No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի
ԴԱՏԱԳՈՂԱԿԱՆ
ՎԿԱՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԱՑԵԼ Է
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են
Քաղբանտարկյալ պատգամավորների գործերով դատաքննությունները դարձյալ ուղեկցվում
են սկանդալներով: Ոստիկանները շարունակում են առեւանգել, ահաբեկել վկաներին` դատարանները
վերջնականապես վերածելով ոստիկանական բաժանմունքների: Իսկ կամակատար դատավորները
լուռ հետեւում են, թե ինչպես են բռնաբարվում արդարադատությունը, ՀՀ օրենքները հենց
դատարանի շենքում:
ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՐԱԾ ՎԿԱՆ ՀԱՅՏՆՎԵՑ` ՍԹՐԵՍԻ ՄԵՋ ԸՆԿԱԾ
Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, որ Հակոբյանի գործով վկա Համլետ Հովհաննիսյանը
կորավ դատարանում: Մենք նրան երկար սպասեցինք դրսում, բայց երիտասարդը դուրս չեկավ:
Իսկ սպասում էինք, քանի որ արդեն կանխատեսվում էր, որ վկային ոստիկանները տարան`
«մշակելու»: Երեկ Հակոբ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ երբ իրեն դուրս են
հանել դատարանի շենքից, ինքը բակում նկատել է, թե ինչպես են Համլետին ոստիկանները
ձեռքերը ոլորած նստեցրել մուգ գույնի BMW ավտոմեքենայի մեջ: «Ով որ քեզ տանում
էր, ես իրենց ճանաչում եմ: Դե երեխեքիդ արեւ երդվի, որ քեզ չեն տարել ոստիկանություն»,-
ճշմարտությունն իմանալու համար այս խոսքերով վկային դիմեց Հակոբյանը, ում ի պատասխան,
իհարկե, վկան չերդվեց:
Իսկ ինչո՞ւ հանկարծ Մալաթիայի տխրահռչակ ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանը, ում հանցավոր
անգործության հետեւանքով այդ համայնքում հանցագործներն ու հանցագործությունները
շատացել են, հիշեց Համլետ Հովհաննիսյանին: Այս երիտասարդը նախօրեին դատարանում
հայտարարեց, որ իր բոլոր գրածները սուտ են, որ իրեն տարել են Մալաթիայի ոստիկանություն,
3 օր պահել այնտեղ, որից հետո էլ սկսել է ցուցմունք գրել: Իսկ իրականում ինքը մարտի
1-ին իրենց տանն է եղել ու ոչնչից տեղյակ չէ, Հակոբ Հակոբյանին էլ առաջին անգամ
է տեսնում: Բայց քանի որ Համլետը մարտի 1-ի գործով մեղադրյալ է, ոստիկանները նրան
տարել եւ վախեցրել էին, թե կնստեցնեն: Դրա համար էլ Համլետը երեկ երկտող էր գրել
դատավոր Գագիկ Ավետիսյանին եւ ասել, թե ինքը սթրեսի մեջ է եղել, վախեցել է Հակոբյանի
հարազատներից ու խնդրում է նորից իրեն հարցաքննել: Լավաշ թխող այս երիտասարդը գրել
էր նաեւ, որ քննիչների մոտ իր գրածն է պնդում: Այսինքն, մենթերն իրենց գործն արել
էին:
ԳՈՂԱՑԱՆ ՀԵՆՑ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌՋԵՎ
Մինչ դատավոր Ավետիսյանը կընթերցեր սթրեսի մեջ ընկած վկայի զառանցանքները, մենք
դուրս եկանք դատարանի միջանցք, որտեղ կանգնած էր վկան` մեծ գլխով մի ոստիկանի հետ,
որը քաղաքացիական հագուստով էր: «Ի վերջո Ձեր ո՞ր ասածն է ճշմարտությունը»,- հարցրեցինք
27-ամյա Համլետին: Մինչ նա կհասցներ պատասխանել, կողքի մենթը մեջ ընկավ. «Դուք
իրան հարց տալու իրավունք չունեք, թող մտնի ցուցմունք տա, հետո»: «Բայց Ձեզ ո՞վ
ասաց, որ իրավունք չունեմ»,- փորձեցինք ճշտել անգրագետ մենթից, «Նախաքննություն
է գնում, հետո հարցեր կտաք»,- շարունակեց ինքն իրեն խայտառակ անել Մալաթիայի ոստիկանը:
Եւ երբ տեսավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, դատական կարգադրիչների
պետ Արթուր Փիլոյանի հորդորով փախցրեց վկա Համլետին ու տարավ անհայտ ուղղությամբ:
Այլ կերպ ասած, հրապարակավ գողացավ վկային: Մեզ հաջողվեց պարզել, որ Համլետը Էջմիածնի
նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի քրոջ որդին է: Այն նույն Ճոյտի, որին
երբ ԱԺ-ում որպես դարի հանցագործ «դատում էին», միայն պատգամավոր Հակոբ Հակոբյանը`
Լեդի Հակոբը, նրա թասիբին կանգնեց:
ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԷՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒՑ
Ինչեւէ, դատարանում երեկ կրկին հարցաքննեցին կորած վկային, ով շատ հարցերի հրաժարվում
էր պատասխանել, ինչը, սակայն, օրենքով անթույլատրելի է: Նա փոխեց իր ցուցմունքը`
հայտարարելով, թե քննիչների մոտ գրածը ճիշտ է: Իսկ երբ փաստաբան Մելանյա Առուստամյանը
հարցեր տվեց, Համլետը դարձյալ հերքեց այն, ինչ գրել էր: Այսինքն, Հակոբ Հակոբյանին
չի տեսել, նրա գործողությունների մասին ոչինչ չգիտի: «Ասա, ասա, որ պնդում ես ու
գնա, որ վրեդ բան չսարքեն, պլան, մլան քցեն գրպանդ»,- վկայի հարցաքննության ժամանակ
ասաց Հակոբյանը:
ԵՎՍ 2 ՎԿԱՅԻ ԱՀԱԲԵԿԵԼ ԵՆ ՄԵՆԹԵՐԸ
Դատարանի դահլիճում Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը հայտարարեց, որ եթե
վկան որեւէ մեկից կաշկանդված է, բռնեք եւ դատապարտեք այդ մարդուն, որը իբր Հակոբյանի
հարազատներից է: Այնուհետեւ տեղեկացրեց, որ գործով մյուս վկաներ Ամատունի Սարգսյանի
եւ Մարտին Շուշանյանի բնակարան են գնացել թաղայինները (Ավանի եւ Շենգավիթ համայնքի)
եւ ասել, թե պետք է պնդեք ձեր գրած ցուցմունքները: Նույնիսկ առաջարկել են հենց
տանը գրություն գրել, որ պնդում են նախաքննական ցուցմունքները եւ էլ չգնալ դատարան`
հակառակ դեպքում սպառնալով, թե «լավ չի լինի»:
ՎԱՐՈՐԴԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԻՐԵՆ ՃՆՇԵԼ ԵՆ
Կենտրոնի դատարանի մյուս դահլիճում շարունակվում էր Աբովյանի նախկին քաղաքապետ
Գրիգոր Ոսկերչյանի գործի դատաքննությունը: Ավտոբուսի վարորդ Խամո Նամաջյանն էր
հարցաքննվում դատարանում, ով նախընտրական շրջանում եւ դրանից հետո երկու անգամ
Աբովյան քաղաքից մարդկանց բերել է Երեւան, ինչի դիմաց 10 հազար դրամ են վճարել:
«Ինձ հետաքրքիր չէր, թե ով ուր էր գնում, մարդիկ էին, բերում էի»,- ասաց նա` հայտարարելով,
որ Գրիգոր Ոսկերչյանին չի ճանաչում: «Ախր չգիտեմ, թե ինչ եք ուզում ասեմ, որ ասեմ»,-
ճարահատյալ ասաց նա` կատակելով, թե անցյալ տարի ավտոբուսով տանկ է տեղափոխել: Իսկ
երբ դատարանում հրապարակվել են Խամո Նամադյանի նախաքննական ցուցմունքները, վերջինս
ասել է, թե «ի՞նչ էիք ուզում, 8 հոգով թափվել էին գլխիս, ստիպում էին, որ գրեմ,
ես էլ գրել եմ»:
ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՎԿԱՅԻ ՏՈՒՆՆ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ
Մյասնիկ Մալխասյանի հարազատներից էլ տեղեկացանք, որ պատգամավորի գործով վկա, աշտարակցի
Մելիք Հարթինյանին եւս իրավապահները հետապնդում են: Մի քանի օր է Մելիքին հրավիրում
են ոստիկանություն ու հավանաբար նրան էլ են ստիպելու նախաքննական ցուցմունքները
պնդել դատարանում: Նույնիսկ ոստիկանները գնացել են վկայի Աշտարակում գտնվող տունը,
շրջապատել այն եւ խուզարկություն կատարել` իբր զենք փնտրելու: Մալխասյանի դատն
այսօր է նշանակված:
ԴԱՏԱՎՈՐԸ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ
Տեղափոխվենք Աբովյան քաղաք, ուր շարունակվում է Սասուն Միքայելյանի գործի դատաքննությունը:
Երեկ ոստիկանները դատարան էին բերման ենթարկել վկա Վարդգես Թադեւոսյանին, ով դատարանում
հայտարարեց, որ ինքը ծանուցագիր չէր ստացել: Այսինքն, դատավորը ձեւական է ասում,
թե վկաներին կանչել է, իրականում, նա ուղղակի թղթեր է կցում գործին եւ շահագրգռված
չէ, որ նրանք գան դատարան ու ցուցմունքներ տան: Երեկ հարցաքննված վկան ասաց, որ
չի տեսել Սասուն Միքայելյանին փող, զենք բաժանելիս, չի տեսել մարդկանց հանրահավաքների
ժամանակ օղի խմելիս կամ թմրանյութ օգտագործելիս, միայն լսել է, որ Սասուն Միքայելյանը
հայտարարել է մարտի 1-ին, թե հանգիստ կանգնեք, ժողովուրդ, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը
գա: «Դուք Մյասնիկ Մալխասյանին ճանաչո՞ւմ եք»,- հարցրեց փաստաբան Հովիկ Արսենյանը,
որին ի պատասխան, վկան ասաց` ոչ: Հետո Արսենյանը մեզ բացատրեց, որ նման հարց էր
տալիս, քանի որ այդ վկան նախաքննության ընթացքում մի քանի թերթանոց ցուցմունքներ
է գրել Մյասնիկ Մալխասյանի դեմ, ում, փաստորեն, չի էլ ճանաչում:
ՎԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԷՐ, ԲԱՅՑ ՆՐԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԷԻՆ ՆԵՐՍ ՄՏՆԵԼ
Երբ Վարդգես Թադեւոսյանը գնաց, դատավորը հայտարարեց, թե այլ վկաներ չկան: Մեղադրող
Ամիրզադյանն էլ առաջարկեց ընդհատել վկաների հարցաքննությունը, հետազոտել ապացույցները,
մինչեւ մյուս վկաները ներկայանան: «Մի վկա կա դրսում եւ սպասում է (խոսքը Թաթուլ
Կարապետյանի մասին է- Թ. Թ.)»,- տեղեկացրեց փաստաբան Հովիկ Արսենյանը, ում ի պատասխան
դատավորն ասաց, թե իրենք ոստիկաններին բերման ենթարկելու փաստաթուղթ են ներկայացրել,
բայց որեւէ մեկը բերման չի ենթարկվել: «Մարդն իր ոտքով եկել է, ինչո՞ւ չեք ուզում
լսել այդ վկային»,- արդեն բարկացավ Արսենյանը` ավելացնելով, թե սա անհարգալից վերաբերմունք
է օրենսգրքի նկատմամբ: Հետո ելույթով հանդես եկավ Սասուն Միքայելյանը` նախ ճշտելով,
թե արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչ կա դատարանում,
համոզվելով, որ կա, ասաց. «Ես խնդրում եմ Արմեն Հարությունյանին փոխանցեք, որ այս
գործի հետ կապված ես միտում եմ տեսնում թե դատախազության, թե մեղադրողի, թե դատավորի,
թե ոստիկանության կողմից: Այս դատավարության ընթացքում պարզվեց, որ ցուցմունքները
կորզել են թե ոստիկանության աշխատողները, թե դատախազության աշխատողները: Այդ մարդը
եկել է դատարան, ինչո՞ւ չեք լսում»: Սասուն Միքայելյանի բարկացած տոնով այս խոսքերից
հետո դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց` ասելով, թե վկան թող գա ներս:
Ընդմիջումը տեւեց 45 րոպե եւ այդ ընթացքում վկա Թաթուլ Կարապետյանը կանգնած էր
դրսում` Հովիկ Արսենյանի կողքը: Վախից Թաթուլը դողում էր: «Ես կողքից իմացել եմ,
որ լավ բան չեմ գրել, եկել եմ` իմանամ` ե՞ս եմ գրել, ի՞նչ եմ գրել, իմ ասելիքն
ասեմ, գնամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաթուլ Կարապետյանը` հրաժարվելով
մանրամասնել, թե ինչ ճնշումների է ենթարկվել ինքը նախաքննական մարմնի, ոստիկանության
կողմից: Միայն հաստատեց մեր տեղեկությունը. իրեն ոստիկանները մի քանի օր պահել
են, վերցրել անձնագիրը, ապա նաեւ ստիպել, որ գա դատարան եւ պնդի նախաքննական ցուցմունքները:
Մեր տեղեկություններով, Կարապետյանի գրպանում ոստիկանները թմրանյութ են գցել ու
հետո սպառնացել, թե կդատեն այդ հոդվածով, եթե իրեն խելոք չպահի:
ԵՍ ԿՀՐԱԺԱՐՎԵՄ ԻՄ ԳՐԱԾԻՑ
«Եթե իմ գրածներից չլինի, թող տանեն էքսպերտիզացիա անեն, ինչ որ ես եմ գրել, ես
տեր եմ, ինչը չէ, կհրաժարվեմ»,- երեկ մեզ ասաց վկա Կարապետյանը: Հավանաբար սա է
պատճառը, որ ոստիկանները, դատախազներն ու դատավորը չեն ցանկանում հարցաքննել այդ
վկային: Նա դրսում կանգնած էր, բայց կարգադրիչները չէին թողնում մտնել դատարան:
Որքան էլ տարօրինակ է, ընդմիջումից հետո սկսված դատը դատավոր Հրայր Սարգսյանը հետաձգեց`
պատճառաբանելով, թե վկան չի եկել դատարան:
Իսկ վերջում, վկան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ
գնաց, որպեսզի մենթերը, սովորության համաձայն, չգողանան: Ավելի ուշ տեղեկացանք,
որ ոստիկանները գնացել են վկա Կարապետյանի տուն, ընտանիքի անդամներին սպառնացել,
ապա նաեւ գրություն վերցրել նրանցից, թե Թաթուլ Կարապետյանը Հայաստանում չէ:
No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի