No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի
ՓԱԴԻՇԱԿ
ԱՐՄԱՎԻՐԸ` ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՈՒ «ՀԱՄՄԵՐՆԵՐԻ» ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐՈՒՄ
Կիրակի
օրը Արմավիրում «ջիփերի» ու «համմերների» «թագավորություն» էր: Բնակիչներն ասում
էին, թե երբեք իրենց քաղաքն այդքան արտասահմանյան մեքենաներով ու հաստավիզ սափրագլուխներով
լեցուն չի եղել: Բայց քաղաքում ոչ թե մեքենաների մրցույթ էր կամ հաստավիզների ֆիզիկական
ուժերի մրցակցություն, այլ ընդամենը Արմավիրի քաղաքապետի ընտրություն:
«Մենամարտի» էին դուրս եկել Հանրապետական կուսակցության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը
եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանը: Նրանք
երկուսն էլ ամեն ինչ արել էին ընտրվելու համար. ՀՀԿ-ն ակտիվացրել էր հատկապես «ասֆալտի
գործը»: ԲՀԿ-ն նույնիսկ հանրահայտ երգիչ Միխայիլ Շուֆուտինսկուն էր բերել Արմավիր`
մենահամերգի, որին հակադարձեց ՀՀԿ-ն` հայ աստղերի համերգը կազմակերպելով քաղաքում:
Սակայն, ինչպես մեր նախորդ համարում էինք նշել, «Շուֆուտինսկիները գնայուն են,
ասֆալտն է մնայուն»: Պարզվում է, որ արմավիրցիները ականջալուր եղան մեր խոսքին:
Նրանք բավականին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին քաղաքապետի ընտրություններին
եւ ընտրեցին «ասֆալտ փռած» թեկնածու, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանին:
Արմավիրցիներն ասում էին, որ այս ընտրությունները բավականին թանկ նստեցին ե՛ւ ՀՀԿ-ի,
ե՛ւ ԲՀԿ-ի վրա, քանի որ երկու կողմն էլ բավականին կլոր գումարներ ծախսեցին հաղթանակի
հասնելու համար:
Ինչեւէ, քվեարկությանը մասնակցեց 15.791 մարդ, որոնցից 8.322-ը իրենց ձայնը տվեցին
Ռուբեն Խլղաթյանին, իսկ 6. 844-ը` Արայիկ Աղաբաբյանին: (598 քվեաթերթիկ անվավեր
ճանաչվեց, իսկ անճշտությունները 28-ն էին): Բայց քաղաքացիների ակտիվ մասնակցությունն
էլ էր արհեստական, քանի որ երկու թեկնածուների կողմնակիցներն էլ մեքենաներով տեղամասեր
էին բերում ընտրողներին: Նույնիսկ հիվանդ տատիկներն էին մի կերպ վեր կացել տեղաշորից
ու «վազել» ընտրատեղամասեր: Նրանց որպես կանոն որեւէ մեկը օգնում էր քվեարկել,
բայց հետաքրքիրն այն էր, որ հաճախ էին հանդիպում նաեւ բավականին երիտասարդներ,
որոնք իբր կույր էին եւ ընտրական հանձնաժողովները «օգնում էին» ճիշտ քվեարկել:
Չնայած այս ամենին՝ որ թվում էր, թե ամեն ինչ հարթ է անցնում, լարվածություն, այնուամենայնիվ,
կար քաղաքում: Դրա մասին էր վկայում թեկուզ այն, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն
անձամբ էր շրջում ընտրատեղամասերով` 055ԼԼ55 պետհամարանիշի «ջիփով»: Նրան ուղեկցում
էին մի քանի հաստավիզ թիկնապահներ: Մարզպետը Արմավիրի թիվ 5 դպրոցում տեղակայված
21/2 ընտրատեղամասում փորձում էր լրագրողներին արգելել շրջել տեղամասում, որովհետեւ
դժվարանում էր ընտրակեղծիքներ կատարելու հնարավորությունը: Բայց երբ նրան ցույց
տվեցինք Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթը, որտեղ նշվում է, որ լրագրողներն
ունեն տեղամասում ազատ տեղաշարժվելու իրավունք, նա «փոր ու փոշման» մի քանի բան
միայն «քթի տակ» խոսեց ու հեռացավ:
Իսկ ավելի ուշ, երբ «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոլրագրող Գագիկ
Շամշյանը լուսանկարեց մարզպետարանի դիմաց կանգնեցված «համմերներն» ու «ջիփերը»,
դա դուր չեկավ բակում խմբված հաստավիզ սափրագլուխ մարդանմաններին: Նրանք անմիջապես
թափվեցին լրագրողի գլխին եւ փորձում էին հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով խլել
ֆոտոլրագրողի ֆոտոխցիկը: Երբ տողերիս հեղինակը փորձեց հասկանալ, թե ովքեր են այդ
աքլորացողները, որոնք նույնիսկ հասկանալի հայերենով մի նախադասություն չէին կարողանում
արտաբերել, սափրագլուխներից մեկն ասաց, թե Ազգային անվտանգության ծառայությունից
են: Բայց մեր պահանջին, թե ներկայացրեք ԱԱԾ-ի աշխատակից լինելու մասին հաստատող
որեւէ փաստաթուղթ, բնականաբար, չկարողացան տալ: Նրանք միայն անվերջ կրկնում էին,
թե մեքենաներն իրենց սեփականությունն են, եւ ոչ ոք իրավունք չունի նկարել դրանք:
Բայց իրենց ասածն ապացուցող որեւէ օրենք էլ չկարողացան մատնացույց անել: Երբ սպառվեցին
բոլոր հնարավոր մեթոդները` լրագրողի ձեռքից ֆոտոխցիկը խլելու փորձերը, նրանցից
մի երկուսը ձեռքները երկարացրեցին ֆոտոլրագրողի վրա ու քաշքշելուն զուգահեռ, սկսեցին
սպառնալ: Մեկն էլ համոզում էր Շամշյանին մի կողմ գնալ`զրուցելու: Բայց երբ այդ
տարբերակն էլ չստացվեց, սափրագլուխները եկան այն եզրակացության, որ «լրագրողներն
են երկիրը քանդում»: Եւ սա դեռ ամբողջը չէ, պարզվում է, որ նրանք անմիջապես ֆիքսել
էին լրագրողներին Արմավիր հասցրած տաքսի ավտոմեքենայի համարները: «Դուխով տղերքը»
զանգահարել էին տաքսի ծառայություն եւ պահանջել վարորդին հետ կանչել Արմավիրից`
պատվիրատուներին թողնելով փողոցում: Դա էլ, բնականաբար, չստացվեց:
Իսկ մեզ, այնուամենայնիվ հաջողվեց պարզել, թե ովքեր էին մարզպետարանն իրենցով անող
ցինիկները: «01 777» պետհամարանիշի «Համմերը» պատկանում է գեներալ, պատգամավոր
դառնալու հավակնություններ ունեցող Սեյրան Սարոյանին: Եւ նրանք հավանաբար, ընթերցելով
«ՉԻ» նախորդ համարում տպագրված հոդվածը` Սեյրան Սարոյանի մասին, խիստ բարկացել
էին ու ամեն ինչ անում էին թերթին թղթակցող ֆոտոլրագրողի աշխատանքները խափանելու
համար, քանի որ նա լուսանկարել էր նաեւ Սարոյանին պատկանող տունը: Բայց հերթական
անգամ նրանց «ակցիան», բնականաբար, հաջողությամբ չպսակվեց: Սեյրան Սարոյանի եւ
իր մանկլավիկների սեփականությունը «անմահացված է»: Տպագրված լուսանկարում այն չարաբաստիկ
ավտոմեքենան է, որի հրապարակմանն այդքան խոչընդոտում էին սափրագլուխները:
Ի դեպ, հաստավիզների թվում էին նաեւ Արմավիրի նորանշանակ մարզպետ, Սյունիքի մարզային
նախկին ոստիկանապետ Աշոտ Ղահրամանյանի թիկնապահները: Նախկին օրինապահը լրագրողների
հետ «խոսում է» սափրագլուխների «դիրքերից»:
Հ.Գ. Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ «ՉԻ» նախորդ համարում գեներալ Սեյրան
Սարոյանի մասին հրապարակված հոդվածից հետո վերջինս միջոցներ է ձեռնարկել մեր թերթի
վաճառքը Էջմիածնում եւ Արմավիրում արգելափակելու համար: Մասնավորապես, «ՉԻ» վերջին
համարի ամբողջ տպաքանակն է հավաքվել նշված վայրերի կրպակներից, որից հետո Ս. Սարոյանը
կրպակավաճառներին կարգադրել է «ՉԻ» տպաքանակը ստանալու դեպքում թաքցնել եւ գնորդներին
տեղեկացնել, թե թերթը արդեն վաճառվել է, իսկ այնուհետեւ չվաճառված թերթը վերադարձնել:
Այս տեղեկությունը հաստատել է Արմավիրի վախվորած կրպակավաճառներից մեկը:
Մենք անպայման հետեւելու ենք իրադարձությունների հետագա զարգացմանը, եւ եթե թերթի
նկատմամբ սկսված այդ արշավը շարունակվի, ապա մեր կողմից էլ որոշակի միջոցներ կձեռնարկվեն:
Իսկ Սեյրան Սարոյանի այս գործողությունը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ
վերջինս իրեն Էջմիածնի շրջանում փադիշահ է զգում:
No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի