No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԽԼՎԼՈՑ

ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Իշխող կոալիցիայի ներսում փոփոխությունները շարունակվում են


Դաշնակցական նախարարների հրաժարականներից հետո թափուր մնացած պաշտոններն արդեն զբաղված են. դրանք բաշխվեցին կոալիցիայում մնացած երեք կուսակցությունների միջեւ: Իսկ մյուս պաշտոնների մասով որոշումները դեռ վերջնական չեն:

Եվ այսպես, ՀՀ կրթության եւ գիտության նախարար է նշանակվել ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հանրապետական կուսակցության ամենատարեց անդամ, բազմակուսակցական ընտանիքի հայր Ռաֆիկ Պետրոսյանի եղբոր տղան եւս նախարարի պաշտոն ստացավ: Գեւորգ Պետրոսյանը, ի տարբերություն իր հորեղբոր եւ նրա թաղապետ որդու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է եւ երեկ նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Գեւորգ Պետրոսյանին իր շրջապատում երբեմն Իբրահիմ են ասում, քանի որ նա շատ է սիրում այդ երգչի երգերը: Վերահսկիչ պալատում վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Գերասիմ Ալավերդյանն էլ ՕԵԿ-ի կողմից նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Ինչպես հայտնի է, դաշնակցականները մի շարք նախարարություններում նաեւ փոխնախարարների պաշտոններ ունեին, որոնցից եւս հրաժարվել են: Բայց այդ պորտֆելների հարցերը դեռ լուծված չեն այնպես, ինչպես ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ արդեն թափուր մնացած ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնների հարցերը: Թեեւ խորհրդարանական պաշտոններն, ի տարբերություն գործադիրի, ընտրովի են, այսինքն` պատգամավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պետք է պատգամավորները զբաղեցնեն իրենց պաշտոնները, այնուամենայնիվ իշխանական կուլիսներում արդեն խոսակցություններ են տարածվել, թե ով որ պաշտոնն է զբաղեցնելու:

Ըստ այդ տեղեկությունների, ԱԺ փոխխոսնակի պաշտոնը գուցե չտրվի ՕԵԿ-ին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հավանական է ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ՀՀԿ խմբակցության քարտուղար, մարտի 1-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Այդպես նաեւ կբարձրանա հանձնաժողովի դերը: Համենայնդեպս, իշխանական կուլիսներում այսպես են մեկնաբանում Նիկոյանի նոր պաշտոնին վերաբերող լուրերը: Իսկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որն ազատվեց Արթուր Աղաբեկյանի հրաժարականից հետո, ՀՅԴ-ն որոշել է առաջադրել Հրայր Կարապետյանին: Բայց չի բացառվում, որ «Ժառանգություն» խմբակցությունը եւս իր թեկնածուին առաջադրի այդ պաշտոնում: Ինչ վերաբերում է ԱԺ կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, ապա այդ մասով դեռ հստակ որոշում չկա, քանի որ մինչեւ այս ամսվա վերջը ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւս կազատվի: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը նշանակվելու է Բրյուսելում ՀՀ դեսպան: Ըստ լուրերի, նա մինչեւ մայիսի 20-ը կնշանակվի այդ պաշտոնում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հանրապետական կուսակցությունը վերջնականապես որոշել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին որեւէ պաշտոն տալ: Ի վերջո այդ երիտասարդը երկար ժամանակ կուրծք է ծեծում ՀՀԿ-ի համար, բոլոր քրեական տարրերի հանցագործություններն իր վրա է վերցնում, եւ կուսակցությունը պետք է նրան ինչ-որ կերպ վարձահատույց լինի: Հիմա հարց է. կրթությա՞ն հանձնաժողովի նախագահի պաշտոնը կտրվի Շարմազանովին, թե՞ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Սերժ Սարգսյանն այս մասով դեռ որոշում չունի կայացրած:

Որոշված չէ նաեւ, թե ով է Արմեն Աշոտյանի փոխարեն դառնալու ԱԺ պատգամավոր: ՀՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված երիտասարդները հերթ են կանգնել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում ներկայացված, բայց դեռ պատգամավոր չդարձած մարդիկ եւս «հերթի մեջ են»: Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին` Ծաղիկ Ռուբոյին ասվել է, որ եթե ԲՀԿ-ն Դավիթաշեն համայնքում հաղթանակ տանի, ապա ԲՀԿ-ի ընտրացուցակում ներգրավված Ռուբեն Գեւորգյանը կդառնա պատգամավոր, իսկ եթե պարտվի կուսակցությունը Գեւորգյանի սիրելի համայնքում, ապա վերջինս մանդատ չի ստանա:

Հիշեցնենք, որ այս համայնքում իշխանական համակարգն իրար դեմ է հանել Գեւորգյանների ընտանիքին: Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը Ռուբեն Գեւորգյանի հարազատ եղբոր որդին է եւ Հանրապետական կուսակցության շտաբի պետը, իսկ Ռուբեն Գեւորգյանն էլ ԲՀԿ-ի շտաբի պետն է: ԲՀԿ-ի ավագանու ընտրացուցակում տեղ է զբաղեցնում նաեւ Ռուբեն Գեւորգյանի դուստրը: Իսկ ահա ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա, քրեական անցյալով հարուստ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի ընկեր, Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը այս ընտրություններում աշխատում է հարազատ հորեղբոր ու նրա դստեր դեմ: Իսկապես որ, բարոյական խնդիր կա մեր երկրում եւ շատ մեծ:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

առաջին էջ...»»

No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի