No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի
ՍԿՍԵՑԻՆ «ԽՈՒՐԴՎԵԼ»
ՄԻ ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Որ Հայաստանի տնտեսության վիճակն աղետալի է` փաստում են բոլորը,
եւ առաջին հերթին` միջազգային կազմակերպությունները։ Բայց այնպես չէ, որ ՀՀ կառավարությունը
ձեռքերը ծալած նստած է։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, հիվանդագին եռուզեռի
մեջ է։ Անընդհատ իրեն դեսուդեն է նետում, ինչ-որ հիմնարկներ այցելում, ինչ-որ ժապավեններ
կտրատում եւ այլն։
Իշխանական լրատվամիջոցներն էլ, բնականաբար, կրնկակոխ հետեւում են նրա յուրաքանչյուր
քայլին եւ փորձում այդ իրարանցումից լավատեսական լուրեր սարքել։ Եվ պատկերացրեք`
ստացվում է։ Երեկ, օրինակ, Տիգրան Սարգսյանն այցելել էր «Լիտոկոլ» գործարան։ Հետագա
իրադարձությունները կներկայացնենք` հիմնվելով բացառապես ՀՀ կառավարության պաշտոնական
կայքէջի վրա (իրականությունը խեղաթյուրելու մեղադրանքներից խուսափելու նպատակով)։
Ուրեմն այսպես: Ըստ պաշտոնական տեղեկությունների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
երեկ մասնակցել է «Լիտոկոլ» գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Ընկերությունը
հիմնադրվել է 2007թ. եւ զբաղվում է երեսպատման կերամիկական սալիկների փակցման համար
նախատեսված սոսնձի արտադրությամբ։ Հասկացա՞ք։ Հայերեն ասած` խոսքը «կաֆելի կլեյի»
ցեխի մասին է։ Թե ինչու է մի ամբողջ վարչապետ մասնակցել այդ արարողությանը` մնում
է անհասկանալի, բայց ըստ երեւույթին մարդը պարզապես այդ օրը հեռուստաէկրաններից
երեւալու ավելի լավ առիթ չի գտել։ Իսկ գուցե դա ոչ թե «կաֆելի կլեյի ցեխ» է, այլ
հսկայական մի գործարան, որը հազարավոր աշխատատեղե՞ր է բացելու։ Ամենեւին։ Նույն
պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ «ձեռնարկությունն ունի 35-40 աշխատատեղ»
(այսինքն` մոտավորապես այնքան, որքան ունի ցանկացած իրեն հարգող «վետերոկ»)։ Ուշադրություն
դարձրեք թվերի վրա. ի՞նչ է նշանակում 35-40 աշխատատեղ: Ավելի կոնկրետ` քանի՞ մարդ
է աշխատում ձեռնարկությունում, 35, թե՞ 40։ Դա նույնն է, թե մեկը հայտարարի, որ
ամուսնացած է եւ ունի 3-4 երեխա։ Բայց դա նշանակություն չունի։ Կարեւորն այն է,
որ Տիգրան Սարգսյանը ժապավեն կտրի, եւ հեռուստաընկերությունները ցուցադրեն այդ
կադրերը։
Անցնենք առաջ։ Պաշտոնական աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանը,
շնորհավորելով գործարանի սեփականատերերին, աշխատողներին եւ բոլոր ներկաներին, նշել
է, որ ձեռնարկության հիմնումը վկայում է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում հնարավոր
է զարգացնել բիզնեսը» եւ այլն։ Այո, իմաստուն միտք է։ Մանավանդ որ մինչեւ վերջերս
Տիգրան Սարգսյանը պնդում էր, թե ճգնաժամը ոչ միայն կշրջանցի Հայաստանը, այլեւ դեռ
մի բան էլ բազմաթիվ մրցակցային առավելություններ կապահովի մեզ համար։ Էլ չենք խոսում
այն մասին, որ ձեռնարկությունը, եթե հիշում եք, հիմնադրվել է 2007-ին, այսինքն`
ճգնաժամից շատ առաջ, ու հասկանալի չէ, թե ի՞նչ կապ ունի դա «նույնիսկ ճգնաժամի
պայմանների» հետ։ Բայց սա էլ դեռ ոչինչ։ Վարչապետը կառավարության անունից հավաստիացրել
է, որ «նման ձեռնարկումներին մշտապես կցուցաբերվի համակողմանի աջակցություն»։ Ափսոս`
վարչապետը չի կոնկրետացրել, թե ինչ նկատի ունի «համակողմանի աջակցություն» ասելով։
Գուցե հարկայինը միայն կենտ օրերի՞ն պիտի ստուգումներ անցկացնի «նման ձեռնարկություններում»,
կամ գուցե սպեցնազն այնտեղ պիտի ներխուժի բացառապես ծաղկավոր դիմակներո՞վ։
Փաստորեն, վարչապետ Տիգրան Սարգսյանի հենց միայն այս փոքրիկ «աշխատանքային դրվագը»
բացահայտում է կառավարության գործունեության ողջ պատկերը։ Առաջին հայացքից թվում
է, թե ամեն ինչ նորմալ է. վարչապետը մասնակցել է ինչ-որ գործարանի բացմանը։ Բայց
մի քիչ ավելի ուշադիր ես նայում, եւ պարզվում է, որ ոչ գործարանն է գործարան, ոչ
էլ վարչապետն է վարչապետ. ինչ-որ ցեխի բացման ժամանակ ինչ-որ մեկն ինչ-որ անկախ
մտքեր է հայտնել եւ վերջ:
Ի դեպ, բավականին ժամանակ է անցել, եւ շատերն արդեն երեւի մոռացել են, թե որն էր
նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի առաջին հրապարակային գործողությունը։ Չե՞ք
հիշում։ Նախագահ դառնալուց հետո նրա առաջին «հրապարակային ակցիան» եղավ «Ոսկե ձկնիկ»
ռեստորանի ժապավենը կտրելը։ Հասարակությունը շոկի մեջ էր, որովհետեւ մինչ այդ բոլորը
սովոր էին, որ նախագահը լավագույն դեպքում ատոմակայանի վերագործարկմանն է մասնակցում
կամ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն է բացում։ Բայց հետո կամաց-կամաց սովորեցինք:
Ու հիմա` խնդրեմ. հասանք «կաֆելի կլեյի ցեխին»։
Ի դեպ, մեր ընկերներից մեկն առաջիկայում մտադիր է «նույնիսկ ճգնաժամի պայմաններում»
ադի-բուդիի «տոչկա» դնել։ Հուսով ենք` վարչապետն իր սուղ ժամանակից մի քանի րոպե
կհատկացնի դարակազմիկ այդ իրադարձությանը եւ իր բարձր մասնակցությամբ կպատվի միջոցառումը։
Կարմիր ժապավենի եւ տեսախցիկների առկայությունը երաշխավորում ենք։
No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի