No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի
«ՉԻ» ՌԻԹՄՈՎ
ԲՀԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն ԱՆՑԵԼ ԵՆ ԳՐՈՀԻ
Երեկ երեկոյան` 21:30-ի սահմաններում, Ազատության պողոտան լեփ-լեցուն էր կարմիր
բերետավորներով: «Զվարթնոց» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն
տարածքային կազմակերպության շենքի մոտ տեղակայված ոստիկանական ավտոմեքենաներն ու
գազելները այնքան շատ էին, որ կաթվածահար էր եղել փողոցի երթեւեկությունը: Ոստիկանական
ավտոշարասյան կողքին կանգնած էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արայիկ
Քոթանջյանը (ավտոմեքենայի համարանիշը` 100 TL 08. նկարում): Այստեղ էր նաեւ ՀՀ
ՊՆ Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ, վերջերս կենդանության
նշաններ ցույց տվող Գրիշա Սարգսյանը (ավտոմեքենայի համարանիշը 22 LL 600):
Ինչպես պարզվեց, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի վրա էին արշավել «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության ակտիվիստները. ոստիկաններն էլ ոստիկանական բաժանմունք էին տարել
բարգավաճականներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ամեն ինչ դարձյալ սկսվել
է ՀՀԿ-ից: Բանն այն է, որ այս համայնքի ՀՀԿ-ականները, թաղապետ Արայիկ Քոթանջյանի
գլխավորությամբ, երեկ առավոտյան հարձակվել են նույն համայնքում գործող «Բարգավաճ
Հայաստանի» նախընտրական շտաբի վրա: Քոթանջյանի ջոկատը զինված է եղել մահակներով,
ու ՀՀԿ-ականները հասցրել են վնասվածքներ պատճառել Բարգավաճի տղաներին: Արդեն երեկոյան
Բարգավաճի տղաներն են գրոհել ՀՀԿ շտաբի վրա` փորձելով առավոտվա «ճակատամարտի» պատասխան
հակահարվածը տալ: Եվ եթե առավոտյան ԲՀԿ ակտիվիստները խուսափել են ոստիկանություն
կանչելուց, ապա ՀՀԿ-ականները իրենց չեն կորցրել եւ անմիջապես ահազանգել են ոստիկանություն:
Սրանք էլ եկել ու Բարգավաճի տղաներին «հավաքել» են: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հարաբերություններում
առկա լարվածությունը օրեցօր մեծանում է. ինչպես երեւում է, ՀՀԿ-ականների լկտի կեցվածքն
արդեն նյարդայնացնում է նաեւ նրա կոալիցիոն գործընկերոջը: Եվ դա հասկանալի է:
ԱՅՍՕՐ` ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօր` մայիսի 13-ին, ժամը 18:30-ին, Ավան համայնքում Հայ ազգային կոնգրեսը ՀՀ
առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ անցկացնելու է իր հերթական
նախընտրական հանդիպումը: Այն կայանալու է Ավան համայնքի «Սթար» խանութի հարեւանությամբ:
Հանդիպմանը հաջորդելու է երթը` Բաբաջանյան փողոցով Ավան, Առինջ, Ընտանիքի հրապարակ,
ապա Բաբաջանյան փողոցով` Աճառյան փողոց: Հանդիպմանը ելույթ են ունենալու Շարժման
առաջնորդները, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՄԵՂՔ ԷՐ ԱՇՈՏՅԱՆԸ
Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրել է դաշնակցական բոլոր նախարարների` ՀՀ գյուղնախարար
Արամայիս Գրիգորյանի, սոցապ նախարար Արսեն Համբարձումյանի եւ կրթության նախարար
Սպարտակ Սեյրանյանի հրաժարականի դիմումները:
Ինչպես եւ սպասվում էր, կրթության նախարարի պորտֆելը ՀՀԿ-ն իրեն է պահել, եւ ԿԳ
նախարար է նշանակել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր 33-ամյա Արմեն Աշոտյանին (նկատենք,
որ հաշված օրեր են մնացել ընդունելության քննություններին, եւ առաջիկայում Արմեն
Աշոտյանին լուրջ փորձություններ են սպասվում): Սոցապ նախարարի պորտֆելը բաժին է
հասել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. նախարար է նշանակվել Գեւորգ Պետրոսյանը:
Նկատենք, որ հասարակությունը, հասկանալի պատճառներով, մշտապես դժգոհել է հենց այս
նախարարության աշխատանքներից, եւ ԲՀԿ-ի դեպքում Սերժ Սարգսյանը ոչ թե լավություն
է արել, այլ հակառակը` դժգոհության նոր թիրախ է ընտրել` ի դեմս ԲՀԿ առաջնորդ Գագիկ
Ծառուկյանի, ով հիմնականում բարեգործի իմիջ ունի եւ հասարակության տարբեր շերտերի
օգնել է սոցիալական բեռը «լիցքաթափել»: Հիմա ԲՀԿ-ին բարեգործությունն էլ չի փրկի:
Գյուղնախարարի աթոռը բաժին է հասել ՕԵԿ-ից Գերասիմ Ալավերդյանին: (Տես նաեւ էջ
5):
No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի