No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի
ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ
...Երբ հողիդ այլեւս տեր ես, երբ քեզ չնչին ու խեղճ են կարծել,
ու իրենց մռութին կերել: Երբ իրենք գող են ու բոզ` քեզ նույնն են հրամայել ու էլի
կերել կավատի իրենց ռեխին, օրն ուրեմն մոտ չէ, այլ ԱՅՍՕՐ Է: Այսօր ու այստեղ է
շրջադարձը: Կարդա ու հասկացիր, կարդա ու անպայման փոխանցիր, մի՛ վախեցիր, մի՛ թող
որ վախենան, ա՛չքը հանիր վախեցնողների:
Ահա Չարենցը։ Սա Եղիշե Չարենցն է, սա ճշմարիտն է։ Ճշմարիտը սա է։ Մի երկ բանտի
մասին ոչ այնքան հեռավոր անցյալից` 20-րդ դարի 20-ականների մասին։ Մեր իրականության
համար, մե՛զ համար կենդանի եւ արթուն մի երկ, այս պահին` նաեւ բանտի թեմայի առումով։
Առաջին հերթին ընթերցողը թող լինեն ՄԵԶԱՆԻՑ նրանք, որ այսօր բանտում են. համեմատելու
եւ համեմատվելու բան կունենան Չարենցից եւ Չարենցի հետ, այսօր ու վաղը` ԴՐՍՈՒՄ,
մեզ հետ խորհելու բան կունենան։ Հաջորդը ընթերցող թող լինեն ՍՐԱՆՔ, որ այսօր ամբարտավան,
բութ ու հոռի, վերջին անտաղանդից ավելի անտաղանդ ձեւով իրենց իրավունք են վերապահել
ծախել մեր ապագան, երկրի ապագան։ Վաղը պատրաստ կլինեն գրեթե հարյուրամյա այս երկի
փորձառությունից օգտվելու։ Մաղթում ենք, որ պատրաստ լինեն։ ՎԱՂԸ ԳԱԼՈՒ Է, ԴԱՏՎԵԼՈՒ
ԵՆ, ՆՍՏԵԼՈՒ ԵՆ։
Սակայն իմ այդ առաջին այցը թուրքական խմբակին ինձ համար առանձնապես նշանակալից
էր նրանով, որ ես այդտեղ առաջին անգամ հանդիպեցի Բաղդասարին, Ուղղիչ Տան հռչակավոր
Բաղդասարին, որը նստած «լատիներեն» էր սովորում թուրք պեյզանների հետ միասին...
Բայց Բաղդասարի մասին - հետո։
Երբ դուրս եկանք դասարանից, չգիտեմ ինչու, կրկին մտանք թատերական դահլիճը եւ բարձրացանք
բեմ։ Զարմանալի Համոն դեռ զբաղված էր իր դեկորներով, իսկ Բելոգուրովն ու Եֆիմ Բրավելմանը
դահլիճի վերեւի մասում զբաղված էին իրենց նկարչությամբ։ Ես այնքան էի տարվել իմ
տեսածներով ու լսածներով, որ միանգամայն մոռացել էի ուր լինելս։ Եվ ահա, չգիտեմ
ի՛նչպես պատահեց,- ես սթափվեցի այն ժամանակ միայն, երբ մենք արդեն կանգնած էինք
բեմի աջ կողմը, դեկորների հետեւը գտնվող բաց պատուհանի առաջ... Այո՛, բաց պատուհանի,
որի ճաղերի միջից երեւում էր աշնանային Երեւանը... Կարծես քնած էի, եւ սառը ջուրը
լցրին գլխիս - այդքան անակնկալ էր տպավորությունը։ Երեւակայո՞ւմ եք` Երեւանը, այդ
տափակ տների ու գորշ այգիների մոխրագույն տեսարանը արավ ինձ վրա շշմեցնող, հարբեցնող,
խենթացնող տպավորություն։ Նայեցի Բենժամենին` նա՛ էլ էր նայում Երեւանին։ Աչքերում
թախիծ կար եւ անսահման, անսահման, ես կասեի` անասնական կարոտ... Մոտ երկու տարի
էր, որ նստած էր նա Ուղղիչ Տանը - եւ երեք-չորս անգամ էր ընդամենը քաղաք գնացել։
- Այ, երանի~ մարդ ա՛յ էն ծառը ըլեր,- ցույց տալով ինչ-որ հեռավոր մի կետ` ասաց
կամացուկ Բենժամենը.- հի~նչ լավ կլեր...
- Չէ՛, ծառը լավ չէր լինի, մեկ է` չէիր կարող տեղիցդ շարժվել։
- Է, հո ազա~տ կլեի` ջհանդա՛մը թե չէի շարժվի,- պատասխանեց նույն կամացուկ ձայնով
Բենժամենը.- լավ ա մարդ դրսերում ծառ ըլնի, քան ըստեղ մարդ...
Մենք լուռ հեռացանք պատուհանից, եւ ես հետագայում միայն ինչպես հարկն է հասկացա
Բենժամենի վերջին խոսքերի հավիտենական ճշմարտությունը - մի պարզ, պրիմիտիվ, ոչ
միայն մարդկային, այլեւ կենդանական, բնախոսական ճշմարտություն, որի մասին միլիոնավոր
բանաստեղծություններ կան տպված աշխարհիս բոլոր դասագրքերում։
Երբ մենք Բենժամենի հետ միասին իջնում էինք ներքեւի հարկը` վառվռուն, կրակոտ աչքերով
մեզ առաջ վազեց Լազգին.
- Հիշկե՛ք` լա՞վ ենք մաքրուկ,- ասաց նա եւ ցույց տվեց մաքուր սրբած միջանցքը։ Եվ
ապա - գաղտնի, հույժ կոնֆիդենցիալ. խորհրդավոր ժպիտը դեմքին մոտեցավ նա ինձ, աջ
ձեռքը հովանոցի նման դրեց ականջիս վերեւը, շրթունքները մոտեցրեց եւ հայացքը Բենժամենին
հառած` ասաց ինձ իբր թե կամացուկ, բայց էապես այնպես, որ Բենժամենը եւս լսի.
- Մի նոր պոռնիկ կնիկ են բերուկ... Ի՛մ արեւ։
Ու ցատկելով մի կողմ` այծանման մկկաց։
Հետո լուրջ դեմք ընդունեց, ձեռքով ու քունքերով զարմացական շարժում արավ եւ ավելացրեց.
- Ընչի՞ կբերեն ըդրանց - չեմ խասկընա... Կնիկն ի՞նչ ա` բերեն դնեն բանտ` խաց տան
ուտա... Կրակ տան` վառե՛ն:
- Ինչո՞ւ, Լազգի՛. նրանք էլ մարդ են մեզ պես։
- Մա՞րթ, միանգամայն անկեղծ, ֆենոմենալ անկեղծությամբ բացականչեց Լազգին.- թե ըդրանք
մարթ են` Լազգին շո՛ւն ա...
No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի