«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N644 (ինտերնետային N804),
27 Մարտի 2007 թ.
Երկու ցանկություն կա, որոնց կատարումը կարող է կազմել մարդու իսկական երջանկությունը՝
օգտակար լինել եւ ունենալ հանգիստ խիղճ:
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Անդրանիկ Մարգարյանը մեկն էր այն եզակի պետական գործիչներից, ում
սիրտն իսկապես ցավում էր այս երկրի համար: Ընդ որում, կարելի էր ընդունել Հայաստանը
ոտքի կանգնեցնելու նրա ընտրած ուղին կամ չընդունել, բայց վերջնական նպատակը չընդունել
հնարավոր չէր, եւ հենց սա է, որ համընդհանուր է դարձնում կորստի գիտակցությունը:
«Չորրորդ իշխանությունը» ցավակցում է Անդրանիկ Մարգարյանի հարազատներին ու մտերիմներին,
ինչպես նաեւ նրա կուսակցական ընկերներին եւ գաղափարակիցներին:
ՄԱՐԴ ՄՆԱՆՔ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ
Վարչապետ
Անդրանիկ Մարգարյանի մահը շատերին ցնցեց, եւ անկասկած՝ շատ մեծ ազդեցություն կունենա
Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Բայց ամենեւին էլ այդ մասին չէ, որ կցանկանայինք
խոսել այսօր: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եթե քաղաքական լուրջ միավոր
է, իր մեջ ուժ կգտնի եւ կհաղթահարի նաեւ ա՛յս փորձությունը:
Այսօր թերեւս արժե անդրադառնալ մարդկային գործոնին: Այո, վարչապետի մահը շատերին
էր ցնցել: Եվ որեւէ նշանակություն չունի՝ այդ մարդիկ գո՞հ էին կառավարության աշխատանքից,
թե ոչ, այդ մարդիկ իշխանամե՞տ էին, թե ընդդիմադիր եւ այլն: Սգում էին բոլոր նրանք,
ովքեր դեռեւս ինչ-որ հույսեր էին կապում Հայաստանի հետ եւ գտնում էին, որ մեր երկիրը
դեռեւս վերջնականապես ստրկացված չէ ու դեռեւս հույս կա, որ ի վերջո առողջ բանականությունը
հաղթելու է:
Այստեղ
ոչ մի գաղտնիք չկա: Պարզապես Անդրանիկ Մարգարյանը հասարակության համար ընկալելի
կերպար էր: Ընկալելի էր բոլոր նրանց համար, ովքեր դժգոհ էին խորհրդային իրականությունից,
բայց ընդվզելու համարձակություն չունեին, ընկալելի էր բոլոր նրանց համար, ովքեր
գտնում էին, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը բարձրագույն արժեք է, որին
կարելի է եւ պետք է ստորադասել ցանկացած այլ արժեք... Այո, Անդրանիկ Մարգարյանը
ոչ լուսնից էր իջել, ոչ էլ «Ճենաց աշխարհից»: Սովորական հայ մարդ էր՝ ավանդական
մտածելակերպով, ավանդական երազանքներով ու այդ ավանդները պետականորեն պաշտպանելու
ձգտումներով: Նա նույնիսկ կառավարական առանձնատանը բնակվելուց էր հրաժարվել՝ ոչ
թե այն պատճառով, որ փի-առ մասնագետներն էին խորհուրդ տվել, այլ որովհետեւ, իր
պատկերացումներով, հայ տղամարդը պիտի իր հայրական տանն ապրի (կամ այնտեղ, որտեղ,
իր կարծիքով, իր հայրական տունն է): Ու հենց սա է պատճառը, որ վարչապետի մահվան
օրը հեռուստաընկերությունները փողոցներում պատահական մարդկանցից կարծիքներ էին
հարցնում նրա մասին ու այդպես էլ ոչ մի բացասական կարծիք չլսեցին: Չէ, անցորդները
կեղծավորություն չէին անում: Նրանք պարզապես մարդկային գործոնն էին կարեւորում:
Որովհետեւ մարդիկ Անդրանիկ Մարգարյանից ինչ ասես տեսել էին՝ ե՛ւ հավասարակշռված
քայլեր, ե՛ւ սխալներ, ե՛ւ թերացումներ, բայց որեւէ հակամարդկային եւ հակաբարոյական
քայլ չէին տեսել: Այսինքն՝ մարդը հաջողացրել էր տարիներ շարունակ մնալ իշխանական
վերնախավում եւ միաժամանակ չարատավորել մարդկային իր կերպարը: Իսկ սա այսօրվա Հայաստանում
եզակի երեւույթ է:
Իսկ մարդիկ երեւի զգում էին, որ Անդրանիկ Մարգարյանի մահով Հայաստանի իշխանական
դաշտից մարդկայնության վերջին կղզյակն է անհետանում: Վստահ ենք՝ ո՛չ վերջնականապես:
ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԻՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ
Ազատության հրապարակում «Գարուն-2007» միջոցառումներից հետո
Երեւանի քաղաքապետարանը հիմա էլ որոշել է կապիտալ վերանորոգման ենթարկել դեպի Մատենադարան
տանող աստիճանները:
«ՉԻ» - Փաստորեն, ընդդիմության ակտիվացումը խիստ բարերար ազդեցություն է
ունենում մայրաքաղաքի մշակութային օջախների վրա: Հաշվի առնելով այս հանգամանքը,
հազարավոր երեւանցիների անունից «Իմպիչմենտ» դաշինքին խոնարհաբար խնդրում ենք հաջորդ
հանրահավաքն անցկացնել Կոմիտասի պողոտայում՝ տրամվայի գծերի տեղում: Ավելին, վստահ
ենք, որ եթե «Իմպիչմենտն» իր հանրահավաքները կազմակերպի ոչ թե շաբաթը մեկ, այլ
ամեն օր, եւ այն էլ՝ քաղաքի տարբեր թաղամասերում, ընդամենը երկու ամիս անց Երեւանը
լիովին բարեկարգված կլինի: Ի դեպ, վատ չէր լինի, եթե մինի-հանրահավաքներ արվեին
նաեւ բազմահարկ շենքերի տանիքներին կամ վերելակներում:
Ինչեւէ: Մեր տեղեկություններով, մայիսի 13-ի վաղ առավոտվանից ԿԸՀ շենքի մերձակայքում
եւ Բաղրամյան պողոտայի վրա շինարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանալու:
ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼ
ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանը հայտարարել է, թե իրենք դեմ են ընդդիմադիր
միասնական շտաբ ստեղծելու առաջարկին, եւ ավելացրել, որ ՀԺԿ-ն այս անգամ շատ ավելի
լավատես է ընտրությունները չկեղծելու հարցում:
«ՉԻ» - Լավատեսության հարցում ՀԺԿ-ն միայնակ չէ: Իշխանական ուժերն էլ են
(քիչ էր մնում գրեինք՝ «իշխանական» մյուս ուժերն էլ են) այդպես կարծում: Իսկ թե
ինչու է ՀԺԿ-ն այդքան լավատես՝ պատճառը, կարծում ենք, «պոչտալյոն Պեչկինի սինդրոմն»
է: Այդ պատվարժան անձնավորությունը, եթե հիշում եք, չար էր, որովհետեւ հեծանիվ
չուներ, բայց հենց որ հեծանիվ ստացավ, իսկույն սկսեց բարիանալ: Մանավանդ որ հեծանիվը
մի տեղանոց փոխադրամիջոց է, իսկ ՀԺԿ-ին, որքան հայտնի է, առաջիկա խորհրդարանում
7-8 տեղ է խոստացվել:
Մի խոսքով, անկեղծորեն ուրախ ենք ՀԺԿ-ի համար: Եվ վստահ ենք, որ իշխանություններն
իրենց խոստումը կատարելու են (որովհետեւ հետո նախագահի ընտրություններ են լինելու,
իսկ իշխանությունների համար Ստեփան Դեմիրճյանից ավելի հարմար մրցակից դժվար է պատկերացնել):
Այնպես որ, լավատեսության համար բոլոր հիմքերն իսկապես կան:
ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԱԶԱՏ, ԲԱՅՑ ՎԱԽՎՈՐԱԾ
Կիրակի օրը հայ հեռուստադիտողները բավականին տարօրինակ վիճակում
էին հայտնվել: «Ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցները (խոսքը, հասկանալի է,
հեռուստաընկերությունների մասին է) դասական երաժշտության համերգներ էին հեռարձակում:
Հենց այնպես՝ առանց որեւէ բացատրության, հեռուստաընկերություններն ընդհատում էին
եթերը (մեկը՝ մուլտֆիլմը, մյուսը՝ համերգը, երրորդը՝ սերիալը) ու դասական երաժշտություն
ցուցադրում: Միակ բացառությունը «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությունն էր, որն,
ի պատիվ իրեն, կարողացավ այդ օրը կատարել իր հիմնական պարտականությունը եւ լրատվություն
տրամադրել: Իսկ շարքային հեռուստադիտողները, դասական երաժշտության այդօրինակ առատությունից
խուճապահար, տարակուսում էին՝ չլինի՞ պատերազմ է սկսվել, ու տագնապած զանգում էին
իրար՝ որեւէ բան ճշտելու հույսով:
Ավելի ուշ հեռուստադիտողներն, իհարկե, հասկացան, որ Հայաստանում դժբախտություն
է պատահել: Բայց հասկացան ոչ թե այն պատճառով, որ այդ մասին լրատվություն տարածվեց,
այլ որովհետեւ հեռուստաընկերությունները սկսեցին ազգային ֆիլմեր ցուցադրել (հիմնականում՝
«Ձորի Միրոն»): Սա հեռուստադիտողների համար արդեն իսկ մեծ մխիթարություն էր, որովհետեւ
հասկանալի դարձավ, որ տեղի ունեցած դժբախտությունը երկրաշարժ չէ (եթե երկրաշարժ
լիներ՝ բոլոր հեռուստաընկերությունները «Հին օրերի երգը» կցուցադրեին):
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Մահացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Եվ
բոլոր հեռուստաընկերությունները, հասկանալի է, շատ արագ տեղեկացել էին այդ մասին
(այլապես դասական երաժշտություն չէին հեռարձակի): Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն
է, որ տեղեկացված լինելով՝ հեռուստաընկերությունները չէին համարձակվել հասարակությանը
տեղյակ պահել կատարվածի մասին: Փաստորեն, հայտնվելով «արտակարգ իրավիճակում», Հայաստանի
իբր անկախ լրատվամիջոցներն իսկույն մոռացել էին, որ իրենց հիմնական ֆունկցիան հասարակությանը
ինֆորմացիա մատակարարելն է, եւ իրենք իրենց, մեղմ ասած, հիմարի տեղ էին դրել: Պարզ
ասած, նրանք «մոռացել էին», որ իրենց պատվիրատուն հասարակությունն է, եւ վախենում
էին առանց իրական պատվիրատուների համաձայնության որեւէ լրատվություն հաղորդել:
Ինչ իմանաս, մեկ էլ տեսար՝ պատվիրատուները հրամայեցին հաղորդել, թե վարչապետն ինքնասպանություն
է գործել, կամ նպատակահարմար համարեցին ընդհանրապես որեւէ բան չհաղորդել: Ստրուկը
հենց նրանով է ստրուկ, որ վախենում է առանց տիրոջ հրամանի որեւէ քայլ կատարել:
Հայկական հեռուստաընկերությունների այս պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ
Հայաստանում քիչ թե շատ անկախ հեռուստաընկերություններ չկան: Եղածներն ընդամենը
ապօրինի գովազդների գումարներն են լափում, ու երբ որեւէ պատճառով լափելու այդ գործընթացը
վտանգվում է, վախից սսկվում են ու «շառից-փորձանքից հեռու» կամ դասական երաժշտություն
են ցուցադրում, կամ ընդհանրապես անջատում են եթերը: Պատահական չէ, որ նույն այդ
սիմֆոնիկ համերգները պարբերաբար ընդմիջվում էին գովազդներով (քյաշ փող է եւ վախի
հետ որեւէ կապ չունի): Այսինքն՝ հեռուստաընկերությունները գտնում էին, որ, օրինակ,
«Արմենտելի» նոր ակցիայի մասին հեռուստադիտողներին տեղեկացնել կարելի է, իսկ վարչապետի
մահվան մասին՝ չի կարելի:
Հ.Գ. 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին համաշխարհային լրատվամիջոցները
հաղորդեցին դեպքից մեկ ժամ անց: 2007թ. մարտի 25-ին ՀՀ վարչապետի մահվան մասին
Հայաստանի լրատվամիջոցները հաղորդեցին դեպքից երկուսուկես ժամ անց: Երեւի հեռուստաընկերությունները
«նայողը» սափրված չէր:
ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ
Ժ Ա Ռ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Խաչիկ վարժապետը իր գործերն ավարտած առանձնասենյակեն դուրս
յելլել կուզեր, յերբ դրան վրա մարդ մը կեցուց զինքը:
- Վարժապե՛տ, խնդրանքով մը քեզի կուգամ:
- Խնդրե՛մ, խնդրե՛մ, համեցե՛ք,- ըսավ Խաչիկ վարժապետն ու սկսավ վոտեն մինչեւ գլուխ
զննել ոտարականը:
Անծանոթն այն սովորական մարդոցմե յեր, վորոնք քանի չեն սկսեր խոսիլ, շատ խելոք
մարդ կկարծես եւ ուժերդ լարելով՝ կըպատրաստվիս, ընդունելու անոնց խորունկ մտքերը.
բայց յերբ կըսկսին խոսիլ, կհիասթափվիս ու ճիշտ այն խաբկանքը կունենաս, ինչ վոր
կունենա մութի մեջ առուն թռնող մը, յերբ յերեք կանգուն ու ցատկելեն յետք՝ կտեսնե,
վոր ընդամենը մեկ վոտք լայնություն ե ունեցեր առուն...
- Վարժապե՛տ, հանրապետական յերկրի մը մեջ կապրինք,- սկսավ այցելուն, յերբ պաշտպանության
զենքերը միանգամայն փոխված են: Բռնակալության ատենները, ատրճանակ մը կկապեյիր վրադ
ու ալ ապահովված եյիր հարձակումե, բայց հիմա տարբեր ե, վարժապետ, հիմա ճառով կհարձակին
վրադ ու կը խեղճացնեն ձեզ՝ յեթե ճառին դիմաց ճառ չքաշես, բառին դիմաց՝ բառ չհանես...
Խաչիկ վարժապետը տեսնելով, վոր գործը յերկարե պիտի, վրայեն վերարկուն՝ իսկ հյուրին
վրային իր հագցուցած լավ կարծիքը հանեց ու նստավ:
- Այո՛, կհասկնամ, ճառին դիմաց՝ ճառ, բառին դիմաց՝ բառ: Հետո՞:
- Գիտե՞ք, պարոն, յես դաշնակցական եմ...
- Գիտեմ, ազնիվ մարդ կերեւիք:
- Շնորհակալ եմ: Այո, դաշնակցական եմ եւ այդ իսկ պատճառով կրկնակի կարիք ունիմ
ճառի: Ինչպես գիտեք, մեր կուսակցությունը սովորություն ունի հերթով իր բոլոր անդամները
պատգամավորի պաշտոնով խորհրդարանը ղրկել, վորն՝ ամսով, վորը՝ շաբաթով եւ վորը նույնիսկ
մեկ նիստով, վորպեսզի տեղ պահեն մինչեւ արժանավորը հասնի: Այսոր հերթը ինծի յե
հասեր ու խիստ կմտահոգվիմ, թե յերթալուս ի՞նչ խոսիմ: Մեկ նիստի համար ըլլար՝ հոգ
չէր, կրնայի չխոսիլ, բայց ութը, տասը նիստ իրար վրա նստել ու լռել՝ չըլլար, մանավանդ,
վոր պաշտոնական լռող մը ունինք արդեն, յես ալ անդիյեն յելլեմ հանկարծ լռեմ, կհարմարի՞...
- Չի հարմարեր...
- Այդ իսկ պատճառով քեզի յեմ յեկեր, վոր ինծի համար ճառ մը շինես:
- Այս խոսքին վրա զարմացած՝ ժակետն ալ պիտի հաներ վարժապետը՝ յեթե շապիկ ըլլար
վրան:
- Ուրեմն կուզես, վոր քեզի ճա՞ռ մը շինեմ...
- Այո՛, այո՛, կխնդրեմ հատուկեն:
- Բարի՛... իսկ ի՞նչ գիտես:
- Աղվոր ձի նստել գիտեմ:
- Ձի նստելը չի բավեր. բառ, բառամթերք, հաջող ձայն, ձեռքի շարժում...
- Ձեռքի շարժում... որինակ, մարդ ծեծել գիտեմ, գալով ձայնին՝ ծեծելուս կրնամ աղվոր
ալ պոռալ վրան:
- Այդ չէ ուզածս: Դատողություն, տրամաբանություն, բեմասացություն...
- Վո՛չ, ատանկ բաներ չունիմ:
- Իսկ ի՞նչ կրթություն ունիս, կկարդա՞ս, կգրե՞ս:
- Կգրեմ, բայց չեմ կարդար:
- Կնշանակե վոչ մեկ ատաղձ ունիս ճառի համար ու կպահանջես ճառ շինեմ քեզի. ինչո՞վ
շինեմ:
- Շինե՛, շինե՛, բանով մը շինե, կաղաչեմ...
- Ճառը՝ բառով կշինվի, դատողությամբ, կապակցությամբ եւ ուրիշ խել մը անանկ բաներով,
վորմե դուն տեղեկություն չունիս:
- Ե՛.... չի՞ կարելի արդյոք ատ ըսածդ բաները պատգամավորներե փոխ բերել:
- Անհնար ե, ո՞վ իր կարծիքը կամ դատողությունը փոխ կուտա:
- Ի՞նչ կըլլա պե, ախպար: Վորո՞ւ խնդրեմ, թե՝ կարծիքդ տուր մեկ րոպեյով տանիմ կարծեմ
բերեմ՝ չի տար: Գիշեր մը պառկելուն կուզեմ:
- Գիշե~ր, ի՞նչ կըսես, կկարծես գիշերը յերազին մեջ ոփոզիցիոն պատգամավոր մը կարծիքի
պետք չո՞ւնենար: Կամ յեթե զառանցե քունին մեջ՝ բառ պե՞տք ե թե վոչ:
- Յես կբերեմ, դուն մի՛ խառնվիր:
- Բերիր նե՝ յես ալ կշինեմ:
- Ըսե՛, ի՞նչ պետք ե քեզի:
- Որինավոր, մարդավարի ճառ մը շինելու համար ինծի հարկավոր են հետեւյալ բաներ.
-
Արշավիր Մելիքյանի հառաջաբանն ու վերջաբանը: Նայե՛, վոր յերկար հառաջաբաններեն
բերես. ըսե յերկարներեն տուր, քանի վոր պատգամավորութենե հրաժարված ես:
Պատգամավոր Ազատյանեն կբերես ինչքան կրնաս՝ շատ բառ, յեթե կրնաս, իր ունեցած ամբողջ
բառերը բեր, միայն նայես, վոր միտք չըլլա մեջերնին մոռցված, մաքուր, զտված բառեր.
Յեվ վորովհետեւ դժվար եւ իրարու յետեւե անդադար խոսելը, եւ պետք ե պահ մը լռել,
շունչ առնելու համար, ահա այդ խոսքին մեջերը դնելու համար Ռաշմաճյանեն քիչ մը լռություն
բեր. ըսե խնդրե՛մ յերկու րոպեյով խոսեք՝ ձեր լռությունը տանիմ-բերեմ:
Բուդաղյանեն յերկու հատ առակ բեր միայն, շատ կուտա՝ չբերե՛ս: Յեթե խոսածներդ ռուսերենի
պիտի թարգմանվին՝ Զաքարյանեն յերկա~ր «ա~ա~ա~» մը բեր: Սմբատ Խաչատրյանեն կբերես
քիչ մը կարկատան, վոր բան ե, յեթե խոսելուդ հանկարծ ճառդ պատռվի կամ կապը կորսնցնես,
իսկույն ձգես վրան կար կանես: Նայե, վոր կարկատանները ծակ չըլլան:
- Այսքա՞ն:
- Կբավե:
- Իսկ շինելիքդ ճառը յերկա՞ր պիտի ըլլա, քանի՞ գավաթ ջուրով կխոսվի:
- Բավականին յերկար կըլլա:
- Հոգ չէ՛, բեմը յելնելուս՝ դույլ մը ջուր կառնիմ հետս:- Դուն ինծի աս ըսե, այդ
ճառը կուռ, տրամաբանական բան մը պիտի ըլլա՞, թե ամեն վեր կեցողը ջրե պիտի:
- Շատ կուռ:
- Այո՛, այո՛, կուռ շինե խնդրեմ, շա՛տ կուռ, այնքան, վոր պատգամավոր Զուբյանն ալ
չկրնա ջրել:
- Ո~, ի՞նչ կսես, ատիկա անկարելի յե, Զուբյանը չջրե նե՝ տիար Խոնտկարյանը պիտի
ջրե: Գիտությունը ցայսոր չե արտադրած ճառ մը, վոր զույգ պատգամավորները չկարողանային
հերքել:
- Ըսել ե չես կրնար:
- Չեմ կրնար:
- Մեր ֆրակցիայի նախագա՞հն ալ չի կրնար:
- Վո՛չ:
- Թորոսյա՞նը:
- Անկարելի յե:
- Աղբալյա՞նը:
- Հնար չէ՛:
- Բայց հոգ չէ... մնաս բարով:
- Հերթաս բարով, բայց չեմ հուսար, վոր տան:
- Կուտա~ն, ճանըմ, կուտա~ն, ըսավ պարոն ապսպրողն ու գնաց:
Գնաց ու յերկու որ բնավ չերեւաց: Յերրորդ որը Խաչիկ վարժապետին գալով՝ պատմեց,
թե վոչ մեկը ուզեցեր ե բան տալ:- Արշավիր Մելիքյանն իր հառաջաբանն ու վերջաբանը
չէր տված՝ առաջարկելով հառաջաբանին հետ քիչ մըն ալ բուն նյութեն վերցնել: Պատգամավոր
Ազատյանը ըսած ե, թե՝ իմ ըսելիքները խորհրդարանին մեջ չեն վերջանար, կեսն ալ կը
տանիմ տունը՝ քունիս մեջ խոսելու:
Պատգամավոր Ռաշմաճյանն իրեն ըրած խոսելու առաջարկը լսելով, կարծած ե, վոր սատանան
ինքզինքը փորձելու յե յեկեր, «Այ տղա՛, հետիս գնա՛» ըսեր ե: Չի համաձայնած նույնիսկ
հազալ, փռնքտալ:
Պատգամավոր Բուդաղյանն իր առակները քանակով ե ուզեցեր տալ:
Վերջապես, ինչ յերկարեմ, վոչ վոք զիջած ե ոգնելու խեղճ մարդուն, նույնիսկ իր ֆրակցիայի
մարդիկ մերժած են վորեւե փոխատվություն, առարկելով, թե սա ամիս մըն ե վոր նոր կարծիք
մը կփնտռենք հայտնելու, բայց չենք գտներ:
Միայն պատգամավոր Զաքարյանն ե յեղեր բոլորի մեջ առատաձեռն. անիկա տվեր եւ անոր
ձեռքն իր «ա~ա~ա~ա~ա~»-ին պոչը եւ ըսեր ե, քաշե՛, ինչքան յերթաս՝ յետեւեդ կուգա...
ԼՈՒՐԵՐ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»-ՈՒՄ
Անդրանիկ Մարգարյանը մահվան նախօրյակին մասնակցել է «Արմենիա» Հեռուստատեսության
«Բացահայտում» հաղորդաշարի նկարահանումներին: Հաղորդումն այն մասին էր, թե ինչպես
է վարչապետը խորհրդային տարիներին հետապնդվել իշխանությունների կողմից եւ 2 տարի
ազատազրկման դատապարտվել: Հաղորդումն արդեն եթեր կհեռարձակվի նրա հիշատակին, նշում
է «Ա1+»-ը:
Շաբաթ երեկոյան Անդրանիկ Մարգարյանը նկարահանումներից տուն վերադարձին ունեցել
է բարձր տրամադրություն, սակայն կիրակի առավոտյան Անդրանիկ Մարգարյանի ինքնազգացողությունը
կտրուկ վատացել է: Տարօրինակ է, սակայն, որ «շտապօգնություն» կանչ գրանցվել է բավականին
ուշ՝ 12. 45: «Շտապօգնության» ժամանման պահին Անդրանիկ Մարգարյանն արդեն անգիտակից
վիճակում է եղել:
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Մարտի 25-ին տեղի ունեցած Հայոց Համազգային Շարժում կուսակցության 15-րդ համագումարի
ընթացքում ընտրվել է կուսակցության նոր վարչություն: 25 հոգանոց վարչության անդամ
է ընտրվել նաեւ Վանո Սիրադեղյանը: ՀՀՇ վարչության նախագահ է վերընտրվել Արարատ
Զուրաբյանը, իսկ գործադիր քարտուղար` Վահագն Հայոցյանը: ՀՀՇ վարչության փոխնախագահների
ընտրությունը կկայանա կուսակցության վարչության հաջորդ նիստում` մարտի 27-ին:
«ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահը ցնցել է նաեւ հասարակությանը:
Մարդիկ խոր ցավով են արտահայտվում նրա մասին: Այդուհանդերձ, «Ա1+»-ի կողմից հարցված
քաղաքացիները ոչ միայն նրա մարդկային կորուստն են գիտակցում, այլ նաեւ քաղաքական
դաշտի կորուստը:
Վարչապետի մահն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա: «Շատ
բացասաբար: Նրա մահը մեծ կորուստ է եւ վաղաժամ է որեւէ բան ասելը, բայց բոլոր դեպքերում
ակնհայտ է, որ դա կանաչ լույս է Սերժ Սարգսյանի համար:
Չեմ կարծում, որ ՀՀԿ-ում կգտնվի ավելի ուժեղ մեկը, որը կկարողանա նման քաղաքականություն
վարել, ոնց որ Անդրանիկ Մարգարյանը: Այսինքն, ամբողջ ՀՀԿ-ն կնվիրվի Սերժ Սարգսյանին
եւ դա, բնականաբար, իր հետեւանքները կունենա ընտրությունների ընթացքում եւ այս
առումով ամենամեծ կորուստը կկրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այսինքն`
ընտրություններից առաջ այն, ինչ մտածում էր, 100 տոկոսով չի իրականանա»,- կարծում
է 45-ամյա Օֆելյա Մովսիսյանը:
39-ամյա Էմման էլ համոզված է. «Դեպի վատը կգնա: Նա աշխատում էր ժողովրդի օգտին,
չեմ կարծում` ինչ-որ մեկը նրա արածը անի»: Իրավագետ 34-ամյա Կարենի պնդմամբ, լուրջ
քաղաքական գործչի պակաս կլինի. «Նա ոչ թե փողերի հիման վրա քաղաքական դաշտում ինչ-որ
բան էր անում, այլ ինքն իրենով ներկայացնում էր որոշակի ուժ: Զսպվածությունը էլ
չի լինի: Նա, Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը այն ուժերն են, որ իրենց
անձն է սաստում, ոչ թե փողը»: Հարցման ժամանակ շատ քիչ մարդիկ պատասխանեցին, թե
ոչ մի փոփոխություն էլ չի լինի: «Ամեն ինչ նույնը կմնա: Ով էլ գա, ես, միեւնույն
է, էլի արեւածաղիկ եմ վաճառելու ու օրական 1000 դրամից ավել չեմ տեսնելու»,- ասաց
Երեւանի կենտրոնում արեւածաղիկ վաճառելով ապրուստի միջոց վաստակող տարեց կինը:
Ի դեպ, շատերը, երբ լսում էին հարցը, խուսափում էին պատասխանել: Առանձնահատուկ
զգուշավորությամբ աչքի էին ընկնում հատկապես տղամարդիկ:
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԽՆԴՐԵԼ Է ՀԱՂՈՐԴԵԼ
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում
Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի հետ մարտի 26-ի առավոտյան տեղի ունեցած հեռախոսազրույցի
ընթացքում Շառլ Ազնավուրը խնդրել է իր ցավակցությունը հայտնել վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի ընտանիքին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ, նշելով, որ ջերմությամբ
է հիշում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումները, որոնցից վերջինը կայացել էր անցյալ
տարվա հոկտեմբերին Փարիզում:
Ի դեպ, մարտի 26-ին Երեւանում տեղեկություններ էին շրջանառվում մեծանուն երգչի
մահվան մասին, թերեւս հիմնվելով փաստի վրա, որ Շառլ Ազնավուրը օրերս բժշկական ստուգման
նպատակով հոսպիտալացվել էր: Lragir.am-ի խմբագրությունը ամբողջ օրվա ընթացքում
ստանում էր ընթերցողների հեռախոսազանգեր, որոնց հեղինակները փորձում էին պարզել,
թե ինչքանով են իրական քաղաքում տարածված տեղեկությունները: Թեեւ մենք նշում էինք,
որ դրանք հաստատող որեւէ աղբյուր չկա, այդուամենայնիվ մեծանուն երգչի ցավակցական
հեռագիրը եւս մեկ անգամ վկայում է, որ նրա մահվան մասին տեղեկություններն անհիմն
են:
ՌՈՒԱՅԱԼԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ֆրանսիայի նախագահության առաջատար թեկնածուներից մեկը՝ սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը
կարծիք է հայտնել, որ անդամակցությունը Եվրամիությանը կնպաստի Հայոց ցեղասպանության
ճանաչմանը:
«Անդամակցությունը Եվրամիությանը կօգնի Թուրքիայի դեմոկրատներին բարեփոխումներ
իրականացնել եւ հաղթահարել ժխտողականությունը մի պետությունում, որը հերքում է
Հայոց ցեղասպանությունը», գրել է Ռուայալը իր նոր գրքում, որից հատվածներ է արտատպել
«Ֆայնենշլ թայմսը»:
Թերթը փաստում է, որ նախկինում Ռուայալը հստակ չէր արտահայտում իր վերաբերմունքը
Թուրքիայի հնարավոր անդամակցության նկատմամբ` ասելով, որ իր դիրքորոշումը «նույնն
է, ինչ Ֆրանսիայի ժողովրդինը»:
Վերջին հարցումների համաձայն, Ռուայալի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մոտ
25 տոկոսը, մինչդեռ աջակողմյան Նիկոլյա Սարկոզիի վարկանիշը շուրջ 30 տոկոս է:
Սարկոզին երեկ հրաժարական է տվել ներքին գործերի նախարարի պաշտոնից` կենտրոնանալով
ընտրարշավի վրա:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է ապրիլի վերջին, իսկ երկրորդը՝
մայիսի սկզբին:
ՋԻՀԱՆԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Թուրքական ոստիկանությունը կիրակի երեկոյան ձերբակալել է աջ ազգային-պահպանողական
«Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Յասար Ջիհանին: Ձերբակալությունը կապված
է Հրանտ Դինքի սպանության հետ, ինչի կապակցությամբ էլ ոստիկանությունը հարցաքննելու
է Ջիհանին: Նա ձերբակալվել է Տրապիզոնում: Այդ քաղաքում էր ձերբակալվել նաեւ Հրանտ
Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուստ Սամաստը: Թուրքական NTV հեռուստաընկերությունը
հաղորդում է, որ Յասար Ջիհանին ձերբակալել են Ստամբուլի հայ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի
հայտարարությունից հետո, որով նա մեղադրել էր Թուրքիայի իշխանությանը Հրանտ Դինքի
սպանությունը բացահայտելու անընդունակության համար:
ԳԱԲՐԻԵԼԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, նախքան Ռուի Լոպեսի մրցաշարին մասնակցելու
նպատակով Իսպանիա մեկնելը համոզված է եղել, որ հաջողության է հասնելու:
«Ասում էր, գնում եմ հաղթելու համար: Վստահ էր իր ուժերին: Ընդհանրապես նա օպտիմիստ
է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է շախմատիստի քույրը` Սոնա Սարգսյանը: Գաբրիելը
մրցաշարի ավարտից հետո ուղեւորվել է Բեռլին, որտեղ կբնակվի իր մտերիմ ընկեր Լեւոն
Արոնյանի բնակարանում եւ կնախապատրաստվի ապրիլի 2-ին մեկնարկելիք Եվրոպայի անհատական
առաջնությանը: Մրցաշարի ընթացքում Սարգսյանը մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի
անդամների հետ եւ նշել, որ բավական բարդ մրցաշարի է մասնակցում: «Շատ էր հոգնել»,
- ընդգծել է Գաբրիելի քույրը:
Այն հարցին, թե ե՞րբ են համոզվել, որ Գաբրիելը հաղթելու է մրցաշարում, Սոնան պատասխանել
է. «Պոնոմարյովի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Արդեն երկու տուր էր մնացել մրցաշարի
ավարտին եւ այդ պարտիաներում, եթե նույնիսկ 2 ոչ-ոքի խաղար, ապա արդեն կբաժաներ
առաջին տեղը, սակայն 2-ում էլ հաղթեց»:
Սարգսյանների ընտանիքում արդեն սովորական են նման հաջողությունները, թեեւ Սոնա
Սարգսյանի հավաստմամբ, Գաբրիելի ցանկացած հաջողություն մեծ ոգեւորություն է առաջացնում.
«Օլիմպիադայից ավելի բարձր հաղթանակ, թերեւս, աշխարհի չեմպիոնի կոչումն է: Այս
մրցաշարում նրա գործակիցը բավական բարձրացավ, որը շատ կարեւոր եւ ուրախալի փաստ
է մեզ համար»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ» ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը մարտի 23-ին Ազատության հրապարակում
կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ մարտի 30-ին Ազատության հրապարակում
անցկացնելու է հանրահավաք, որի ընթացքում պետք է ներկայացվեին «Այլընտրանք» հ/ք
նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» դաշինքի սկզբունքային դիրքորոշումները ներքաղաքական
կյանքի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:
Նկատի ունենալով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հանգամանքը, առաջնորդվելով
հանրային բարոյականության նորմերով` «Այլընտրանքը» հայտարարում է մարտի 30-ի հանրահավաքի
տեղափոխման մասին:
Հաշվի առնելով, որ Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով, ապրիլի երկուսից յոթը Ավագ
շաբաթ է, որի ընթացքում անպատեհ են համարվում աշխարհիկ զանգվածային հրապարակային
միջոցառումները, «Այլընտրանքը» ի սկզբանե չէր նախատեսել հանրահավաք անցկացնել նաեւ
այդ շաբաթվա ընթացքում:
Ըստ այդմ, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հայտարարում է,
որ մարտի 30-ին նախատեսված հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 13-ին:
![]()
ԻՐԵՆԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾԸ ՍԻՐՈ ՄԻ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ Է
ՀՀԿ գրասենյակում ծանոթ վիճակ էր: Հանրապետականն էլի կորցրել էր
իր առաջնորդին: Ուղիղ տասը տարի առաջ` ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանն էր: Հետո
վարչապետ Վազգեն Սարգսյանը: Հիմա` Անդրանիկ Մարգարյանը: Որ համատեղել էր երկուսին`
եւ ՀՀԿ-ն, եւ վարչապետությունը:
Զարմանալի ճակատագիր ունի այս կուսակցությունը: Այդ խարիզմայով էլ օժտել է իր առաջնորդներին:
Այն մեկ բառով բնորոշվում է` բուֆեր: Աշոտը չհասցրեց կատարել այդ դերը: Վազգենը
բուֆերի կեսճամփին նահատակվեց: Անդրանիկ Մարգարյանը 99-ի հոկտեմբերի 27-ի գիշերը
(սիրտը նոր վիրահատած) կանգնեց խորհրդարանի դռների առջեւ՝ որպես կենդանի միջնորդ
«դրսի» եւ «ներսի» միջեւ: Ու երեւի թե մինչեւ վերջ այդպես մեջտեղում էլ կանգնած
մնաց` ՀՀԿ-ն պահելով մի եզրի վրա, ինչն ամենեւին էլ հեշտ չէ օրերում, երբ կենաց-մահու
պայքարի են թե ընդդիմություն-իշխանություն, թե իշխանություն-իշխանություն տանդեմը:
Բարձր իշխանությունում նա միակն էր, որ ժամերով` Վազգենենց տանը, քիփ-կից նստում
էր Գրետ մայրիկի կողքին` խոսում «անցած-դարձածից»: Նա միակն էր, որ վերցնում «կառավարական»
հեռախոսն ու շիփ-շիտակ զանգահարում էր Առաջին նախագահին ու շնորհավորում վերջինիս
ծննդյան օրը...
Քաղաքական փորձը, ամբիցիաներն ի ցույց չդնելու խելամտությունը, ժամանակին լռելու,
հետ քաշվելու կարողությունը այս գործչի եւ նրա ղեկավարած կուսակցության համար ստեղծել
էին քաղաքական մանեւրի հսկա դաշտ եւ նրա հետ խաղալ բոլորն էին ուզում ու փորձում:
Իսկ որ ամենակարեւորն էր, նա ուրույն բուֆեր էր` մարդկայնության տեսանկյունից.
կառավարական ամառանոց չտեղափոխված, բակի-տղերքի հետ հարաբերությունները ոչ մի կերպ
չփոխած (ասում են` դեռ նարդի էր խաղում նրանց հետ) ՀՀԿ առաջնորդը երբեք չունեցավ
դեմքի ռեզինե, անբնական այն արտահայտությունը, որը հատուկ է հայոց չինովնիկներին:
Մնաց հասարակ-պարզ:
Ու հիմա, նրա կորստով, իշխանությունն առանձնապես պետք է մտածի առանց այն էլ իր
չունեցած մարդկային որակների մասին, որովհետեւ կորցնելով այդ` Անդրանիկ Մարգարյան
օղակը, նրանք միանգամից հայտնվում են առաջին գծում, ուր իրենց գործերն առանձնապես
լավ չեն, որովհետեւ եւ բոլոր դեպքերում, Ա. Մարգարյանին ժողովուրդն ընկալում, հայ
տղա էր համարում, իսկ իրենց բացարձակ չի ընդունում: Սա` մեղմ ասած:
Մի խոսքով, կարելի է կարծել, որ նորանկախ Հայաստանի ընդամենը 15 տարվա ուղիղ կեսը`
յոթ տարին, վարչապետ եղած Անդրանիկ Մարգարյանը փակեց ՀՀԿ պատմության «հին» էջերը:
Արժանիորե՛ն:
Ինչ կգրվի նորի էջին, առայժմ չշտապենք կանխագուշակել: Չնայած դրա համար մեծ խելք
ու պայծառատեսություն պետք չէ:
Կիրակի ուշ երեկոյան ՀՀԿ գրասենյակում ծանր լռություն էր` «վալերյանայի» կաթիլների
հոտը կանգնած էր օդում. տղամարդիկ ծխում էին, կանայք` մերթ ընդ մերթ հեծկլտում:
Տիգրան Թորոսյանը հաճախակի դուրս գալիս միջանցք, հետո անելիքը չիմացողի պես կրկին
ներս էր մտնում, կրկնելով, որ ՀՀԿ-ն այս «փորձությունից» շատ արագ ու բացճակատ
դուրս կգա, ինչպես` միշտ:
Բոլորն սպասում էին Սերժ Սարգսյանին, որը գալուն պես պետք է ՀՀԿ գործադիր մարմնի
նիստ հրավիրեր: Գործադիր մարմինը վերջին անգամ նիստ էր հրավիրել ուրբաթ երեկոյան,
բնականաբար, նիստը ղեկավարել էր Ա. Մարգարյանը, քննարկվել էին նախընտրական հարցեր:
Անդրանիկ Մարգարյանի տրամադրությունը լավ է եղել: Չնայած մոտ օրերս (երեքշաբթի)
պետք է գնար սրտի «ստենդավորման»: «Բայց ինչպես միշտ` իր առողջությանը նա երբեք
ուշադրություն չէր դարձնում», ասացին (ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների` Մոսկվա
կատարած վերջին այցի ընթացքում Քոչարյանի սիրտը եւս ստենդավորվել է,- հեղ):
Շաբաթ օրն Ա. Մարգարյանը եկել է գործի, ապա ՀՀԿ մամլո պատասխանատու Է. Շարմազանովի
հետ 12-ի մոտերը գնացել «Արմենիա» հ/ը, ուր հաղորդում էր նկարահանվում ԱՄԿ-ի մասին:
Իրեն առանձնապես լավ չէր զգում. «Մրսում էր»` ասին ու մի շարք պայմանավորվածություններ,
այդ թվում եւ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման, հետաձգել, տուն էր գնացել: Կիրակի
առավոտյան կտրուկ վատացել էր...
ՀՀԿ-ում ոչ մեկը հակված չէր զրույցի: Բայց եւ արդեն գիտեին, որ երկուշաբթի (երեկ)
պետք է կառավարության արտահերթ նիստ հրավիրվեր, ընդունվեր կառավարության անդամների
հրաժարականը, որոնց նախագահը պետք է «խնդրեր» պաշտոնավարել մինչ նոր վարչապետի
նշանակում (տասը օրվա ընթացքում) եւ կառավարության ձեւավորում (20 օրվա ընթացքում.
էստեղ վիճելի հարցեր կան, սակայն այսօր չէ, որ դրանց պետք է անդրադառնանք):
ՀՀԿ-ում էր նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը. նա ՀՀԿ եկավ,
երբ Ս. Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք էր կատարել (ի դեպ, վերջինիս հետ նույն ինքնաթիռով
Մոսկվայից` հետաձգելով հաջորդ օրը Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ Մատվիենկոյի հետ
հանդիպումը, Հայաստան էր վերադարձել նաեւ Երվանդ Զախարյանը. նա եւս եկավ ՀՀԿ),
եւ Ս. Սարգսյանն արդեն նախագահի մոտ էր: Ժամը 11-ի մոտերքը Ս. Սարգսյանը եկավ,
ու շատ արագ բարձրացավ Տ. Թորոսյանի աշխատասենյակ. տեսքը բանի նման չէր. իրավիճակը
վերահսկողության տակ պահելու քայլվածքով առաջ շարժվեց, աչքերը, քան երբեւէ, ահավոր
փոս էին ընկած, անչափ նիհարած թվաց: Կարճ ժամանակից հետո նա կրկին իջավ ու կրկին
գնաց նախագահի մոտ. ըստ որոշների` ճշտելու, թե Ա. Մարգարյանն իր վերջնական հանգիստը
որտեղ է գտնելու` Պանթեոնում` Յուրա Բախշյանի, թե՞ Եռաբլուրում՝ Վազգենի ու Աշոտի
կողքին:
...ՀՀԿ հոսքը չէր դադարում. ողջ երեկո այնտեղ էին բոլոր նախարարները, այդ թվում
եւ ՀՅԴ-ի: Չկային միայն Դավիթ Հարությունյանը եւ Վարդան Օսկանյանը:
Այնտեղ էին նույնիսկ... Նժդեհի ժառանգները:
* * *
Վազգեն Տեր-Հարությունյան (Նժդեհի եղբոր թոռը)
- Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման առիթներն առանձնապես շատ չեն եղել, չնայած
դրան` նա երբեք չէր կտրում իր կապը Նժդեհի ժառանգների հետ. իր հետ եղել ենք Կապանում.
Խուստուփի փեշին թաղված Նժդեհի մասունքների «մոտ», հետո եղանք Տաթեւում, ու ես
տեսա մարդու, որի համար այս երկիրն ու երկիր կազմող մասունքները անչա~փ թանկ են...
Եւ եթե ասեմ, որ Նժդեհին կարծես թե մի տեսակ մոռացության էին մատնել, ու Ա. Մարգարյանի
շնորհիվ մեծ իդեոլոգը, մտածողը կրկին կենդանություն առավ, սխալված չեմ լինի: Գիտեք,
իդեոլոգիան վտանգավոր բան է: Եւ` բոլոր ժամանակներում: Բայց Ա. Մարգարյանը թե 60-ականներին,
թե հիմա արեց իր գործն ու այս անգամ արդեն` Նժդեհի հատորյակների, թանգարանի, հուշարձանի
բացման միջոցով նաեւ: Շատ եմ ցավում այս կորստի համար. մենք կորցրեցինք մեծ երախտավորի,
ինչի համար ցավ ու ափսոսանք եմ ապրում:
Լեռնիկ Ալեքսանյան (ՀՀԿ խորհրդի անդամ)
- Շաբաթ օրը զանգեցի իրեն` պայմանավորվածություն ունեինք հանդիպելու: Ասաց, Լեռնիկ`
վատ եմ զգում, արի մյուս շաբաթ հանդիպենք:
- Իսկ ի՞նչ եք կարծում` քաղաքական տեղաշարժեր կլինե՞ն այս կորստից հետո:
- Ոչ, չեմ կարծում. գոնե կուսակցության մասով վստահ եմ: Ընտրությունների մասով
էլ կարելի է ասել` գրեթե վստահ եմ: Որովհետեւ այն, ինչ վարչապետն ու վարչապետի
շուրջ եղող մարդիկ էին մտածում, ճիշտ է, կիսատ մնաց, սակայն նրա խարիզման թույլ
չի տալու, որ իրենից հետո որեւէ վատ բան լինի:
- Հազար ներողություն` այս ոչ քաղաքական օրը քաղաքական հարց տալու համար. Արարատի
թեւը դուրս մնաց այս անգամ համամասնական ցուցակից, մի քիչ նեղացած չէի՞ք իրենից:
- Անկեղծ եմ ասում` չէ: Որովհետեւ կային նախնական պայմանավորվածություններ, իսկ
Անդրանիկ Մարգարյանը երբեք պայմանավորվածություններ չխախտող տեսակ էր: Դրա համար
ոչ մեկի մեջ էլ հենց բուն պահին նեղացածություն չի եղել... Էլ չեմ ասում հիմա,
երբ նա երկնքի ճամփան է բռնել. իրենից հետո մնացածը սիրո մի անբացատրելի զգացում
է:
- Էս ի~նչ ցավ կա ձեր ձայնի մեջ:
- Իրո~ք: Շա~տ-շատ եմ ցավում: Շատ` ափսոսում: Ես իրեն շատ լավ էի ճանաչում. շատ
կարգին, շատ բարի ու շատ հայ մարդ էր: Նաեւ` պետական մտածողության տեր մարդ. պետականության
խոր զգացում ունեցող տեսակ, ինչը կարծես չէր նկատում, որովհետեւ հոգու, մարդկային
գործոնն ահավոր զորեղ էր:
Գալուստ Սահակյան (ՀՀԿ ֆրակցիայի նախագահ)
- Դժվա՞ր է:
- Շա~տ... Ցավն ու կսկիծը, պետական մտածողությունը խառնվել են իրար, ըմբոստացել:
Տարիներ շարունակ նա մեզ ներարկում էր` մեծ պայքարն անձնազոհություն ու զոհեր է
պահանջում: Ու պատահական չէ, որ նորօրյա Հայաստանում անակնկալները շատ են, Հանրապետականն
էլ բազմաթիվ զոհեր է ունենում. կորցնում է իր առաջնորդներին: Մի բան պարզ է` ՀՀԿ,
ինչու չէ, նաեւ երկրի ձեռքբերումները, նախ եւ առաջ Ա. Մարգարյանի հպարտ ու հանդուրժող
բնավորության շնորհիվ էին... Ես կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը նահատակվեց
եւ անձնազոհության դասեր տվեց բոլորիս: Որովհետեւ բոլորս գիտեինք, որ նրա սիրտը
վիրահատված է, եւ այդ սրտով անընդհատ` 24 ժամ աշխատել, հիվանդության պրոբլեմները
մի կողմ թողնել եւ անվերջ մտածել, թե` խնդիրները պիտի լուծել, նոր հերթը կհասնի
իր առողջությանը... Էս մտածողության մարդ էր ու երբեք չէր սիրում, որ իր վիճակի
մասին նույնիսկ ընկերներն ակնարկեն:
- Մի տեսակ` անբաժանելի երկյակ էիք` 95-ի պառլամենտից. բա հիմա ձեզ մենակ չեք զգալու՞:
- Ամեն դեպքում, գոնե այս պահին, մի քիչ էլ հուզված` միայնության զգացումն իսկապես
շատ մեծ է իմ եւ իմ ընկերների մեջ: Որովհետեւ ոչ միայն կորուստն է դաժան, այլ նաեւ
նրա հանդեպ պարտքի զգացումը:
ԿԱՐԾԻՔ Ց՛ՊԱՀԱՆՋ
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ԿԹՈՒԼԱՆԱ
Այսպիսի ապագան ՀՀԿ-ի համար իրական է ՀՀ վարչապետ,
ՀՀԿ նախագահ Ա. Մարգարյանի հանկարծահաս մահից հետո
ՀՀ վարչապետ եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի
վաղաժամ ու հանկարծակի մահն այս օրերին սգում են ոչ միայն նրա հարազատներն ու զինակիցները,
այլեւ քաղաքական ողջ դաշտը` իշխանամետ եւ ընդդիմադիր: Որ ՀՀ վարչապետի եւ հայաստանյան
քաղաքական դաշտում դոմինանտ կուսակցության ղեկավարի մահը որոշակի ճշգրտումներ մտցնի
ե՛ւ քաղաքական ուժերի` առաջին հերթին, իշխանական կուսակցությունների, հարաբերակցության,
ե՛ւ բուն ՀՀԿ-ում` գրեթե կասկած չի հարուցում:
Բայց մինչ այդ արձանագրենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը` որպես ՀՀ գործող նախագահ,
հանդիպում է ունեցել Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի
ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական աղբյուրների, հանդիպման ժամանակ քննարկվել
են կառավարության հետագա գործունեության հետ կապված հարցեր: Հանդիպման մասնակիցները
կարեւորել են գործադիր իշխանության կանոնավոր ու անխափան աշխատանքի ապահովումը:
Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ խորհրդակցելով ԱԺ մեծամասնության ներկայացուցիչների
հետ, կձեռնարկի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով բոլոր անհրաժեշտ
գործողությունները նոր կառավարության ձեւավորման ուղղությամբ:
Նույն օրը ՀՀ կառավարության արտահերթ նիստ է տեղի ունեցել, որը վարել է Ռոբերտ
Քոչարյանը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց
հետո,ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը ընդունել է ՀՀ կառավարության
հրաժարականը: Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար
է նշանակվել Սերժ Սարգսյանը: Սակայն ավելի ուշ այդ լուրերի հերքմամբ հանդես եկավ
նախագահական նստավայրը: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը ղեկավարելու է ՀՀԿ-ն, որովհետեւ
կուսակցության կանոնադրության համաձայն, «կուսակցության նախագահի բացակայության
պայմաններում կուսակցությունը ղեկավարում է ՀՀԿ խորհրդի նախագահը»: ՀՀԿ մամուլի
խոսնակ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ, թեեւ Անդրանիկ Մարգարյանի կորուստը ծանր
է կուսակցության եւ երկրի համար, բայց մայիսի 12-ի ընտրություններին ՀՀԿ ղեկավարի
մահը խոշոր ցնցում չի առաջացնի: Իսկ համամասնական ցուցակը բնականաբար կղեկավարի
ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀԿ նախագահի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշել
է, թե` ճիշտ է, առաջիկայում առանց Անդրանիկ Մարգարյանի շատ դժվար է լինելու, բայցեւ
կարծիք է հայտնել, որ առանց նրա` կուսակցության հիմքերը չեն թուլանա: «Հակառակը՝
պետք է համախմբվենք եւ այն ծրագրերը, որոնք նա թողել է` իրականացնենք, որոնք մեր
ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն ունեն»,- վստահեցրել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա նա իր կողմից ավելացրեց, որ այդ
խնդիրները դեռ չեն քննարկել, առաջիկա մի քանի օրվա ընթացքում նոր միայն կքննարկեն,
թե կուսակցությունն այդ քարոզարշավն ինչպես է իրականացնելու: Ա. Մարգարյանի մահից
հետո հնարավոր զարգացումներին անդրադարձել է նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա գնահատմամբ, Անդրանիկ Մարգարյանը, այնուամենայնիվ, իշխող թիմի մեջ մի մարդ
էր, որը անցել էր համապատասխան ճանապարհ եւ ինչ-որ չափով հավասարակշռության էլեմենտ
էր ներկա իշխանությունների մեջ: «Իրենից հետո ինչ կլինի՝ դժվար է ասել, հնարավոր
մի քանի սցենարներ կարող են լինել, բայց ես չէի ուզենա կանխագուշակել»,- հայտարարել
է Վ. Մանուկյանը: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն էլ ցավակցելով Անդրանիկ
Մարգարյանի հարազատներին ու զինակիցներին` նկատել է, որ ՀՀ վարչապետն այն անձն
էր, որը բալանսավորում էր իշխանամետ թեւերը»:
Նրա կարծիքով, Ա. Մարգարյանի կորուստն առաջին հերթին բացասաբար կանդրադառնա քաղաքական
տարբեր բեւեռների երկխոսության վրա: ՀՀՇ վարչության անդամի համոզմամբ, ՀՀ վարչապետի
մահն իր բացասական հետեւանքները կունենա նաեւ մայիսի 12-ի ընտրությունների վրա,
«քանի որ պայքարը հիմնականում ընթանում է իշխանամետ երկու թեւերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի
միջեւ, ու այդ իմաստով բոլոր դեպքերում հավասարակշռության խախտում կլինի»:
ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն էլ հույս է հայտնել, որ ՀՀԿ-ն
հատկապես նախընտրական այս փուլում հանդես կգա ավելի համախմբված, ավելի կազմակերպված,
եւ այս կորուստը չի առաջացնի շփոթություն կամ խուճապ:
Ինչպես տեսնում եք` նախընտրական շրջանում ներքաղաքական հնարավոր զարգացումների
մասին քաղաքական շրջանակների հրապարակային գնահատականներն առայժմ շատ զուսպ են,
բայց, որ Անդրանիկ Մարգարյանի մահը կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես
առաջիկա խորհրդարանական, այնպես էլ 2008թ. նախագահական ընտրությունների վրա` բացառել
հնարավոր չէ: Ավելին, հավանականությունը, որ Ա. Մարգարյանի կորուստը խմորումներ
կառաջացնի թե՛ ՀՀԿ-ի ներսում, թե՛ իշխանության հավասարակշռության մեջ` շատ մեծ
է: Հիշեցնենք, որ մինչ այս էլ դեռ անցյալ տարվա հուլիսի 22-ին ՀՀԿ արտահերթ համագումարում
տեղի ունեցած զարգացումներից հետո, երբ այդ կուսակցության խորհրդի նախագահ դարձավ
Սերժ Սարգսյանն, ու ՀՀԿ-ն արագորեն եւ զանգվածաբար համալրվեց Սերժի բերած կրիմինալ
եւ օլիգարխիկ տարրերով, այդ կուսակցության ներսում լուրջ, բայց խուլ պայքար կար
մի կողմից` հին «հանրապետականների»` որոնց մարմնավորում էր վարչապետը, մյուս կողմից`
Սերժի հետ հանրապետականացած օլիգարխիկ շրջանակների միջեւ: Ընդ որում` այդ ներքին
պայքարը պայմանավորված էր ոչ միայն կուսակցության համամասնական ցուցակում հին ու
նոր հանրապետականների միջեւ տեղերի բաշխմամբ, այլեւ քրեածին եւ օլիգարխիկ տարրերի
գալով ՀՀԿ-ի վարկաբեկման մտահոգությամբ: Իհարկե, այս վերջինը շատ չնչին ազդեցություն
ուներ ներկուսակցական պայքարում, բայց միաժամանակ այդ պայքարը հավելյալ փաստարկով
սրող շտրխ էր: Հիմա` Ա. Մարգարյանի մահից հետո ՀՀԿ-ն լիովին անցավ Սերժ Սարգսյանի
բացարձակ վերահսկողության տակ, իսկ հին հանրապետականները, ովքեր մինչ այս ապավինում
էին հին հանրապետական Անդրանիկ Մարգարյանին, այլեւս ստիպված կլինեն հաշտվել կուսակցության
ներսում իրենց երկրորդական դերի հետ :
Ներիշխանական հարաբերություններում Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ամեն ինչ ավելի
լուրջ ու բարդ է լինելու: ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ ՀՀԿ դիրքերը, այդուամենայնիվ,
լրջորեն կթուլանան: Եթե անգամ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի
միջեւ լուրջ հակասություններ չկան եւ, որ նրանք վաղօրոք եւ միասնաբար են որոշել
ապագա խորհրդարանի կազմը, որ Սերժ Սարգսյանը հատուկ էր ներդրվել ՀՀԿ-ում այդ կուսակցությունը
վերահսկելու, ՀՀԿ-ի եւ նրա նախագահ Անդրանիկ Մարգարյանի հավակնությունները զսպելու
համար, միեւնույն է` կուսակցությունների մակարդակով «Հանրապետականի» եւ «Բարգավաճի»
միջեւ այդ հակասությունն ակնհայտ է: Դա շարունակվելու է նաեւ առաջիկայում` խորհրդարանական
ընտրությունների ֆոնի վրա: Ա. Մարգարյանին կորցնելուց հետո կթուլանա ոչ միայն «Հանրապետականը»,
այլեւ Սերժ Սարգսյանը` անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: Նախ, մինչ
այս ՀՀԿ-ն փաստացի ուներ երկու շատ կարեւորագույն վարչական լծակ` ՀՀ վարչապետի
եւ բանակի հրամանատարի պաշտոնները, որոնք որոշակի ազդեցություն ունեն նաեւ ընտրական
պրոցեսների վրա: Ա. Մարգարյանի մահից հետո այդ լծակներից մեկը` բանակային ռեսուրսը,
ՀՀԿ-ն կարող է կորցնել: Դա կախված է այն բանից, թե ով կլինի ՀՀ պաշտպանության նախարարը,
եւ արդյոք նա հակված կլինի դեպի Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ,
Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ դառնալուց հետո այս կուսակցությունը հասարակության
շրջանում այլեւս միանշանակորեն եւ վերջնականապես «ղարաբաղյան կլանի» համարում կստանա,
իսկ այդ պարագայում, երբ արդեն չկա Անդրանիկ Մարգարյանի` որպես ազգային գործչի,
որպես Վազգեն Սարգսյանի զինակցի գործոնը, այդ կուսակցության ձայներն օբյեկտիվորեն
կպակասեն:
Բոլոր դեպքերում շատ հավանական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում
որոշակի ճշգրտումներ լինեն նաեւ վաղօրոք որոշած հարաբերակցության մեջ: Եվ եթե մինչ
այս կարծիք կար, որ այդ ընտրություններում առաջին տեղ կզբաղեցնի ՀՀԿ-ն եւ հետո
միայն ԲՀԿ-ն, ապա հիմա շատ հավանական է, որ այդ կուսակցությունները տեղերով փոխվեն:
Դա հե՛նց իշխանությունները կարող են մատուցել իբրեւ Ա. Մարգարյանի մահից հետո տեղի
ունեցած բնական երեւույթ, խուճապ, հուսալքություն եւ այլն: Իսկ սա նշանակում է,
որ ըստ գործող Սահմանադրության, որի դրույթներից մեկը` վարչապետի նշանակման կարգը
ուժի մեջ կմտնի արդեն նոր ԱԺ-ի ձեւավորումից հետո, վարչապետի թեկնածու կառաջադրի
արդեն ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն, ասել է թե` նախագահ Քոչարյանը: Սա իր հերթին կարող
է այնքան թուլացնել Սերժի դիրքերը, որ նրա վարչապետ եւ ապա նաեւ ՀՀ նախագահ դառնալու
հարցը ամբողջովին կախված կլինի Քոչարյանի եւ ԲՀԿ-ի քմահաճույքից:
Եվ վերջում. բացի Անդրանիկ Մարգարյանի` որպես պետական գործչի կորուստը, ցավալի
է նաեւ այն, որ Հայաստանում վերջին ավելի քան 9 տարվա ընթացքում ձեւավորվել է մի
այնպիսի արատավոր երեւույթ, որ հասարակության, քաղաքական ուժերի շրջանում արդեն
ավանդույթ է դարձել կասկածամտորեն վերաբերել հանկարծակի մահերին, մանավանդ երբ
դա վերաբերում է պետական պաշտոնյաներին եւ քաղաքական դաշտի առանցքային դերակատարում
ունեցող դեմքերին: Սա անկախ այն բանից, թե այս կասկածամտությունն ի՞նչ հիմքեր ունի
եւ ի՞նչ ակունքներից է սնվում: Առաջին արձագանքները, որ եղան Ա. Մարգարյանի հանկարծակի
մահից հետո այն էր, թե արդյո՞ք ոչ ոք չի օգնել վարչապետին մահանալ, այն էլ ընտրություններից
առաջ` Հայաստանի համար ճակատագրական այս կարեւոր փուլում:
ՓԱԴԻՇԱԿ
ԱՐՄԱՎԻՐԸ` ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՈՒ «ՀԱՄՄԵՐՆԵՐԻ» ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐՈՒՄ
Կիրակի
օրը Արմավիրում «ջիփերի» ու «համմերների» «թագավորություն» էր: Բնակիչներն ասում
էին, թե երբեք իրենց քաղաքն այդքան արտասահմանյան մեքենաներով ու հաստավիզ սափրագլուխներով
լեցուն չի եղել: Բայց քաղաքում ոչ թե մեքենաների մրցույթ էր կամ հաստավիզների ֆիզիկական
ուժերի մրցակցություն, այլ ընդամենը Արմավիրի քաղաքապետի ընտրություն:
«Մենամարտի» էին դուրս եկել Հանրապետական կուսակցության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը
եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանը: Նրանք
երկուսն էլ ամեն ինչ արել էին ընտրվելու համար. ՀՀԿ-ն ակտիվացրել էր հատկապես «ասֆալտի
գործը»: ԲՀԿ-ն նույնիսկ հանրահայտ երգիչ Միխայիլ Շուֆուտինսկուն էր բերել Արմավիր`
մենահամերգի, որին հակադարձեց ՀՀԿ-ն` հայ աստղերի համերգը կազմակերպելով քաղաքում:
Սակայն, ինչպես մեր նախորդ համարում էինք նշել, «Շուֆուտինսկիները գնայուն են,
ասֆալտն է մնայուն»: Պարզվում է, որ արմավիրցիները ականջալուր եղան մեր խոսքին:
Նրանք բավականին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին քաղաքապետի ընտրություններին
եւ ընտրեցին «ասֆալտ փռած» թեկնածու, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանին:
Արմավիրցիներն ասում էին, որ այս ընտրությունները բավականին թանկ նստեցին ե՛ւ ՀՀԿ-ի,
ե՛ւ ԲՀԿ-ի վրա, քանի որ երկու կողմն էլ բավականին կլոր գումարներ ծախսեցին հաղթանակի
հասնելու համար:
Ինչեւէ, քվեարկությանը մասնակցեց 15.791 մարդ, որոնցից 8.322-ը իրենց ձայնը տվեցին
Ռուբեն Խլղաթյանին, իսկ 6. 844-ը` Արայիկ Աղաբաբյանին: (598 քվեաթերթիկ անվավեր
ճանաչվեց, իսկ անճշտությունները 28-ն էին): Բայց քաղաքացիների ակտիվ մասնակցությունն
էլ էր արհեստական, քանի որ երկու թեկնածուների կողմնակիցներն էլ մեքենաներով տեղամասեր
էին բերում ընտրողներին: Նույնիսկ հիվանդ տատիկներն էին մի կերպ վեր կացել տեղաշորից
ու «վազել» ընտրատեղամասեր: Նրանց որպես կանոն որեւէ մեկը օգնում էր քվեարկել,
բայց հետաքրքիրն այն էր, որ հաճախ էին հանդիպում նաեւ բավականին երիտասարդներ,
որոնք իբր կույր էին եւ ընտրական հանձնաժողովները «օգնում էին» ճիշտ քվեարկել:
Չնայած այս ամենին՝ որ թվում էր, թե ամեն ինչ հարթ է անցնում, լարվածություն, այնուամենայնիվ,
կար քաղաքում: Դրա մասին էր վկայում թեկուզ այն, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն
անձամբ էր շրջում ընտրատեղամասերով` 055ԼԼ55 պետհամարանիշի «ջիփով»: Նրան ուղեկցում
էին մի քանի հաստավիզ թիկնապահներ: Մարզպետը Արմավիրի թիվ 5 դպրոցում տեղակայված
21/2 ընտրատեղամասում փորձում էր լրագրողներին արգելել շրջել տեղամասում, որովհետեւ
դժվարանում էր ընտրակեղծիքներ կատարելու հնարավորությունը: Բայց երբ նրան ցույց
տվեցինք Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթը, որտեղ նշվում է, որ լրագրողներն
ունեն տեղամասում ազատ տեղաշարժվելու իրավունք, նա «փոր ու փոշման» մի քանի բան
միայն «քթի տակ» խոսեց ու հեռացավ:
Իսկ ավելի ուշ, երբ «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոլրագրող Գագիկ
Շամշյանը լուսանկարեց մարզպետարանի դիմաց կանգնեցված «համմերներն» ու «ջիփերը»,
դա դուր չեկավ բակում խմբված հաստավիզ սափրագլուխ մարդանմաններին: Նրանք անմիջապես
թափվեցին լրագրողի գլխին եւ փորձում էին հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով խլել
ֆոտոլրագրողի ֆոտոխցիկը: Երբ տողերիս հեղինակը փորձեց հասկանալ, թե ովքեր են այդ
աքլորացողները, որոնք նույնիսկ հասկանալի հայերենով մի նախադասություն չէին կարողանում
արտաբերել, սափրագլուխներից մեկն ասաց, թե Ազգային անվտանգության ծառայությունից
են: Բայց մեր պահանջին, թե ներկայացրեք ԱԱԾ-ի աշխատակից լինելու մասին հաստատող
որեւէ փաստաթուղթ, բնականաբար, չկարողացան տալ: Նրանք միայն անվերջ կրկնում էին,
թե մեքենաներն իրենց սեփականությունն են, եւ ոչ ոք իրավունք չունի նկարել դրանք:
Բայց իրենց ասածն ապացուցող որեւէ օրենք էլ չկարողացան մատնացույց անել: Երբ սպառվեցին
բոլոր հնարավոր մեթոդները` լրագրողի ձեռքից ֆոտոխցիկը խլելու փորձերը, նրանցից
մի երկուսը ձեռքները երկարացրեցին ֆոտոլրագրողի վրա ու քաշքշելուն զուգահեռ, սկսեցին
սպառնալ: Մեկն էլ համոզում էր Շամշյանին մի կողմ գնալ`զրուցելու: Բայց երբ այդ
տարբերակն էլ չստացվեց, սափրագլուխները եկան այն եզրակացության, որ «լրագրողներն
են երկիրը քանդում»: Եւ սա դեռ ամբողջը չէ, պարզվում է, որ նրանք անմիջապես ֆիքսել
էին լրագրողներին Արմավիր հասցրած տաքսի ավտոմեքենայի համարները: «Դուխով տղերքը»
զանգահարել էին տաքսի ծառայություն եւ պահանջել վարորդին հետ կանչել Արմավիրից`
պատվիրատուներին թողնելով փողոցում: Դա էլ, բնականաբար, չստացվեց:
Իսկ մեզ, այնուամենայնիվ հաջողվեց պարզել, թե ովքեր էին մարզպետարանն իրենցով անող
ցինիկները: «01 777» պետհամարանիշի «Համմերը» պատկանում է գեներալ, պատգամավոր
դառնալու հավակնություններ ունեցող Սեյրան Սարոյանին: Եւ նրանք հավանաբար, ընթերցելով
«ՉԻ» նախորդ համարում տպագրված հոդվածը` Սեյրան Սարոյանի մասին, խիստ բարկացել
էին ու ամեն ինչ անում էին թերթին թղթակցող ֆոտոլրագրողի աշխատանքները խափանելու
համար, քանի որ նա լուսանկարել էր նաեւ Սարոյանին պատկանող տունը: Բայց հերթական
անգամ նրանց «ակցիան», բնականաբար, հաջողությամբ չպսակվեց: Սեյրան Սարոյանի եւ
իր մանկլավիկների սեփականությունը «անմահացված է»: Տպագրված լուսանկարում այն չարաբաստիկ
ավտոմեքենան է, որի հրապարակմանն այդքան խոչընդոտում էին սափրագլուխները:
Ի դեպ, հաստավիզների թվում էին նաեւ Արմավիրի նորանշանակ մարզպետ, Սյունիքի մարզային
նախկին ոստիկանապետ Աշոտ Ղահրամանյանի թիկնապահները: Նախկին օրինապահը լրագրողների
հետ «խոսում է» սափրագլուխների «դիրքերից»:
Հ.Գ. Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ «ՉԻ» նախորդ համարում գեներալ Սեյրան
Սարոյանի մասին հրապարակված հոդվածից հետո վերջինս միջոցներ է ձեռնարկել մեր թերթի
վաճառքը Էջմիածնում եւ Արմավիրում արգելափակելու համար: Մասնավորապես, «ՉԻ» վերջին
համարի ամբողջ տպաքանակն է հավաքվել նշված վայրերի կրպակներից, որից հետո Ս. Սարոյանը
կրպակավաճառներին կարգադրել է «ՉԻ» տպաքանակը ստանալու դեպքում թաքցնել եւ գնորդներին
տեղեկացնել, թե թերթը արդեն վաճառվել է, իսկ այնուհետեւ չվաճառված թերթը վերադարձնել:
Այս տեղեկությունը հաստատել է Արմավիրի վախվորած կրպակավաճառներից մեկը:
Մենք անպայման հետեւելու ենք իրադարձությունների հետագա զարգացմանը, եւ եթե թերթի
նկատմամբ սկսված այդ արշավը շարունակվի, ապա մեր կողմից էլ որոշակի միջոցներ կձեռնարկվեն:
Իսկ Սեյրան Սարոյանի այս գործողությունը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ
վերջինս իրեն Էջմիածնի շրջանում փադիշահ է զգում:
ՎԱՎԵՐԱԳԻՐ
«ՎԱՄՊԻՐՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ»
Սփյուռքի համար առանձնահատուկ տպավորիչ էին հենց Թուրքիայում կատարված ահաբեկչական
գործողությունները:
ԱՍԱԼԱՅԻ մարտիկներ Զոհրապ Սարգսյանն ու Լեւոն Էքմեքչյանը զինված հարձակում կատարեցին
Անկարայի օդանավակայանի վրա: 10 մարդ սպանվեց, 62 ուրիշներ վիրավորվեցին: Հրաձգության
ժամանակ սպանվեց նաեւ Զոհրապը, իսկ Լեւոնը վիրավոր վիճակում ձերբակալվեց: 60-ամյա
մի հայ արհեստավոր Ստամբուլում ինքնահրկիզումով վերջ տվեց կյանքին` այդպես դատապարտելով
«հայ հեղափոխականների» ահաբեկչական արարքները:
Դատավարության ժամանակ Լեւոն Էքմեքչյանը դատապարտեց իր եւ ընկերների գործողությունները:
Նրա տարօրինակ վարքագիծը բացատրվում է միայն ֆիզիկական ու մտավոր այն անառողջ վիճակով,
որին նրան հասցրել էին թուրքական բանտում:
Լեւոն Էքմեքչյանը մահապատժի ենթարկվեց:
Թուրքիայի տարածքում ԱՍԱԼԱՅԻ հաջորդ գործողությունն էլ տպավորիչ էր, բայց ոչ ավելին:
Այս անգամ թիրախը Ստամբուլի շուկան էր: Շուրջ կես տարի ԱՍԱԼԱՅԻ ճամբարում Մկրտիչ
Մատարյանը բոլորից մեկուսացած պատրաստվում էր այդ գրոհին, հավատացած, որ դա լինելու
է «մեր ժողովրդի սուրբ պայքարի համար գերագույն զոհողություն»:
Թուրքիա, Ստամբուլ, 16 հունիսի 1983
Մկրտիչ Մատարյանը շուկայում անկանոն կրակ բացեց, որի արդյունքում սպանվեց 2 մարդ
(մեկը՝ 13 տարեկան), իսկ 27-ը վիրավորվեցին: Վերջին ձեռնառումբով Մատարյանը պայթեցրեց
ինքն իրեն:
Եվ դարձյալ, բոլոր մեղքերը միայն Մոջահետի վրա բարդելու սովորությամբ ԱՍԱԼԱՅԻ նախկին
գործիչները գրեցին. «Մեկ անգամ եւս անմեղների կյանքը խլող անընդունելի գործողություն
էր տեղի ունեցել, մեկ անգամ եւս զգացմունքներով առաջնորդվող մի հայ հայրենասեր
իր կյանքն էր կորցրել ամբողջովին անհեթեթ արարքի ժամանակ...»: Փարիզը դարձել էր
ԱՍԱԼԱՅԻՆ համակրող, բայց Մոջահետին ընդդիմադիր ուժերի կենտրոնը: 1983-ի հունվարին
Մոջահետը նրանց չեզոքացնելու համար Փարիզ ուղարկեց իրեն հավատարմորեն նվիրված Վարուժան
Կարապետյանին:
Մոջահետին ընդդիմացող գործիչների եւ ֆրանսիական իշխանությունների միջեւ խնդիրներ
ստեղծելու համար Վարուժանը պետք է հնարավորինս զգայացունց գործողություններ կազմակերպեր
եւ դա նրան հաջողվեց:
Ֆրանսիա, Փարիզ, 15 հուլիսի 1983
Օրլիի օդանավակայանում ռումբ պայթեց, սպանվեց 8 մարդ, 60-ից ավելին վիրավորվեց:
«Մոջահետը սա համարեց մեծ հաջողություն, սակայն հայ ժողովուրդը, աշխարհը եւ ՀԱՀԳԲ-ում
(ԱՍԱԼԱ) գտնվող հայրենասեր, բայց անկարող տարրերը այս ականահարումը համարեցին անմարդկային
եւ հակահեղափոխական, եւ հայ պայքարի վրա ժխտական ազդեցություն թողնող աղետալի մի
արարք» (Մ. Մելքոնյան, «Իրականություն»):
Պոլսի հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը հայտարարեց. «Այս մարդասպանները չեն տատամսիր
մինչեւ իսկ զոհել իրենց եղբայրները սեւ գաղափարական խորանին առջեւ»:
Այս հանցագործությունը կատարած լինելու ամբաստանությամբ Վարուժան Կարապետյանը դատապարտվեց
ցմահ բանտարկության, բայց 20 տարի հետո դատավճիռը վերանայելու հնարավորությամբ:
Այդպես էլ եղավ, 20 տարի բանտում մնալուց հետո Վարուժան Կարապետյանը ազատ արձակվեց
եւ Հայաստան եկավ մշտական բնակության: Օրլիի ոճրագործությունը է՛լ ավելի խորացրեց
ԱՍԱԼԱՅԻ ներսում ավելի վաղ բացված անդունդը: Նույն թվականի օգոստոսին ԱՍԱԼԱՅԻ մի
քանի գործիչներ հայտարարեցին իրենց հեռանալու մասին, քանի որ «կը մերժեն կույր
ահաբեկչությունը եւ հայ ժողովուրդի արդար պահանջին հետ ոչ մեկ առնչություն ունեցող
արարքները»:
Հունաստան, Աթենք, 28 ապրիլի 1988
Չպարզված հանգամանքներում սպանվեց Մոջահետը: ԱՍԱԼԱՅԻՑ հեռացած գործիչները չթաքցրին
իրենց գոհունակությունը. «Մոջահետի սպանությունը ծափահարվեց թե՛ հայկական, թե՛
ոչ հայկական հեղափոխական ուժերի կողմից»:
ԱՌԱՆՑ ՄՈՆՏԱԺԻ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
«Չորրորդ իշխանությունը» շարունակում է ներկայացնել խորհրդարանական ընտրություններին
մասնակցող կուսակցությունների նախընտրական տեսահոլովակների սցենարները: Այսօր հերթը
Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությանն է, եւ քանի որ քաղաքական այդ
ուժը ֆինանսական պրոբլեմներ չունի (կուսակցության ֆինանսավորման մասին ողջ ինֆորմացիան
ամփոփված է կուսակցության անվանման մեջ, մենք մեզ թույլ կտանք բավականին համարձակ
սցենար առաջարկել: Եվ այսպես.
Հնչում է Մոցարտի «Ռեքվիեմը»: Ցուցադրվում են վերջին 3000 տարիների ընթացքում հայ
ազգի գլխին իջած ամենադաժան ու ճակատագրական կադրերը, Ավարայրի ճակատամարտ (դոկումենտալ
կադրեր), Սարդարապատի ճակատամարտ (մասնակիցների վկայություններ) եւ «Ժառանգություն»
կուսակցության գրասենյակի գրավումը: «Ժողովրդի համար ճակատագրական պահերին հայ
ազգը միշտ էլ ծնե՛լ է հերոսներ, ովքեր պատռել են ստրկության շղթան», հնչում է հաղորդավարի
խրոխտ ձայնը, ու էկրանին հայտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ լայն ժպիտով: Բայց՝
միանգամից չի հայտնվում: Սկզբում Վարդան Մամիկոնյանի լուսանկարն է (դեղնած ու եզրերը
ծալած), հետո՝ Դավիթ Բեկը (էքսկլյուզիվ հարցազրույց), հետո՝ Անդրանիկ փաշան, ու
վերջում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը (սա պիտի ընդգծի պրն Հովհաննիսյանի բացառիկ համեստությունը):
Էկրանին հայտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանի սեւ-սպիտակ լուսանկարը, ու պատկերը կամաց-կամաց
գունավոր է դառնում: Վերջում պատկերը կենդանանում է: Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած
է Ազատության հրապարակում՝ Եռագույնի կողքին: Եվ արծվենի հայացքով նայում է դեպի
անհունը (խոսքը, հասկանալի է, Արարատ լեռան մասին է): «Մենք մեր հայացքը պիտի ուղղենք
դեպի ապագա՛ն», հաղթական ձայնով արտասանում է նա: «Գա~ն, գա~ն, գա~ն...», հնչում
է արձագանքը... Արագ-արագ ցուցադրվում են մի քանի կադրեր՝ ՆԱՏՕ-ի շենքը, Քոչարյանին
ուղղված հարցերը, տանկի վրա ամրացված Եռագույնը, իր ելույթը Ստամբուլում... Ապա
կադրերը նորից դառնում են սեւ ու սպիտակ: Էկրանով մեկ երեւում է «Ժառանգության»
գրասենյակի վրայի կողպեքը: Ու լսվում է խրոխտ մի ձայն. «Բանալին ձեր ձեռքո՛ւմ է.
բոլորս դեպի ընտրություններ»: