոչ թե փողը»: Հարցման ժամանակ շատ քիչ մարդիկ պատասխանեցին, թե ոչ մի փոփոխություն էլ չի լինի: «Ամեն ինչ նույնը կմնա: Ով էլ գա, ես, միեւնույն է, էլի արեւածաղիկ եմ վաճառելու ու օրական 1000 դրամից ավել չեմ տեսնելու»,- ասաց Երեւանի կենտրոնում արեւածաղիկ վաճառելով ապրուստի միջոց վաստակող տարեց կինը:

Ի դեպ, շատերը, երբ լսում էին հարցը, խուսափում էին պատասխանել: Առանձնահատուկ զգուշավորությամբ աչքի էին ընկնում հատկապես տղամարդիկ:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԽՆԴՐԵԼ Է ՀԱՂՈՐԴԵԼ

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի հետ մարտի 26-ի առավոտյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Ազնավուրը խնդրել է իր ցավակցությունը հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ, նշելով, որ ջերմությամբ է հիշում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումները, որոնցից վերջինը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում:

Ի դեպ, մարտի 26-ին Երեւանում տեղեկություններ էին շրջանառվում մեծանուն երգչի մահվան մասին, թերեւս հիմնվելով փաստի վրա, որ Շառլ Ազնավուրը օրերս բժշկական ստուգման նպատակով հոսպիտալացվել էր: Lragir.am-ի խմբագրությունը ամբողջ օրվա ընթացքում ստանում էր ընթերցողների հեռախոսազանգեր, որոնց հեղինակները փորձում էին պարզել, թե ինչքանով են իրական քաղաքում տարածված տեղեկությունները: Թեեւ մենք նշում էինք, որ դրանք հաստատող որեւէ աղբյուր չկա, այդուամենայնիվ մեծանուն երգչի ցավակցական հեռագիրը եւս մեկ անգամ վկայում է, որ նրա մահվան մասին տեղեկություններն անհիմն են:

ՌՈՒԱՅԱԼԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ֆրանսիայի նախագահության առաջատար թեկնածուներից մեկը՝ սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը կարծիք է հայտնել, որ անդամակցությունը Եվրամիությանը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Անդամակցությունը Եվրամիությանը կօգնի Թուրքիայի դեմոկրատներին բարեփոխումներ իրականացնել եւ հաղթահարել ժխտողականությունը մի պետությունում, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը», գրել է Ռուայալը իր նոր գրքում, որից հատվածներ է արտատպել «Ֆայնենշլ թայմսը»:

Թերթը փաստում է, որ նախկինում Ռուայալը հստակ չէր արտահայտում իր վերաբերմունքը Թուրքիայի հնարավոր անդամակցության նկատմամբ` ասելով, որ իր դիրքորոշումը «նույնն է, ինչ Ֆրանսիայի ժողովրդինը»:

Վերջին հարցումների համաձայն, Ռուայալի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մոտ 25 տոկոսը, մինչդեռ աջակողմյան Նիկոլյա Սարկոզիի վարկանիշը շուրջ 30 տոկոս է:

Սարկոզին երեկ հրաժարական է տվել ներքին գործերի նախարարի պաշտոնից` կենտրոնանալով ընտրարշավի վրա:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է ապրիլի վերջին, իսկ երկրորդը՝ մայիսի սկզբին:

ՋԻՀԱՆԻՆ ԲՌՆԵՑԻՆ

Թուրքական ոստիկանությունը կիրակի երեկոյան ձերբակալել է աջ ազգային-պահպանողական «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Յասար Ջիհանին: Ձերբակալությունը կապված է Հրանտ Դինքի սպանության հետ, ինչի կապակցությամբ էլ ոստիկանությունը հարցաքննելու է Ջիհանին: Նա ձերբակալվել է Տրապիզոնում: Այդ քաղաքում էր ձերբակալվել նաեւ Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուստ Սամաստը: Թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Յասար Ջիհանին ձերբակալել են Ստամբուլի հայ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հայտարարությունից հետո, որով նա մեղադրել էր Թուրքիայի իշխանությանը Հրանտ Դինքի սպանությունը բացահայտելու անընդունակության համար:

ԳԱԲՐԻԵԼԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ Է

Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, նախքան Ռուի Լոպեսի մրցաշարին մասնակցելու նպատակով Իսպանիա մեկնելը համոզված է եղել, որ հաջողության է հասնելու:

«Ասում էր, գնում եմ հաղթելու համար: Վստահ էր իր ուժերին: Ընդհանրապես նա օպտիմիստ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է շախմատիստի քույրը` Սոնա Սարգսյանը: Գաբրիելը մրցաշարի ավարտից հետո ուղեւորվել է Բեռլին, որտեղ կբնակվի իր մտերիմ ընկեր Լեւոն Արոնյանի բնակարանում եւ կնախապատրաստվի ապրիլի 2-ին մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Մրցաշարի ընթացքում Սարգսյանը մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ եւ նշել, որ բավական բարդ մրցաշարի է մասնակցում: «Շատ էր հոգնել», - ընդգծել է Գաբրիելի քույրը:

Այն հարցին, թե ե՞րբ են համոզվել, որ Գաբրիելը հաղթելու է մրցաշարում, Սոնան պատասխանել է. «Պոնոմարյովի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Արդեն երկու տուր էր մնացել մրցաշարի ավարտին եւ այդ պարտիաներում, եթե նույնիսկ 2 ոչ-ոքի խաղար, ապա արդեն կբաժաներ առաջին տեղը, սակայն 2-ում էլ հաղթեց»:

Սարգսյանների ընտանիքում արդեն սովորական են նման հաջողությունները, թեեւ Սոնա Սարգսյանի հավաստմամբ, Գաբրիելի ցանկացած հաջողություն մեծ ոգեւորություն է առաջացնում. «Օլիմպիադայից ավելի բարձր հաղթանակ, թերեւս, աշխարհի չեմպիոնի կոչումն է: Այս մրցաշարում նրա գործակիցը բավական բարձրացավ, որը շատ կարեւոր եւ ուրախալի փաստ է մեզ համար»:

առաջին էջ...»»

No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի