No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի

ԿԱՐԾԻՔ Ց՛ՊԱՀԱՆՋ

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ԿԹՈՒԼԱՆԱ
Այսպիսի ապագան ՀՀԿ-ի համար իրական է ՀՀ վարչապետ,
ՀՀԿ նախագահ Ա. Մարգարյանի հանկարծահաս մահից հետո


ՀՀ վարչապետ եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ ու հանկարծակի մահն այս օրերին սգում են ոչ միայն նրա հարազատներն ու զինակիցները, այլեւ քաղաքական ողջ դաշտը` իշխանամետ եւ ընդդիմադիր: Որ ՀՀ վարչապետի եւ հայաստանյան քաղաքական դաշտում դոմինանտ կուսակցության ղեկավարի մահը որոշակի ճշգրտումներ մտցնի ե՛ւ քաղաքական ուժերի` առաջին հերթին, իշխանական կուսակցությունների, հարաբերակցության, ե՛ւ բուն ՀՀԿ-ում` գրեթե կասկած չի հարուցում:


Բայց մինչ այդ արձանագրենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը` որպես ՀՀ գործող նախագահ, հանդիպում է ունեցել Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական աղբյուրների, հանդիպման ժամանակ քննարկվել են կառավարության հետագա գործունեության հետ կապված հարցեր: Հանդիպման մասնակիցները կարեւորել են գործադիր իշխանության կանոնավոր ու անխափան աշխատանքի ապահովումը: Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ խորհրդակցելով ԱԺ մեծամասնության ներկայացուցիչների հետ, կձեռնարկի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով բոլոր անհրաժեշտ գործողությունները նոր կառավարության ձեւավորման ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ կառավարության արտահերթ նիստ է տեղի ունեցել, որը վարել է Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո,ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Սերժ Սարգսյանը: Սակայն ավելի ուշ այդ լուրերի հերքմամբ հանդես եկավ նախագահական նստավայրը: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը ղեկավարելու է ՀՀԿ-ն, որովհետեւ կուսակցության կանոնադրության համաձայն, «կուսակցության նախագահի բացակայության պայմաններում կուսակցությունը ղեկավարում է ՀՀԿ խորհրդի նախագահը»: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ, թեեւ Անդրանիկ Մարգարյանի կորուստը ծանր է կուսակցության եւ երկրի համար, բայց մայիսի 12-ի ընտրություններին ՀՀԿ ղեկավարի մահը խոշոր ցնցում չի առաջացնի: Իսկ համամասնական ցուցակը բնականաբար կղեկավարի ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀԿ նախագահի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշել է, թե` ճիշտ է, առաջիկայում առանց Անդրանիկ Մարգարյանի շատ դժվար է լինելու, բայցեւ կարծիք է հայտնել, որ առանց նրա` կուսակցության հիմքերը չեն թուլանա: «Հակառակը՝ պետք է համախմբվենք եւ այն ծրագրերը, որոնք նա թողել է` իրականացնենք, որոնք մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն ունեն»,- վստահեցրել է պատգամավորը: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա նա իր կողմից ավելացրեց, որ այդ խնդիրները դեռ չեն քննարկել, առաջիկա մի քանի օրվա ընթացքում նոր միայն կքննարկեն, թե կուսակցությունն այդ քարոզարշավն ինչպես է իրականացնելու: Ա. Մարգարյանի մահից հետո հնարավոր զարգացումներին անդրադարձել է նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա գնահատմամբ, Անդրանիկ Մարգարյանը, այնուամենայնիվ, իշխող թիմի մեջ մի մարդ էր, որը անցել էր համապատասխան ճանապարհ եւ ինչ-որ չափով հավասարակշռության էլեմենտ էր ներկա իշխանությունների մեջ: «Իրենից հետո ինչ կլինի՝ դժվար է ասել, հնարավոր մի քանի սցենարներ կարող են լինել, բայց ես չէի ուզենա կանխագուշակել»,- հայտարարել է Վ. Մանուկյանը: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն էլ ցավակցելով Անդրանիկ Մարգարյանի հարազատներին ու զինակիցներին` նկատել է, որ ՀՀ վարչապետն այն անձն էր, որը բալանսավորում էր իշխանամետ թեւերը»:

Նրա կարծիքով, Ա. Մարգարյանի կորուստն առաջին հերթին բացասաբար կանդրադառնա քաղաքական տարբեր բեւեռների երկխոսության վրա: ՀՀՇ վարչության անդամի համոզմամբ, ՀՀ վարչապետի մահն իր բացասական հետեւանքները կունենա նաեւ մայիսի 12-ի ընտրությունների վրա, «քանի որ պայքարը հիմնականում ընթանում է իշխանամետ երկու թեւերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ու այդ իմաստով բոլոր դեպքերում հավասարակշռության խախտում կլինի»:

ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն էլ հույս է հայտնել, որ ՀՀԿ-ն հատկապես նախընտրական այս փուլում հանդես կգա ավելի համախմբված, ավելի կազմակերպված, եւ այս կորուստը չի առաջացնի շփոթություն կամ խուճապ:

Ինչպես տեսնում եք` նախընտրական շրջանում ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին քաղաքական շրջանակների հրապարակային գնահատականներն առայժմ շատ զուսպ են, բայց, որ Անդրանիկ Մարգարյանի մահը կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես առաջիկա խորհրդարանական, այնպես էլ 2008թ. նախագահական ընտրությունների վրա` բացառել հնարավոր չէ: Ավելին, հավանականությունը, որ Ա. Մարգարյանի կորուստը խմորումներ կառաջացնի թե՛ ՀՀԿ-ի ներսում, թե՛ իշխանության հավասարակշռության մեջ` շատ մեծ է: Հիշեցնենք, որ մինչ այս էլ դեռ անցյալ տարվա հուլիսի 22-ին ՀՀԿ արտահերթ համագումարում տեղի ունեցած զարգացումներից հետո, երբ այդ կուսակցության խորհրդի նախագահ դարձավ Սերժ Սարգսյանն, ու ՀՀԿ-ն արագորեն եւ զանգվածաբար համալրվեց Սերժի բերած կրիմինալ եւ օլիգարխիկ տարրերով, այդ կուսակցության ներսում լուրջ, բայց խուլ պայքար կար մի կողմից` հին «հանրապետականների»` որոնց մարմնավորում էր վարչապետը, մյուս կողմից` Սերժի հետ հանրապետականացած օլիգարխիկ շրջանակների միջեւ: Ընդ որում` այդ ներքին պայքարը պայմանավորված էր ոչ միայն կուսակցության համամասնական ցուցակում հին ու նոր հանրապետականների միջեւ տեղերի բաշխմամբ, այլեւ քրեածին եւ օլիգարխիկ տարրերի գալով ՀՀԿ-ի վարկաբեկման մտահոգությամբ: Իհարկե, այս վերջինը շատ չնչին ազդեցություն ուներ ներկուսակցական պայքարում, բայց միաժամանակ այդ պայքարը հավելյալ փաստարկով սրող շտրխ էր: Հիմա` Ա. Մարգարյանի մահից հետո ՀՀԿ-ն լիովին անցավ Սերժ Սարգսյանի բացարձակ վերահսկողության տակ, իսկ հին հանրապետականները, ովքեր մինչ այս ապավինում էին հին հանրապետական Անդրանիկ Մարգարյանին, այլեւս ստիպված կլինեն հաշտվել կուսակցության ներսում իրենց երկրորդական դերի հետ :

Ներիշխանական հարաբերություններում Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ամեն ինչ ավելի լուրջ ու բարդ է լինելու: ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ ՀՀԿ դիրքերը, այդուամենայնիվ, լրջորեն կթուլանան: Եթե անգամ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ լուրջ հակասություններ չկան եւ, որ նրանք վաղօրոք եւ միասնաբար են որոշել ապագա խորհրդարանի կազմը, որ Սերժ Սարգսյանը հատուկ էր ներդրվել ՀՀԿ-ում այդ կուսակցությունը վերահսկելու, ՀՀԿ-ի եւ նրա նախագահ Անդրանիկ Մարգարյանի հավակնությունները զսպելու համար, միեւնույն է` կուսակցությունների մակարդակով «Հանրապետականի» եւ «Բարգավաճի» միջեւ այդ հակասությունն ակնհայտ է: Դա շարունակվելու է նաեւ առաջիկայում` խորհրդարանական ընտրությունների ֆոնի վրա: Ա. Մարգարյանին կորցնելուց հետո կթուլանա ոչ միայն «Հանրապետականը», այլեւ Սերժ Սարգսյանը` անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: Նախ, մինչ այս ՀՀԿ-ն փաստացի ուներ երկու շատ կարեւորագույն վարչական լծակ` ՀՀ վարչապետի եւ բանակի հրամանատարի պաշտոնները, որոնք որոշակի ազդեցություն ունեն նաեւ ընտրական պրոցեսների վրա: Ա. Մարգարյանի մահից հետո այդ լծակներից մեկը` բանակային ռեսուրսը, ՀՀԿ-ն կարող է կորցնել: Դա կախված է այն բանից, թե ով կլինի ՀՀ պաշտպանության նախարարը, եւ արդյոք նա հակված կլինի դեպի Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ, Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ դառնալուց հետո այս կուսակցությունը հասարակության շրջանում այլեւս միանշանակորեն եւ վերջնականապես «ղարաբաղյան կլանի» համարում կստանա, իսկ այդ պարագայում, երբ արդեն չկա Անդրանիկ Մարգարյանի` որպես ազգային գործչի, որպես Վազգեն Սարգսյանի զինակցի գործոնը, այդ կուսակցության ձայներն օբյեկտիվորեն կպակասեն:

Բոլոր դեպքերում շատ հավանական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում որոշակի ճշգրտումներ լինեն նաեւ վաղօրոք որոշած հարաբերակցության մեջ: Եվ եթե մինչ այս կարծիք կար, որ այդ ընտրություններում առաջին տեղ կզբաղեցնի ՀՀԿ-ն եւ հետո միայն ԲՀԿ-ն, ապա հիմա շատ հավանական է, որ այդ կուսակցությունները տեղերով փոխվեն: Դա հե՛նց իշխանությունները կարող են մատուցել իբրեւ Ա. Մարգարյանի մահից հետո տեղի ունեցած բնական երեւույթ, խուճապ, հուսալքություն եւ այլն: Իսկ սա նշանակում է, որ ըստ գործող Սահմանադրության, որի դրույթներից մեկը` վարչապետի նշանակման կարգը ուժի մեջ կմտնի արդեն նոր ԱԺ-ի ձեւավորումից հետո, վարչապետի թեկնածու կառաջադրի արդեն ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն, ասել է թե` նախագահ Քոչարյանը: Սա իր հերթին կարող է այնքան թուլացնել Սերժի դիրքերը, որ նրա վարչապետ եւ ապա նաեւ ՀՀ նախագահ դառնալու հարցը ամբողջովին կախված կլինի Քոչարյանի եւ ԲՀԿ-ի քմահաճույքից:

Եվ վերջում. բացի Անդրանիկ Մարգարյանի` որպես պետական գործչի կորուստը, ցավալի է նաեւ այն, որ Հայաստանում վերջին ավելի քան 9 տարվա ընթացքում ձեւավորվել է մի այնպիսի արատավոր երեւույթ, որ հասարակության, քաղաքական ուժերի շրջանում արդեն ավանդույթ է դարձել կասկածամտորեն վերաբերել հանկարծակի մահերին, մանավանդ երբ դա վերաբերում է պետական պաշտոնյաներին եւ քաղաքական դաշտի առանցքային դերակատարում ունեցող դեմքերին: Սա անկախ այն բանից, թե այս կասկածամտությունն ի՞նչ հիմքեր ունի եւ ի՞նչ ակունքներից է սնվում: Առաջին արձագանքները, որ եղան Ա. Մարգարյանի հանկարծակի մահից հետո այն էր, թե արդյո՞ք ոչ ոք չի օգնել վարչապետին մահանալ, այն էլ ընտրություններից առաջ` Հայաստանի համար ճակատագրական այս կարեւոր փուլում:


ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

առաջին էջ...»»

No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի