«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N851 (ինտերնետային N1011),
13 մայիսի 2009 թ.


Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորությունը։

Մանձոնի

ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՆՈՒՅՆՊԵՍ

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀԵՐ ԷԼ ԵՆ ԼԻՆՈՒՄ


Ցանկացած ճակատամարտում էլ զոհեր լինում են, եւ որքան էլ տվյալ ճակատամարտը կարեւոր լինի ընդհանուր հաղթանակի համատեքստում, միեւնույն է` այդ ճակատամարտի վերաբերյալ հաղորդագրությունները սկսվում են զոհերի մասին տեղեկություններից:

Հենց այդպես էլ վարվեց «Ժառանգություն» կուսակցությունը` երեկ հայտարարելով, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում թիվ 8 ընտրատարածքում կուսակցությունը փաստորեն հանձնաժողովներում ներկայացուցիչներ չի ունենալու։ Այլ կերպ ասած, «Ժառանգության» ներկայացուցիչը «ծախվել է», Սամվել Ալեքսանյանը հաճույքով «առել է» նրան (թիվ 8 ընտրատարածքը հիմնականում ընդգրկում է Մալաթիա թաղամասը), եւ արդյունքում` բոլոր ընտրատեղամասերում «Ժառանգության» տեղերը տրվել են իշխանություններին։ Մի խոսքով` թիվ 8 ընտրատարածքում «Ժառանգության» ներկայացուցիչը «զոհվել է»։ Չէ, իսկապես պրոբլեմ չկա, որովհետեւ ցանկացած ճակատամարտում էլ զոհեր լինում են։ Բայց այս միջադեպը մտորումների տեղիք է տալիս եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ` իսկ Սամվել Ալեքսանյանի ինչի՞ն էին պետք այդ տեղերը։ Մարդը Երեւանի ավագանու թեկնածու չէ, նժդեհյան գաղափարախոսության հետ առանձնապես կապ չունի, եւ ընդհանրապես` իր համար գլուխը կախ շաքարավազ է ներմուծում ու ոչ մի բանի չի խառնվում։ Որպես ի՞նչ պիտի նա մեյդան ընկներ ու առներ «Ժառանգության» ներկայացուցչին։ Եթե այդպիսի բան է արել, ուրեմն` շահագրգռված է. որ ոչ միայն «իր թաղում» հանրապետականները հաղթեն, այլեւ «շուխուռ չհելնի»։ Այսինքն` ինչ-որ մեկը նրա վրա այդպիսի պարտականություններ է դրել: Ընդ որում` նա դա արել է բացահայտորեն. մարդուն մի քանի օրով «առեւանգել» ու թաքցրել է հիվանդանոցում եւ ամենեւին չի մտահոգվել, որ աղմուկ կբարձրանա։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ այդ աղմուկը նրան ձեռնտու է: «Շեֆը» կլսի ու կհասկանա, թե որքան նվիրված է ինքը։

Ուշադրություն դարձրեք` 8-րդ ընտրատարածքի շուրջ բարձրացած այս հարցի վերաբերյալ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում մեղադրել հանրապետականներին կամ կոնկրետ Սամվել Ալեքսանյանին։ Այսինքն` ենթադրվում է, որ նրանք հենց այդպես էլ պիտի վարվեին, ու որեւէ մեկը նրանցից այլ ակնկալիք չուներ։ Ղարաբաղյան պատերազմի օրերին էլ էր այդպես։ Եթե մեկը զոհվում էր, պատասխանատվության էին կանչում նրա հրամանատարին, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնում մեղադրել թշնամու զինվորին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նա թշնամի է եւ «իր գործն է արել»։ Եթե գայլը հարձակվում է հոտի վրա, որեւէ մեկի մտքով չի անցնում մեղադրել գայլին, բոլորն էլ հովվին են մեղադրում, թեեւ, մեծ հաշվով, «միջադեպի» մեղավորը գայլն է։ Բայց սա իր հերթին նշանակում է, որ ի դեմս հանրապետականների` ժողովուրդը գործ ունի ոչ թե «քաղաքական հակառակորդի», այլ թշնամու հետ։ Ընդ որում, «հանրապետական» անունը կարող է թյուրիմացության մեջ գցել մարդկանց, եւ շատերին կարող է թվալ, թե խոսքը քաղաքական ուժի մասին է։ Այդպիսի բան չկա, մեր առջեւ կրիմինալն է: Եվ այդ կրիմինալն ամեն ինչ անում է, որպեսզի հանկարծ Երեւանում ընտրություններ տեղի չունենան։ Դրա համար նրանք դիմում են ցանկացած միջոցի` շանտաժ, ահաբեկում, կաշառք, կեղծիքներ եւ այլն, բայց քանի որ Հայաստանում վաղուց արդեն բոլորն ամեն ինչ գիտեն, նրանք հարկ չեն համարում նույնիսկ թաքցնել իրենց մարտավարությունը։ Եվ ամեն ինչ շատ բացահայտ է արվում. մարդուն առեւանգեցին, թաքցրեցին հիվանդանոցում, նրա փոխարեն տեղամասային հանձնաժողովների անդամներ նշանակեցին եւ վերջ։ Ինչքան ուզում եք` բողոքեք, կարեւորը` որ հանձնաժողովների «նորանշանակ անդամները» չբողոքեն։

Եվ պատկերացրեք` համընդհանուր այս թոհուբոհում հիմնականը երկրորդ պլան է մղվում։ Վերջին հաշվով, ինչի՞ մասին է խոսքը։ Մարդկանց ինչ-որ խումբ ուզում է, որ 21-րդ դարում 2800-ամյա Երեւանի քաղաքապետ դառնա Չոռնի Գագոն։ Այսինքն, համայն հայության մայրաքաղաքը պիտի ղեկավարի այնպիսի մեկը, որի նույնիսկ մականունը հայերեն չէ։ Ու տեսեք, թե ինչ «հիմնավորումներ» են բերում. է՛լ «ներքաղաքական կայունություն», է՛լ «մայրաքաղաքի կենցաղային հոգսեր», է՛լ «ավանդույթների շարունակական ընթացք»։ Իսկ երբ մանրուքներից վերանում ես, պարզվում է, որ տակն ուրիշ բան չկա. ամեն ինչ արվում է, որպեսզի Երեւանի քաղաքապետ դառնա Չոռնի Գագոն։ Եվ եթե դա տեղի ունենա, այլեւս որեւէ մեկն իրավունք չի ունենա պարծենալ «երեքհազարամյա մեր մշակույթով», «վարդագույն մայրաքաղաքով», «հինավուրց ճարտարապետությամբ» եւ այլն։ Եվ ցանկացած մեկը ցանկացած պահի մեր երեսին կշպրտի` դուք այն ժողովուրդը չե՞ք, որի մայրաքաղաքի քաղաքապետը Չոռնի Գագոն է։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչքան կհրճվեինք, եթե, օրինակ, պարզվեր, որ Բաքվի քաղաքապետ է դարձել Շայթան Մահմեդը։ Հիմա մենք փաստորեն այդ նույն վիճակում ենք։

Բայց պայքարել, ամեն դեպքում, պետք է։ Եթե նույնիսկ գիտակցում ենք, որ ցանկացած ճակատամարտում էլ զոհեր են լինում։

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎ

ԲՀԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն ԱՆՑԵԼ ԵՆ ԳՐՈՀԻ

Երեկ երեկոյան` 21:30-ի սահմաններում, Ազատության պողոտան լեփ-լեցուն էր կարմիր բերետավորներով: «Զվարթնոց» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության շենքի մոտ տեղակայված ոստիկանական ավտոմեքենաներն ու գազելները այնքան շատ էին, որ կաթվածահար էր եղել փողոցի երթեւեկությունը: Ոստիկանական ավտոշարասյան կողքին կանգնած էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արայիկ Քոթանջյանը (ավտոմեքենայի համարանիշը` 100 TL 08. նկարում): Այստեղ էր նաեւ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ, վերջերս կենդանության նշաններ ցույց տվող Գրիշա Սարգսյանը (ավտոմեքենայի համարանիշը 22 LL 600):

Ինչպես պարզվեց, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի վրա էին արշավել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստները. ոստիկաններն էլ ոստիկանական բաժանմունք էին տարել բարգավաճականներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ամեն ինչ դարձյալ սկսվել է ՀՀԿ-ից: Բանն այն է, որ այս համայնքի ՀՀԿ-ականները, թաղապետ Արայիկ Քոթանջյանի գլխավորությամբ, երեկ առավոտյան հարձակվել են նույն համայնքում գործող «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբի վրա: Քոթանջյանի ջոկատը զինված է եղել մահակներով, ու ՀՀԿ-ականները հասցրել են վնասվածքներ պատճառել Բարգավաճի տղաներին: Արդեն երեկոյան Բարգավաճի տղաներն են գրոհել ՀՀԿ շտաբի վրա` փորձելով առավոտվա «ճակատամարտի» պատասխան հակահարվածը տալ: Եվ եթե առավոտյան ԲՀԿ ակտիվիստները խուսափել են ոստիկանություն կանչելուց, ապա ՀՀԿ-ականները իրենց չեն կորցրել եւ անմիջապես ահազանգել են ոստիկանություն: Սրանք էլ եկել ու Բարգավաճի տղաներին «հավաքել» են: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հարաբերություններում առկա լարվածությունը օրեցօր մեծանում է. ինչպես երեւում է, ՀՀԿ-ականների լկտի կեցվածքն արդեն նյարդայնացնում է նաեւ նրա կոալիցիոն գործընկերոջը: Եվ դա հասկանալի է:

ԱՅՍՕՐ` ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Այսօր` մայիսի 13-ին, ժամը 18:30-ին, Ավան համայնքում Հայ ազգային կոնգրեսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ անցկացնելու է իր հերթական նախընտրական հանդիպումը: Այն կայանալու է Ավան համայնքի «Սթար» խանութի հարեւանությամբ: Հանդիպմանը հաջորդելու է երթը` Բաբաջանյան փողոցով Ավան, Առինջ, Ընտանիքի հրապարակ, ապա Բաբաջանյան փողոցով` Աճառյան փողոց: Հանդիպմանը ելույթ են ունենալու Շարժման առաջնորդները, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՄԵՂՔ ԷՐ ԱՇՈՏՅԱՆԸ

Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրել է դաշնակցական բոլոր նախարարների` ՀՀ գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի, սոցապ նախարար Արսեն Համբարձումյանի եւ կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանի հրաժարականի դիմումները:

Ինչպես եւ սպասվում էր, կրթության նախարարի պորտֆելը ՀՀԿ-ն իրեն է պահել, եւ ԿԳ նախարար է նշանակել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր 33-ամյա Արմեն Աշոտյանին (նկատենք, որ հաշված օրեր են մնացել ընդունելության քննություններին, եւ առաջիկայում Արմեն Աշոտյանին լուրջ փորձություններ են սպասվում): Սոցապ նախարարի պորտֆելը բաժին է հասել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. նախարար է նշանակվել Գեւորգ Պետրոսյանը: Նկատենք, որ հասարակությունը, հասկանալի պատճառներով, մշտապես դժգոհել է հենց այս նախարարության աշխատանքներից, եւ ԲՀԿ-ի դեպքում Սերժ Սարգսյանը ոչ թե լավություն է արել, այլ հակառակը` դժգոհության նոր թիրախ է ընտրել` ի դեմս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ով հիմնականում բարեգործի իմիջ ունի եւ հասարակության տարբեր շերտերի օգնել է սոցիալական բեռը «լիցքաթափել»: Հիմա ԲՀԿ-ին բարեգործությունն էլ չի փրկի: Գյուղնախարարի աթոռը բաժին է հասել ՕԵԿ-ից Գերասիմ Ալավերդյանին: (Տես նաեւ էջ 5):

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ

Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերքել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից իրեն վերագրված արտահայտությունները։

«ՉԻ» - Ճիշտն ասած, նա կարող էր նաեւ իրեն այդպիսի նեղություն չտալ։ Միեւնույն է` վաղուց արդեն որեւէ մեկը նրա ասածները լուրջ չի ընդունում, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ հաջորդ օրը ինքն իր ասածները հերքելու է։ Բայց մյուս կողմից էլ` դժվար է հավատալ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունում սեփական մտքերը շարադրելու ընդունակ մարդ չկա։ Հետեւաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ են ամերիկացիները հենց նրան հանձնարարել զբաղվել ղարաբաղյան խնդրով։

Ըստ երեւույթին խնդիրն այն է, որ պրն Բրայզայի «լեզվական սայթաքումներն» ամենեւին էլ պատահական չեն։ Պարզապես նա ամեն անգամ ինչ-որ հարցի շուրջ այդպիսի «սայթաքում» է թույլ տալիս եւ ուշադիր հետեւում է դրա արձագանքներին, այսինքն` ուսումնասիրում է հասարակական կարծիքը Հայաստանում եւ Ադրբեջանում։ «Ձեռքի հետ» էլ կամաց-կամաց երկու ժողովուրդներին նախապատրաստում է «շրջանակային համաձայնագրին»: Ի վերջո, ժողովուրդը նրա «սայթաքումները» քննարկում է, եւ նույնիսկ «հերքումներից» հետո որոշակի նստվածք մնում է։ Այնպես որ` հերքումներն այնքան էլ էական չեն։

ՏԵՍԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահան Հովհաննիսյանը երեւանցիներին խոստացել է արդեն ընդդիմադիր կարգավիճակում լինելով` բացել նրանց աչքերը կուտակված բազմաթիվ խնդիրների վրա։

«ՉԻ» - Հետաքրքիր է` իսկ ըստ Վահան Հովհաննիսյանի, մինչեւ հիմա ո՞վ էր փակել երեւանցիների աչքերը, եւ արդյո՞ք նույն ՀՅԴ-ն չէր մասնակցել այդ «գործընթացին»։

Իրականությունն այն է, որ ժողովրդի աչքերը բացելու կարիք չկա. ժողովրդի աչքերը միշտ էլ բաց են եղել, ու մարդիկ շատ լավ պատկերացրել են եւ հիմա էլ պատկերացնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այլ հարց է, որ գուցե ՀՅԴ-ի աչքերն են բացվել վերջին մի քանի շաբաթների ընթացքում (թեեւ, կարծում ենք, նրանք ընդամենը ձեւացնում էին, թե ոչնչից տեղյակ չեն)։

Իհարկե, լավ է, որ ջայլամը վերջապես գլուխը հանում է ավազի միջից։ Բայց համաձայնվեք` տարօրինակ կլիներ, եթե ջայլամը գլուխն ավազի միջից հաներ ու անմիջապես սկսեր մյուս կենդանիներին «պատմել ճշմարտությունը» եւ նույնիսկ հավակներ բացել նրանց աչքերը։ Մանավանդ եթե մյուս կենդանիները տարիներ շարունակ բաց աչքերով հետեւել են հենց ջայլամի այդ հայտնի կեցվածքին։

ՍԿՍԵՑԻՆ «ԽՈՒՐԴՎԵԼ»

ՄԻ ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Որ Հայաստանի տնտեսության վիճակն աղետալի է` փաստում են բոլորը, եւ առաջին հերթին` միջազգային կազմակերպությունները։ Բայց այնպես չէ, որ ՀՀ կառավարությունը ձեռքերը ծալած նստած է։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, հիվանդագին եռուզեռի մեջ է։ Անընդհատ իրեն դեսուդեն է նետում, ինչ-որ հիմնարկներ այցելում, ինչ-որ ժապավեններ կտրատում եւ այլն։

Իշխանական լրատվամիջոցներն էլ, բնականաբար, կրնկակոխ հետեւում են նրա յուրաքանչյուր քայլին եւ փորձում այդ իրարանցումից լավատեսական լուրեր սարքել։ Եվ պատկերացրեք` ստացվում է։ Երեկ, օրինակ, Տիգրան Սարգսյանն այցելել էր «Լիտոկոլ» գործարան։ Հետագա իրադարձությունները կներկայացնենք` հիմնվելով բացառապես ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի վրա (իրականությունը խեղաթյուրելու մեղադրանքներից խուսափելու նպատակով)։

Ուրեմն այսպես: Ըստ պաշտոնական տեղեկությունների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է «Լիտոկոլ» գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2007թ. եւ զբաղվում է երեսպատման կերամիկական սալիկների փակցման համար նախատեսված սոսնձի արտադրությամբ։ Հասկացա՞ք։ Հայերեն ասած` խոսքը «կաֆելի կլեյի» ցեխի մասին է։ Թե ինչու է մի ամբողջ վարչապետ մասնակցել այդ արարողությանը` մնում է անհասկանալի, բայց ըստ երեւույթին մարդը պարզապես այդ օրը հեռուստաէկրաններից երեւալու ավելի լավ առիթ չի գտել։ Իսկ գուցե դա ոչ թե «կաֆելի կլեյի ցեխ» է, այլ հսկայական մի գործարան, որը հազարավոր աշխատատեղե՞ր է բացելու։ Ամենեւին։ Նույն պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ «ձեռնարկությունն ունի 35-40 աշխատատեղ» (այսինքն` մոտավորապես այնքան, որքան ունի ցանկացած իրեն հարգող «վետերոկ»)։ Ուշադրություն դարձրեք թվերի վրա. ի՞նչ է նշանակում 35-40 աշխատատեղ: Ավելի կոնկրետ` քանի՞ մարդ է աշխատում ձեռնարկությունում, 35, թե՞ 40։ Դա նույնն է, թե մեկը հայտարարի, որ ամուսնացած է եւ ունի 3-4 երեխա։ Բայց դա նշանակություն չունի։ Կարեւորն այն է, որ Տիգրան Սարգսյանը ժապավեն կտրի, եւ հեռուստաընկերությունները ցուցադրեն այդ կադրերը։

Անցնենք առաջ։ Պաշտոնական աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով գործարանի սեփականատերերին, աշխատողներին եւ բոլոր ներկաներին, նշել է, որ ձեռնարկության հիմնումը վկայում է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում հնարավոր է զարգացնել բիզնեսը» եւ այլն։ Այո, իմաստուն միտք է։ Մանավանդ որ մինչեւ վերջերս Տիգրան Սարգսյանը պնդում էր, թե ճգնաժամը ոչ միայն կշրջանցի Հայաստանը, այլեւ դեռ մի բան էլ բազմաթիվ մրցակցային առավելություններ կապահովի մեզ համար։ Էլ չենք խոսում այն մասին, որ ձեռնարկությունը, եթե հիշում եք, հիմնադրվել է 2007-ին, այսինքն` ճգնաժամից շատ առաջ, ու հասկանալի չէ, թե ի՞նչ կապ ունի դա «նույնիսկ ճգնաժամի պայմանների» հետ։ Բայց սա էլ դեռ ոչինչ։ Վարչապետը կառավարության անունից հավաստիացրել է, որ «նման ձեռնարկումներին մշտապես կցուցաբերվի համակողմանի աջակցություն»։ Ափսոս` վարչապետը չի կոնկրետացրել, թե ինչ նկատի ունի «համակողմանի աջակցություն» ասելով։ Գուցե հարկայինը միայն կենտ օրերի՞ն պիտի ստուգումներ անցկացնի «նման ձեռնարկություններում», կամ գուցե սպեցնազն այնտեղ պիտի ներխուժի բացառապես ծաղկավոր դիմակներո՞վ։

Փաստորեն, վարչապետ Տիգրան Սարգսյանի հենց միայն այս փոքրիկ «աշխատանքային դրվագը» բացահայտում է կառավարության գործունեության ողջ պատկերը։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ նորմալ է. վարչապետը մասնակցել է ինչ-որ գործարանի բացմանը։ Բայց մի քիչ ավելի ուշադիր ես նայում, եւ պարզվում է, որ ոչ գործարանն է գործարան, ոչ էլ վարչապետն է վարչապետ. ինչ-որ ցեխի բացման ժամանակ ինչ-որ մեկն ինչ-որ անկախ մտքեր է հայտնել եւ վերջ:

Ի դեպ, բավականին ժամանակ է անցել, եւ շատերն արդեն երեւի մոռացել են, թե որն էր նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի առաջին հրապարակային գործողությունը։ Չե՞ք հիշում։ Նախագահ դառնալուց հետո նրա առաջին «հրապարակային ակցիան» եղավ «Ոսկե ձկնիկ» ռեստորանի ժապավենը կտրելը։ Հասարակությունը շոկի մեջ էր, որովհետեւ մինչ այդ բոլորը սովոր էին, որ նախագահը լավագույն դեպքում ատոմակայանի վերագործարկմանն է մասնակցում կամ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն է բացում։ Բայց հետո կամաց-կամաց սովորեցինք: Ու հիմա` խնդրեմ. հասանք «կաֆելի կլեյի ցեխին»։

Ի դեպ, մեր ընկերներից մեկն առաջիկայում մտադիր է «նույնիսկ ճգնաժամի պայմաններում» ադի-բուդիի «տոչկա» դնել։ Հուսով ենք` վարչապետն իր սուղ ժամանակից մի քանի րոպե կհատկացնի դարակազմիկ այդ իրադարձությանը եւ իր բարձր մասնակցությամբ կպատվի միջոցառումը։ Կարմիր ժապավենի եւ տեսախցիկների առկայությունը երաշխավորում ենք։

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ

...Երբ հողիդ այլեւս տեր ես, երբ քեզ չնչին ու խեղճ են կարծել, ու իրենց մռութին կերել: Երբ իրենք գող են ու բոզ` քեզ նույնն են հրամայել ու էլի կերել կավատի իրենց ռեխին, օրն ուրեմն մոտ չէ, այլ ԱՅՍՕՐ Է: Այսօր ու այստեղ է շրջադարձը: Կարդա ու հասկացիր, կարդա ու անպայման փոխանցիր, մի՛ վախեցիր, մի՛ թող որ վախենան, ա՛չքը հանիր վախեցնողների:

Ահա Չարենցը։ Սա Եղիշե Չարենցն է, սա ճշմարիտն է։ Ճշմարիտը սա է։ Մի երկ բանտի մասին ոչ այնքան հեռավոր անցյալից` 20-րդ դարի 20-ականների մասին։ Մեր իրականության համար, մե՛զ համար կենդանի եւ արթուն մի երկ, այս պահին` նաեւ բանտի թեմայի առումով։ Առաջին հերթին ընթերցողը թող լինեն ՄԵԶԱՆԻՑ նրանք, որ այսօր բանտում են. համեմատելու եւ համեմատվելու բան կունենան Չարենցից եւ Չարենցի հետ, այսօր ու վաղը` ԴՐՍՈՒՄ, մեզ հետ խորհելու բան կունենան։ Հաջորդը ընթերցող թող լինեն ՍՐԱՆՔ, որ այսօր ամբարտավան, բութ ու հոռի, վերջին անտաղանդից ավելի անտաղանդ ձեւով իրենց իրավունք են վերապահել ծախել մեր ապագան, երկրի ապագան։ Վաղը պատրաստ կլինեն գրեթե հարյուրամյա այս երկի փորձառությունից օգտվելու։ Մաղթում ենք, որ պատրաստ լինեն։ ՎԱՂԸ ԳԱԼՈՒ Է, ԴԱՏՎԵԼՈՒ ԵՆ, ՆՍՏԵԼՈՒ ԵՆ։


Սակայն իմ այդ առաջին այցը թուրքական խմբակին ինձ համար առանձնապես նշանակալից էր նրանով, որ ես այդտեղ առաջին անգամ հանդիպեցի Բաղդասարին, Ուղղիչ Տան հռչակավոր Բաղդասարին, որը նստած «լատիներեն» էր սովորում թուրք պեյզանների հետ միասին...

Բայց Բաղդասարի մասին - հետո։

Երբ դուրս եկանք դասարանից, չգիտեմ ինչու, կրկին մտանք թատերական դահլիճը եւ բարձրացանք բեմ։ Զարմանալի Համոն դեռ զբաղված էր իր դեկորներով, իսկ Բելոգուրովն ու Եֆիմ Բրավելմանը դահլիճի վերեւի մասում զբաղված էին իրենց նկարչությամբ։ Ես այնքան էի տարվել իմ տեսածներով ու լսածներով, որ միանգամայն մոռացել էի ուր լինելս։ Եվ ահա, չգիտեմ ի՛նչպես պատահեց,- ես սթափվեցի այն ժամանակ միայն, երբ մենք արդեն կանգնած էինք բեմի աջ կողմը, դեկորների հետեւը գտնվող բաց պատուհանի առաջ... Այո՛, բաց պատուհանի, որի ճաղերի միջից երեւում էր աշնանային Երեւանը... Կարծես քնած էի, եւ սառը ջուրը լցրին գլխիս - այդքան անակնկալ էր տպավորությունը։ Երեւակայո՞ւմ եք` Երեւանը, այդ տափակ տների ու գորշ այգիների մոխրագույն տեսարանը արավ ինձ վրա շշմեցնող, հարբեցնող, խենթացնող տպավորություն։ Նայեցի Բենժամենին` նա՛ էլ էր նայում Երեւանին։ Աչքերում թախիծ կար եւ անսահման, անսահման, ես կասեի` անասնական կարոտ... Մոտ երկու տարի էր, որ նստած էր նա Ուղղիչ Տանը - եւ երեք-չորս անգամ էր ընդամենը քաղաք գնացել։

- Այ, երանի~ մարդ ա՛յ էն ծառը ըլեր,- ցույց տալով ինչ-որ հեռավոր մի կետ` ասաց կամացուկ Բենժամենը.- հի~նչ լավ կլեր...

- Չէ՛, ծառը լավ չէր լինի, մեկ է` չէիր կարող տեղիցդ շարժվել։

- Է, հո ազա~տ կլեի` ջհանդա՛մը թե չէի շարժվի,- պատասխանեց նույն կամացուկ ձայնով Բենժամենը.- լավ ա մարդ դրսերում ծառ ըլնի, քան ըստեղ մարդ...

Մենք լուռ հեռացանք պատուհանից, եւ ես հետագայում միայն ինչպես հարկն է հասկացա Բենժամենի վերջին խոսքերի հավիտենական ճշմարտությունը - մի պարզ, պրիմիտիվ, ոչ միայն մարդկային, այլեւ կենդանական, բնախոսական ճշմարտություն, որի մասին միլիոնավոր բանաստեղծություններ կան տպված աշխարհիս բոլոր դասագրքերում։



Երբ մենք Բենժամենի հետ միասին իջնում էինք ներքեւի հարկը` վառվռուն, կրակոտ աչքերով մեզ առաջ վազեց Լազգին.

- Հիշկե՛ք` լա՞վ ենք մաքրուկ,- ասաց նա եւ ցույց տվեց մաքուր սրբած միջանցքը։ Եվ ապա - գաղտնի, հույժ կոնֆիդենցիալ. խորհրդավոր ժպիտը դեմքին մոտեցավ նա ինձ, աջ ձեռքը հովանոցի նման դրեց ականջիս վերեւը, շրթունքները մոտեցրեց եւ հայացքը Բենժամենին հառած` ասաց ինձ իբր թե կամացուկ, բայց էապես այնպես, որ Բենժամենը եւս լսի.

- Մի նոր պոռնիկ կնիկ են բերուկ... Ի՛մ արեւ։

Ու ցատկելով մի կողմ` այծանման մկկաց։

Հետո լուրջ դեմք ընդունեց, ձեռքով ու քունքերով զարմացական շարժում արավ եւ ավելացրեց.

- Ընչի՞ կբերեն ըդրանց - չեմ խասկընա... Կնիկն ի՞նչ ա` բերեն դնեն բանտ` խաց տան ուտա... Կրակ տան` վառե՛ն:

- Ինչո՞ւ, Լազգի՛. նրանք էլ մարդ են մեզ պես։

- Մա՞րթ, միանգամայն անկեղծ, ֆենոմենալ անկեղծությամբ բացականչեց Լազգին.- թե ըդրանք մարթ են` Լազգին շո՛ւն ա...

Շարունակելի

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԵՐԵՎԱՆԻՑ ՍԿՍԵԼ


Այս օրերին շատերի ուշադրության կենտրոնում Երեւանն է: Ընդդիմությունը հայտարարել է, որ մայիսի 31-ին կայանալիք ընտրությունները սոսկ քաղաքային ընտրություններ չեն, այլ դա նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է: Այդ է պատճառը, որ նախընտրական տրամադրություն է տիրում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ամբողջ հանրապետությունում: Նույնիսկ հեռավոր մարզերում եւ գյուղերում մարդիկ լարված սպասում են, թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում. իսկ եթե իշխանությունները նորից կեղծեն ու կրակե՞ն, իսկ ի՞նչ է լինելու հետո... տագնապի եւ անորոշության այսպիսի հարցադրումները հուզում են ոչ միայն երեւանցուն, այլ նաեւ ցանկացած մեկին, ով ներքին համոզվածություն ունի, որ այսպես շարունակվել չի կարող: Չի կարող եւ վերջ: «Հայացք մարզերից». այս խորագրի ներքո այսուհետ մենք զրուցելու ենք մարզերում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում բնակվող մարդկանց հետ: Երեւանյան նախընտրական տրամադրությունների մասին խոսելու եւ կարծիք են հայտնելու նաեւ այն քաղաքացիները, որոնք չնայած քվեարկելու իրավունք չունեն, բայց ամբողջովին մասնակիցն են մայրաքաղաքում ընթացող քաղաքական իրադարձությունների եւ զարգացումների: Այսօր զրուցել ենք Հրազդանի «Հումանիտար համալսարան»-ի դասախոս Քոչար Մանուկյանի հետ, որին, ի դեպ, հանդիպեցինք Հայ ազգային կոնգրեսի նախընտրական հադիպումներից մեկի ժամանակ:

«Վերջին տարիներին ժողովրդական Շարժումը, կարծես, հանդարտվել էր, եւ չկար որեւէ նախաձեռնող, որ այն նորից զարթնի: Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ ստացվեց, եւ նա կարողացավ նոր լիցք հաղորդել Շարժմանը: Մենք նորից հավատացինք, որ մի բան կարող է փոխվել», մեր զրույցի հենց սկզբում ասաց հրազդանցի դասախոսը:

- Դուք շարունակում եք հավատալ, որ այս երկրում կարող է ինչ-որ բան փոխվե՞լ:


- Իհարկե, եթե չփոխվի... այսպես շարունակել չի կարելի: Թե տնտեսական քաղաքականությունը, թե ժողովրդավարական բարեփոխումները դոփում են իրենց տեղում: Նույնիսկ նախկին նվաճումներն են դատապարտված: Մենք ընկել ենք հետընթացի մեջ:

- Առջեւում, գիտեք, Երեւանի քաղաքապետի ընտրություններ են: Մարզի բնակիչը այս ընտրությանը կարեւորություն տալի՞ս է: Եթե այո` ինչո՞ւ:

- Ընդհանրապես մենք Հայաստանում որեւէ դրական տեղաշարժ կարող ենք սպասել միայն Երեւանից` մայրաքաղաքից: Մարզերը ուղղակի գտնվում են շատ տխուր վիճակում, եւ նորից հույս է առաջանում, որ Երեւանից է սկսվելու ամեն լավ բան: Իսկապես, այսօր մարզերից ժողովուրդը հայացքն ուղղել է Երեւան քաղաքի վրա: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա մենք այստեղ ունենք եւ բարեկամներ, եւ ընկերներ, որոնք թեկուզ Հայ ազգային կոնգրեսի անդամ չեն, բայց բոլորը, կարծեք թե ներքին համաձայնությամբ, կողմ են քվեարկելու ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Զարմանում ենք, թե մնացածին ովքե՞ր են ձայն տալու: Իրավիճակը այդպիսին է` բոլորը Տեր-Պետրոսյանին են տալու իրենց քվեն:

- Պարզեցինք, որ մարզում սպասում կա: Կոնգրեսի հաղթանակի շանսերը իսկապես շատ մեծ են: Ըստ Ձեզ` ընտրակեղծիքի մեքենան կարո՞ղ է ազդել ընտրության ելքի վրա:


- Փողի գործոնն, իհարկե, աշխատելու է, եւ այն, որ փող է բաժանվելու, բոլորը գիտեն: Շատ կարեւոր է, թե հակառակորդն ինչի վրա է հույս դնում: Իհարկե, նրա միակ հույսը բացահայտ կեղծիքն է: Ուրիշ տարբերակ չկա: Իրենք էլ գիտեն: Բոլոր հարցումներով եւ դիտարկումներով` Կոնգրեսի առավելությունն ակնհայտ է: Միայն բացահայտ կեղծիքը կարող է ինչ-որ բան փոխել, այլապես` անհնար է:

- Այսինքն` ժողովրդի վստահության քվեն այնքան բարձր է, որ իշխանական ընտրակեղծիքների մեքենան կարող է չաշխատե՞լ:

- Այո: Քրեական հանցագործության մակարդակի կեղծիքներ են պետք, որպեսզի վստահության այդ ընթացքի առաջն առնվի: Պետք է համախմբված մասնակցել ընտրություններին, որպեսզի, ի վերջո, հաղթանակի եւ արդարության հասնենք:

- ՀԱԿ-ի կարգախոսն է` «Փոխենք Հայաստանը` սկսենք Երեւանից»: Որպես մարզի բնակիչ` չեք խանդո՞ւմ կամ առարկում:


- Վաղուց էր պետք Երեւանից սկսել: Վերջին 15 տարիներին երեւանցի քաղաքապետ չենք էլ ճանաչել: Ես տեղական հայրենասիրություն չեմ քարոզում, ուղղակի Երեւանի կոլորիտը պահող եւ գնահատող քաղաքապետ չի եղել: Օրինակ, ճիշտ է, ես մարզի բնակիչ եմ, բայց ինձ համար խորթ է, որ Երեւան քաղաքից իսպառ վերացել է տրամվայի գիծը, որովհետեւ երեւանցի քաղաքապետը երբեք էկոլոգիապես մաքուր տրանսպորտը չէր վերացնի եւ ինչ-որ ձեւի դա կպահպանվեր, ինչպես եվրոպական քաղաքներում: Երեւանը սեյսմիկ գոտի է, եւ այնտեղ բարձրահարկ շենքեր չէր կարելի կառուցել, բայց այսօր Երեւանի բնապատկերը փոխվել է, ու միայն բարձրահարկեր են կառուցվում: Կամ Գետառը վերափոխվեց, դարձավ տրանսպորտային, բայց ո՞ւր է Երեւան քաղաքի միջով անցնող հեղեղատարը: Հույսները այն է, որ ջրհեղեղ չի լինի՞: Երեւանցիները տեր չեն իրենց քաղաքին:

- Մարզում նախընտրական տրամադրություններ կա՞ն:


- Այո, կան: Ես ծնունդով Բջնի գյուղից եմ, եւ «Բջնի» գործարանի բախտը շատերիս է հուզում: Ինչպե՞ս կարող ենք անտարբեր լինել: Այդ գործարանն արդեն մեկ տարի է կանգնած է, եւ մարդիկ գործազուրկ են դարձել: Նրանք ամեն օր լսում են, թե փակումը համաշխարհային ճգնաժամով է պայմանավորված, բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչու չի աշխատում: Գործարանում հումք կա, այն հագեցած է նոր տեխնոլոգիաներով, պահանջարկ էլ կա, բայց չի աշխատում: Իհարկե, զուտ քաղաքական, այսինքն` հակաքաղաքական պատճառներով: Այսպիսի բաներ շատ կան: Գյուղական բնակչությունն անընդհատ լսում է օգնությունների մասին, գյուղական միջավայրերին տրվող ֆինանսական օժանդակության մասին, բայց իրականում ոչինչ չի արվում, հակառակը` պարարտանյութը թանկանում է, սերմերը թանկանում են, եւ ստացված արդյունքը չի կոմպենսացնում նույնիսկ ծախսերը: Սրանցից ամեն ինչ սպասելի է` անմենավատ բանը:

- Ամենավատ բանին սպասելով հանդերձ` Ձեր մեջ ուժ ունե՞ք պայքարելու:

- Իհարկե, եթե այդ ուժը չլիներ` ես չէի արտահայտվի: Ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը հիմա միայն բառեր են` առանց իմաստի: Պետք է դրանց իմաստ հաղորդել, եւ դրա համար մեզ Երեւանում հաղթանակ է պետք:

- Հրազդանից եւ Աբովյանից այսօր երեք քաղբանտարկյալ ունենք: Որպես Հրազդանի բնակիչ ի՞նչ կասեք այս մասին:

- Ասեմ, որ նրանք իմ ե՛ւ քաղաքական, ե՛ւ աշխատանքային ընկերներն են, որոնցից Արամ Բարեղամյանը ներկայումս դատարանի որոշմամբ կալանված է, իսկ Գրիգոր Ոսկերչյանի եւ Սասուն Միքայելյանի շինծու, վատ բեմականացված դատավարությունները շարունակվում են: Վերջերս տոնեցինք Շուշիի ազատագրման հաղթանակը, բայց դա քանի կոպեկ արժե, երբ անմիջական ազատագրողը շինծու մեղադրանքով բանտախցում է: Սասուն Միքայելյանն իր ջոկատով մասնակցել է Շուշիի ազատագրման մարտերին, լուրջ վիրավորվել է այդ մարտերում, եւ ներկայումս իր մարմնի մեջ կրում է 100-ից ավելի բեկորներ: Միքայելյանը չորս անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր, ընդ որում` առանց ընտրակաշառքների: 4 տարի էլ ընտրվել ու եղել է Հրազդանի քաղաքապետ: Ինչ վերաբերում է Արամ Բարեղամյանին եւ Գրիգոր Ոսկերչյանին, ապա ամբողջ Հրազդան ու Աբովյան քաղաքների ժողովուրդը գիտի, որ նրանք անաղարտ, ինտելիգենտ մարդիկ են: Բայց իշխանությունը թքած ունի ոչ միայն արդարության, այլ նաեւ հասարակական կարծիքի վրա: Ինձ մնում է որպես քաղաքացի իշխանությանը կոչ անել` կանգ առեք քանի դեռ ուշ չէ: Արդարությունը այդ աստիճան չի կարելի կոխկրտել: Այն կարող է վրեժ լուծել:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԱՏԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է տեղի ունենար Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի քաղաքացիական հայցի առաջին դատական լսումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատարան է դիմել այն բանից հետո, երբ «Հայկական ժամանակը» իր փետրվարի 6-ի համարում տեղեկություններ է զետեղել, որ Լեւոն Քոչարյանը հարբած վիճակում անկարգություններ է արել եւ ձերբակալվել Դուբայ քաղաքում: Եվ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին պահանջում է օրաթերթից հերքում հրապարակել իր մասին տպագրված, ըստ իրեն` ոչ ճիշտ տեղեկությունների մասին:

Երեկ նշանակված դատական նիստը չկայացավ, դատարանում տիրող «բարդակի» պատճառով: Բանն այն է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ծանուցագիր է ստացել, ըստ որի` դատական նիստը տեղի կունենա Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում, որը տեղակայված է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող շենքում: Մինչդեռ այս գործով դատավոր Արայիկ Մելքոնյանն այսուհետ դատավարելու է Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող դատարանի շենքում: Դատական առաջին նիստն այդպես էլ չկայացավ` ոչ պատշաճ ձեւով դատական նիստի վայրի մասին չծանուցելու պատճառով: Թերթի փաստաբանը դատարանի գրասենյակում դիմում թողեց այն մասին, որ ինքը ներկայացել է դատական նիստին եւ հաջորդ դատական նիստի մասին պետք է իրեն պատշաճ կարգով տեղեկացնել:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՄԲ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտել է հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ անդամների նկատմամբ բռնության դեպքերը: «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ շարունակական բռնարարքները եւ դրանք կատարող անձանց մինչեւ օրս բացահայտված չլինելը, առավելեւս այն դեպքում, երբ համաձայն բռնության ենթարկված քաղաքացիների հայտարարության` իրենց կողմից Ոստիկանությանն են ներկայացվել այդ անձանց լուսանկարները եւ նրանց կողմից վարվող ավտոմեքենաների պետհամարանիշների տվյալները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նման բռնարարքներն իրականացվում են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ եւ դատապարտելով դրանք` կրկին անգամ կոչ է անում Ոստիկանությանն իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները բռնարարք կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլապես Ոստիկանության անգործությունը կարող է դիտվել որպես նմանատիպ դեպքերի խրախուսում»,- ասված է Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ

Այն, որ Սերժ Սարգսյանը հանուն իշխանության պահպանման ստիպված էր այնպիսի քայլերի գնալ, որը կարող է խիստ բացասական արձագանք ստանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ երկրի սահմաններից դուրս, այնքան ակնհայտ փաստ է, որքան եւ այդ բացասական արձագանքները, որոնց մենք արդեն ամեն օր ենք ականատես լինում:

Ակնհայտ է, որ Թուրքիային սիրաշահելու եւ «ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթղթի հրապարակումը սփյուռքահայության շրջանում գնալով միայն խորացնելու է անվստահությունը Սերժ Սարգսյանի հանդեպ:

Ահա եւ երեկ Եվրոպայում գործող երեք հայկական կազմակերպություններ` Եվրոպայի Հայկական Ասամբլեան, Հայկական ազգային մշակութային կենտրոնը (Բեռլին) եւ Նախաձեռնող խումբը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ապրիլի 22-ին Թուրքիայի եւ Հայաստանի արած համատեղ հայտարարությունը համարել են «անօրինական եւ անբարոյական», նշելով, որ դա «վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության տապալման մասին»:

Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը վկայում է այն մասին, որ հաշտեցման բանակցություններն ավարտված են, եւ արդեն մշակված է համաձայնեցված փաստաթուղթ: Վերոհիշյալ կազմակերպությունները հայտարարել են, որ ցեղասպանության օրվա նախաշեմին ընդունվել է փաստաթուղթ, որով Հայաստանը, փաստացի, ընդունել է Կարսի պայմանագրի, «1915թ.-ի դեպքերի» ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման Թուրքիայի խայտառակ նախապայմանները, ինչը հիասթափեցրել եւ անհանգստացրել է սփյուռքի կազմակերպություններին:

Հայտարարության հեղինակները գտնում են, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը ձախողվել է. «Հայաստանի իշխանություններն իրենց անկայուն եւ ստորացուցիչ քաղաքականությամբ զիջել են բոլոր դիրքերը եւ կանգնել են հզոր եւ կոպիտ հարեւանի առջեւ»: Դա այն պայմաններում, երբ Հայաստանի դիրքերը թույլ էին տալիս նրան իր պայմանները թելադրել: Ընդունելով Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` հայկական կողմը, փաստացի, լուծել է բոլոր հարցերը. մնացել է ստորագրել խայտառակ պայմանագիրը: «Հայկական պետականությունը վտանգված է: Հայաստանի իշխանությունների ապրիլի 22-ին կատարած քայլը անբարոյական եւ հակաօրինական է: Թեկուզ միայն այն պատճառով, որ որոշումն ընդունվել է առանց Ազգային Ժողովում համապատասխան քննարկումների»,-ասված է հայտարարության մեջ:

Երեք կազմակերպություններն էլ պահանջել են հրապարակել «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը:

ՄԵՆԱԿ ՆԱ ՉԻ ՓԱԽՉԵԼՈՒ

«Ժողովրդավարական շարժում` հանուն միասնական Վրաստանի» շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը կմեկնի շրջաններ, ոտքի կհանի ժողովրդին եւ կանի ամեն ինչ, որպեսզի Վրաստանի նախագահը փախչի երկրից: Բուրջանաձեի խոսքերով, վերջին շաբաթների ընթացքում Վրաստանի ընդդիմությունը խուսափում էր գնալ ռադիկալ քայլերի եւ ցանկանում էր, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեին միայն խաղաղ ճանապարհով. «Այսօր, այդ հնարավորությունները օգտագործելու փորձերից հետո, նախագահը մեզ վրա մատ է թափ տվել` այս ամենը կրկես անվանելով: Հավանաբար մեզ էլ նա կրկեսի դերասաններ է համարում: Մենք չենք վախենում, մենք կստիպենք Սահակաշվիլուն փախչել երկրից»,- հայտարարել է Բուրջանաձեն:


ՕԳՆԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՉԻ «ԱՍԸՑԸՑՎԵԼ»

Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Բեգլարյանը իր նախընտրական քարոզարշավի հոլովակում խոստանում է` «Ինչ ասըցըցվել է, անելու եմ»: Հավանաբար իմիջմեյքերները խորհուրդ են տվել երեւանցիների հետ խոսել երեւանյան «սլենգով»` իբրեւ հարազատության, յուրային լինելու նշան: Իսկ Գագիկ Բեգլարյանը, ինչպես ռուսներն են ասում. «Սլիշալ զվոն, դա նե զնաետ գդե օն»: Եվ քանի որ համոզված է, որ ինքը հենց իսկական երեւանցի է` լիարժեք ինքնադրսեւորվել է` բնատուր էությամբ, բնատուր անգրագիտությամբ: Իսկ Հանրային հեռուստաընկերությունը դավաճանաբար ցուցադրել է դա` առանց մոնտաժելու, առանց ուղղելու քաղաքապետի թեկնածուի տգիտությունը: Դավաճանաբար են վարվել նաեւ նրա ետեւից գնացող, նրան սպասարկող-պաշտպանող, հենց այդ պահին նրա կողքին գտնվող, նրանից անմիջապես հետո ելույթ ունեցող Միքայել Դովլաթյանն ու Արա Երզնկյանը: Մինչդեռ ընկերությունը, պարոնայք մշակութային գործիչներ, այդպես չի լինում: Օգնել է պետք, սխալներն ուղղել եւ սովորեցնել, թեկուզ` սկսելով մայրենիի դասագրքից: Եթե անգամ տարրական դասուսուցման մասին ձեզ ոչինչ չի «ասըցըցվել»:

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԽԼՎԼՈՑ

ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Իշխող կոալիցիայի ներսում փոփոխությունները շարունակվում են


Դաշնակցական նախարարների հրաժարականներից հետո թափուր մնացած պաշտոններն արդեն զբաղված են. դրանք բաշխվեցին կոալիցիայում մնացած երեք կուսակցությունների միջեւ: Իսկ մյուս պաշտոնների մասով որոշումները դեռ վերջնական չեն:

Եվ այսպես, ՀՀ կրթության եւ գիտության նախարար է նշանակվել ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հանրապետական կուսակցության ամենատարեց անդամ, բազմակուսակցական ընտանիքի հայր Ռաֆիկ Պետրոսյանի եղբոր տղան եւս նախարարի պաշտոն ստացավ: Գեւորգ Պետրոսյանը, ի տարբերություն իր հորեղբոր եւ նրա թաղապետ որդու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է եւ երեկ նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Գեւորգ Պետրոսյանին իր շրջապատում երբեմն Իբրահիմ են ասում, քանի որ նա շատ է սիրում այդ երգչի երգերը: Վերահսկիչ պալատում վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Գերասիմ Ալավերդյանն էլ ՕԵԿ-ի կողմից նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Ինչպես հայտնի է, դաշնակցականները մի շարք նախարարություններում նաեւ փոխնախարարների պաշտոններ ունեին, որոնցից եւս հրաժարվել են: Բայց այդ պորտֆելների հարցերը դեռ լուծված չեն այնպես, ինչպես ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ արդեն թափուր մնացած ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնների հարցերը: Թեեւ խորհրդարանական պաշտոններն, ի տարբերություն գործադիրի, ընտրովի են, այսինքն` պատգամավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պետք է պատգամավորները զբաղեցնեն իրենց պաշտոնները, այնուամենայնիվ իշխանական կուլիսներում արդեն խոսակցություններ են տարածվել, թե ով որ պաշտոնն է զբաղեցնելու:

Ըստ այդ տեղեկությունների, ԱԺ փոխխոսնակի պաշտոնը գուցե չտրվի ՕԵԿ-ին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հավանական է ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ՀՀԿ խմբակցության քարտուղար, մարտի 1-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Այդպես նաեւ կբարձրանա հանձնաժողովի դերը: Համենայնդեպս, իշխանական կուլիսներում այսպես են մեկնաբանում Նիկոյանի նոր պաշտոնին վերաբերող լուրերը: Իսկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որն ազատվեց Արթուր Աղաբեկյանի հրաժարականից հետո, ՀՅԴ-ն որոշել է առաջադրել Հրայր Կարապետյանին: Բայց չի բացառվում, որ «Ժառանգություն» խմբակցությունը եւս իր թեկնածուին առաջադրի այդ պաշտոնում: Ինչ վերաբերում է ԱԺ կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, ապա այդ մասով դեռ հստակ որոշում չկա, քանի որ մինչեւ այս ամսվա վերջը ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւս կազատվի: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը նշանակվելու է Բրյուսելում ՀՀ դեսպան: Ըստ լուրերի, նա մինչեւ մայիսի 20-ը կնշանակվի այդ պաշտոնում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հանրապետական կուսակցությունը վերջնականապես որոշել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին որեւէ պաշտոն տալ: Ի վերջո այդ երիտասարդը երկար ժամանակ կուրծք է ծեծում ՀՀԿ-ի համար, բոլոր քրեական տարրերի հանցագործություններն իր վրա է վերցնում, եւ կուսակցությունը պետք է նրան ինչ-որ կերպ վարձահատույց լինի: Հիմա հարց է. կրթությա՞ն հանձնաժողովի նախագահի պաշտոնը կտրվի Շարմազանովին, թե՞ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Սերժ Սարգսյանն այս մասով դեռ որոշում չունի կայացրած:

Որոշված չէ նաեւ, թե ով է Արմեն Աշոտյանի փոխարեն դառնալու ԱԺ պատգամավոր: ՀՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված երիտասարդները հերթ են կանգնել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում ներկայացված, բայց դեռ պատգամավոր չդարձած մարդիկ եւս «հերթի մեջ են»: Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին` Ծաղիկ Ռուբոյին ասվել է, որ եթե ԲՀԿ-ն Դավիթաշեն համայնքում հաղթանակ տանի, ապա ԲՀԿ-ի ընտրացուցակում ներգրավված Ռուբեն Գեւորգյանը կդառնա պատգամավոր, իսկ եթե պարտվի կուսակցությունը Գեւորգյանի սիրելի համայնքում, ապա վերջինս մանդատ չի ստանա:

Հիշեցնենք, որ այս համայնքում իշխանական համակարգն իրար դեմ է հանել Գեւորգյանների ընտանիքին: Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը Ռուբեն Գեւորգյանի հարազատ եղբոր որդին է եւ Հանրապետական կուսակցության շտաբի պետը, իսկ Ռուբեն Գեւորգյանն էլ ԲՀԿ-ի շտաբի պետն է: ԲՀԿ-ի ավագանու ընտրացուցակում տեղ է զբաղեցնում նաեւ Ռուբեն Գեւորգյանի դուստրը: Իսկ ահա ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա, քրեական անցյալով հարուստ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի ընկեր, Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը այս ընտրություններում աշխատում է հարազատ հորեղբոր ու նրա դստեր դեմ: Իսկապես որ, բարոյական խնդիր կա մեր երկրում եւ շատ մեծ:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԴԱՏԱԳՈՂԱԿԱՆ

ՎԿԱՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԱՑԵԼ Է
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են


Քաղբանտարկյալ պատգամավորների գործերով դատաքննությունները դարձյալ ուղեկցվում են սկանդալներով: Ոստիկանները շարունակում են առեւանգել, ահաբեկել վկաներին` դատարանները վերջնականապես վերածելով ոստիկանական բաժանմունքների: Իսկ կամակատար դատավորները լուռ հետեւում են, թե ինչպես են բռնաբարվում արդարադատությունը, ՀՀ օրենքները հենց դատարանի շենքում:

ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՐԱԾ ՎԿԱՆ ՀԱՅՏՆՎԵՑ` ՍԹՐԵՍԻ ՄԵՋ ԸՆԿԱԾ

Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, որ Հակոբյանի գործով վկա Համլետ Հովհաննիսյանը կորավ դատարանում: Մենք նրան երկար սպասեցինք դրսում, բայց երիտասարդը դուրս չեկավ: Իսկ սպասում էինք, քանի որ արդեն կանխատեսվում էր, որ վկային ոստիկանները տարան` «մշակելու»: Երեկ Հակոբ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ երբ իրեն դուրս են հանել դատարանի շենքից, ինքը բակում նկատել է, թե ինչպես են Համլետին ոստիկանները ձեռքերը ոլորած նստեցրել մուգ գույնի BMW ավտոմեքենայի մեջ: «Ով որ քեզ տանում էր, ես իրենց ճանաչում եմ: Դե երեխեքիդ արեւ երդվի, որ քեզ չեն տարել ոստիկանություն»,- ճշմարտությունն իմանալու համար այս խոսքերով վկային դիմեց Հակոբյանը, ում ի պատասխան, իհարկե, վկան չերդվեց:

Իսկ ինչո՞ւ հանկարծ Մալաթիայի տխրահռչակ ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանը, ում հանցավոր անգործության հետեւանքով այդ համայնքում հանցագործներն ու հանցագործությունները շատացել են, հիշեց Համլետ Հովհաննիսյանին: Այս երիտասարդը նախօրեին դատարանում հայտարարեց, որ իր բոլոր գրածները սուտ են, որ իրեն տարել են Մալաթիայի ոստիկանություն, 3 օր պահել այնտեղ, որից հետո էլ սկսել է ցուցմունք գրել: Իսկ իրականում ինքը մարտի 1-ին իրենց տանն է եղել ու ոչնչից տեղյակ չէ, Հակոբ Հակոբյանին էլ առաջին անգամ է տեսնում: Բայց քանի որ Համլետը մարտի 1-ի գործով մեղադրյալ է, ոստիկանները նրան տարել եւ վախեցրել էին, թե կնստեցնեն: Դրա համար էլ Համլետը երեկ երկտող էր գրել դատավոր Գագիկ Ավետիսյանին եւ ասել, թե ինքը սթրեսի մեջ է եղել, վախեցել է Հակոբյանի հարազատներից ու խնդրում է նորից իրեն հարցաքննել: Լավաշ թխող այս երիտասարդը գրել էր նաեւ, որ քննիչների մոտ իր գրածն է պնդում: Այսինքն, մենթերն իրենց գործն արել էին:

ԳՈՂԱՑԱՆ ՀԵՆՑ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌՋԵՎ

Մինչ դատավոր Ավետիսյանը կընթերցեր սթրեսի մեջ ընկած վկայի զառանցանքները, մենք դուրս եկանք դատարանի միջանցք, որտեղ կանգնած էր վկան` մեծ գլխով մի ոստիկանի հետ, որը քաղաքացիական հագուստով էր: «Ի վերջո Ձեր ո՞ր ասածն է ճշմարտությունը»,- հարցրեցինք 27-ամյա Համլետին: Մինչ նա կհասցներ պատասխանել, կողքի մենթը մեջ ընկավ. «Դուք իրան հարց տալու իրավունք չունեք, թող մտնի ցուցմունք տա, հետո»: «Բայց Ձեզ ո՞վ ասաց, որ իրավունք չունեմ»,- փորձեցինք ճշտել անգրագետ մենթից, «Նախաքննություն է գնում, հետո հարցեր կտաք»,- շարունակեց ինքն իրեն խայտառակ անել Մալաթիայի ոստիկանը: Եւ երբ տեսավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, դատական կարգադրիչների պետ Արթուր Փիլոյանի հորդորով փախցրեց վկա Համլետին ու տարավ անհայտ ուղղությամբ: Այլ կերպ ասած, հրապարակավ գողացավ վկային: Մեզ հաջողվեց պարզել, որ Համլետը Էջմիածնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի քրոջ որդին է: Այն նույն Ճոյտի, որին երբ ԱԺ-ում որպես դարի հանցագործ «դատում էին», միայն պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Լեդի Հակոբը, նրա թասիբին կանգնեց:

ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԷՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒՑ

Ինչեւէ, դատարանում երեկ կրկին հարցաքննեցին կորած վկային, ով շատ հարցերի հրաժարվում էր պատասխանել, ինչը, սակայն, օրենքով անթույլատրելի է: Նա փոխեց իր ցուցմունքը` հայտարարելով, թե քննիչների մոտ գրածը ճիշտ է: Իսկ երբ փաստաբան Մելանյա Առուստամյանը հարցեր տվեց, Համլետը դարձյալ հերքեց այն, ինչ գրել էր: Այսինքն, Հակոբ Հակոբյանին չի տեսել, նրա գործողությունների մասին ոչինչ չգիտի: «Ասա, ասա, որ պնդում ես ու գնա, որ վրեդ բան չսարքեն, պլան, մլան քցեն գրպանդ»,- վկայի հարցաքննության ժամանակ ասաց Հակոբյանը:

ԵՎՍ 2 ՎԿԱՅԻ ԱՀԱԲԵԿԵԼ ԵՆ ՄԵՆԹԵՐԸ

Դատարանի դահլիճում Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը հայտարարեց, որ եթե վկան որեւէ մեկից կաշկանդված է, բռնեք եւ դատապարտեք այդ մարդուն, որը իբր Հակոբյանի հարազատներից է: Այնուհետեւ տեղեկացրեց, որ գործով մյուս վկաներ Ամատունի Սարգսյանի եւ Մարտին Շուշանյանի բնակարան են գնացել թաղայինները (Ավանի եւ Շենգավիթ համայնքի) եւ ասել, թե պետք է պնդեք ձեր գրած ցուցմունքները: Նույնիսկ առաջարկել են հենց տանը գրություն գրել, որ պնդում են նախաքննական ցուցմունքները եւ էլ չգնալ դատարան` հակառակ դեպքում սպառնալով, թե «լավ չի լինի»:

ՎԱՐՈՐԴԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԻՐԵՆ ՃՆՇԵԼ ԵՆ

Կենտրոնի դատարանի մյուս դահլիճում շարունակվում էր Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի գործի դատաքննությունը: Ավտոբուսի վարորդ Խամո Նամաջյանն էր հարցաքննվում դատարանում, ով նախընտրական շրջանում եւ դրանից հետո երկու անգամ Աբովյան քաղաքից մարդկանց բերել է Երեւան, ինչի դիմաց 10 հազար դրամ են վճարել: «Ինձ հետաքրքիր չէր, թե ով ուր էր գնում, մարդիկ էին, բերում էի»,- ասաց նա` հայտարարելով, որ Գրիգոր Ոսկերչյանին չի ճանաչում: «Ախր չգիտեմ, թե ինչ եք ուզում ասեմ, որ ասեմ»,- ճարահատյալ ասաց նա` կատակելով, թե անցյալ տարի ավտոբուսով տանկ է տեղափոխել: Իսկ երբ դատարանում հրապարակվել են Խամո Նամադյանի նախաքննական ցուցմունքները, վերջինս ասել է, թե «ի՞նչ էիք ուզում, 8 հոգով թափվել էին գլխիս, ստիպում էին, որ գրեմ, ես էլ գրել եմ»:

ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՎԿԱՅԻ ՏՈՒՆՆ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ

Մյասնիկ Մալխասյանի հարազատներից էլ տեղեկացանք, որ պատգամավորի գործով վկա, աշտարակցի Մելիք Հարթինյանին եւս իրավապահները հետապնդում են: Մի քանի օր է Մելիքին հրավիրում են ոստիկանություն ու հավանաբար նրան էլ են ստիպելու նախաքննական ցուցմունքները պնդել դատարանում: Նույնիսկ ոստիկանները գնացել են վկայի Աշտարակում գտնվող տունը, շրջապատել այն եւ խուզարկություն կատարել` իբր զենք փնտրելու: Մալխասյանի դատն այսօր է նշանակված:

ԴԱՏԱՎՈՐԸ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ

Տեղափոխվենք Աբովյան քաղաք, ուր շարունակվում է Սասուն Միքայելյանի գործի դատաքննությունը: Երեկ ոստիկանները դատարան էին բերման ենթարկել վկա Վարդգես Թադեւոսյանին, ով դատարանում հայտարարեց, որ ինքը ծանուցագիր չէր ստացել: Այսինքն, դատավորը ձեւական է ասում, թե վկաներին կանչել է, իրականում, նա ուղղակի թղթեր է կցում գործին եւ շահագրգռված չէ, որ նրանք գան դատարան ու ցուցմունքներ տան: Երեկ հարցաքննված վկան ասաց, որ չի տեսել Սասուն Միքայելյանին փող, զենք բաժանելիս, չի տեսել մարդկանց հանրահավաքների ժամանակ օղի խմելիս կամ թմրանյութ օգտագործելիս, միայն լսել է, որ Սասուն Միքայելյանը հայտարարել է մարտի 1-ին, թե հանգիստ կանգնեք, ժողովուրդ, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա: «Դուք Մյասնիկ Մալխասյանին ճանաչո՞ւմ եք»,- հարցրեց փաստաբան Հովիկ Արսենյանը, որին ի պատասխան, վկան ասաց` ոչ: Հետո Արսենյանը մեզ բացատրեց, որ նման հարց էր տալիս, քանի որ այդ վկան նախաքննության ընթացքում մի քանի թերթանոց ցուցմունքներ է գրել Մյասնիկ Մալխասյանի դեմ, ում, փաստորեն, չի էլ ճանաչում:

ՎԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԷՐ, ԲԱՅՑ ՆՐԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԷԻՆ ՆԵՐՍ ՄՏՆԵԼ

Երբ Վարդգես Թադեւոսյանը գնաց, դատավորը հայտարարեց, թե այլ վկաներ չկան: Մեղադրող Ամիրզադյանն էլ առաջարկեց ընդհատել վկաների հարցաքննությունը, հետազոտել ապացույցները, մինչեւ մյուս վկաները ներկայանան: «Մի վկա կա դրսում եւ սպասում է (խոսքը Թաթուլ Կարապետյանի մասին է- Թ. Թ.)»,- տեղեկացրեց փաստաբան Հովիկ Արսենյանը, ում ի պատասխան դատավորն ասաց, թե իրենք ոստիկաններին բերման ենթարկելու փաստաթուղթ են ներկայացրել, բայց որեւէ մեկը բերման չի ենթարկվել: «Մարդն իր ոտքով եկել է, ինչո՞ւ չեք ուզում լսել այդ վկային»,- արդեն բարկացավ Արսենյանը` ավելացնելով, թե սա անհարգալից վերաբերմունք է օրենսգրքի նկատմամբ: Հետո ելույթով հանդես եկավ Սասուն Միքայելյանը` նախ ճշտելով, թե արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչ կա դատարանում, համոզվելով, որ կա, ասաց. «Ես խնդրում եմ Արմեն Հարությունյանին փոխանցեք, որ այս գործի հետ կապված ես միտում եմ տեսնում թե դատախազության, թե մեղադրողի, թե դատավորի, թե ոստիկանության կողմից: Այս դատավարության ընթացքում պարզվեց, որ ցուցմունքները կորզել են թե ոստիկանության աշխատողները, թե դատախազության աշխատողները: Այդ մարդը եկել է դատարան, ինչո՞ւ չեք լսում»: Սասուն Միքայելյանի բարկացած տոնով այս խոսքերից հետո դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց` ասելով, թե վկան թող գա ներս:

Ընդմիջումը տեւեց 45 րոպե եւ այդ ընթացքում վկա Թաթուլ Կարապետյանը կանգնած էր դրսում` Հովիկ Արսենյանի կողքը: Վախից Թաթուլը դողում էր: «Ես կողքից իմացել եմ, որ լավ բան չեմ գրել, եկել եմ` իմանամ` ե՞ս եմ գրել, ի՞նչ եմ գրել, իմ ասելիքն ասեմ, գնամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաթուլ Կարապետյանը` հրաժարվելով մանրամասնել, թե ինչ ճնշումների է ենթարկվել ինքը նախաքննական մարմնի, ոստիկանության կողմից: Միայն հաստատեց մեր տեղեկությունը. իրեն ոստիկանները մի քանի օր պահել են, վերցրել անձնագիրը, ապա նաեւ ստիպել, որ գա դատարան եւ պնդի նախաքննական ցուցմունքները: Մեր տեղեկություններով, Կարապետյանի գրպանում ոստիկանները թմրանյութ են գցել ու հետո սպառնացել, թե կդատեն այդ հոդվածով, եթե իրեն խելոք չպահի:

ԵՍ ԿՀՐԱԺԱՐՎԵՄ ԻՄ ԳՐԱԾԻՑ

«Եթե իմ գրածներից չլինի, թող տանեն էքսպերտիզացիա անեն, ինչ որ ես եմ գրել, ես տեր եմ, ինչը չէ, կհրաժարվեմ»,- երեկ մեզ ասաց վկա Կարապետյանը: Հավանաբար սա է պատճառը, որ ոստիկանները, դատախազներն ու դատավորը չեն ցանկանում հարցաքննել այդ վկային: Նա դրսում կանգնած էր, բայց կարգադրիչները չէին թողնում մտնել դատարան: Որքան էլ տարօրինակ է, ընդմիջումից հետո սկսված դատը դատավոր Հրայր Սարգսյանը հետաձգեց` պատճառաբանելով, թե վկան չի եկել դատարան:

Իսկ վերջում, վկան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ գնաց, որպեսզի մենթերը, սովորության համաձայն, չգողանան: Ավելի ուշ տեղեկացանք, որ ոստիկանները գնացել են վկա Կարապետյանի տուն, ընտանիքի անդամներին սպառնացել, ապա նաեւ գրություն վերցրել նրանցից, թե Թաթուլ Կարապետյանը Հայաստանում չէ:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՄԵՆՔ ԵՎ ՆԱ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ.

«ԵՍ ԳԻՏԵՄ ՈՐՆ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՆ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ»


«Մոսկվա» կինոթատրոնում «Սարոյանի կտակը» ֆիլմի պրեմիերան էր: Ֆիլմը, հասկանալի է, Սարոյանի մասին էր, եւ այս պարագայում դժվար էր հետեւել ֆիլմում ռեժիսորական, օպերատորական, սցենարական աշխատանքի որակին: Ողջ ընթացքում Սարոյանին ես հետեւում, ճանաչում հարազատների, նրա հետ շփված մարդկանց հիշողություններով:

Քանդակագործ, լուսանկարիչ Վարդան Քոչարը պատմում էր, որ երբ Սարոյանը Հայաստան էր եկել, հարցրել էր. «Այստեղ խենթեր կա՞ն: Որտե՞ղ են նրանք: Ինձ տարեք խենթերի մոտ»: Սիլվա Կապուտիկյանը պատասխանել էր. «Այո, իհարկե, կան: Հայաստանում հատուկ նրանց համար տներ են կառուցել, որտեղ ապրում են խենթերը»: Չհասկացավ Սիլվա Կապուտիկյանը Վիլյամ Սարոյանին:

Սոս Սարգսյանը հիշում է, թե ինչպես մի քանի երիտասարդ դերասաններով Սարոյանին հրավիրել են ռեստորան, համեղ խորտիկներ ու հայկական կոնյակ հյուրասիրել: Մեկ էլ գիշերվա կեսին հայտնվում են Գուրգեն Ջանիբեկյանն ու Դավիթ Մալյանը: Նրանց, փաստորեն, գիշերվա կեսին քնից հանել ու ռեստորան էր ուղարկել խորհրդային ռեժիմը, որպեսզի Սարոյանը չհասցնի իր գաղափարներով «փչացնել» երիտասարդներին: Մալյանը բաժակ է բարձրացնում. «Մենք ապրում ենք Խորհրդային Միությունում: Մենք այդ գաղափարների կրողն ենք: Մենք Խորհրդային Միության սալդատներն ենք...»: Սարոյանը կանգնում է, ներողություն խնդրում, թե` «Ես երթամ այնտեղ...»: Բավական ժամանակ է անցնում` Սարոյանը չկա: Մալյանն ու Ջանիբեկյանը սրտնեղած թողնում գնում են: Սոս Սարգսյանը գնում է զուգարան` Սարոյանի ետեւից: Տեսնում է` Սարոյանը փառահեղ կանգնած, կոնյակ է խմում:

- Սարոյան, ներս գնանք` սեղանի մոտ:

- Է, գնացի՞ն այն սալդատները:

Սարոյանը զինվորի մասին վիպակ ունի` «Վեսլի Ջեքսոնի արկածները»: Վեսլի Ջեքսոն զինվորն ասում է. «Ապրել` նշանակում է սպասել: Ու ամեն մարդ, որ ծնվում է, սպասում է` իհարկե, անգիտակցաբար, մինչեւ այդ մարմինը հալումաշ լինի, դառնա հող ու մոխիր: Մեռնելուն է սպասում: Բայց քանի որ գիտի` դեռ մի 30-40 տարի էլ է իր մարմնի տերը լինելու, ոգեւորվում է, սպասում ուրիշ բաների: Թե տղա է, սպասում է տղամարդ դառնալուն: Հետո սպասում է, թե երբ է կին առնելու: Հետո որդու է սպասում, թե որդու հետ երբ է խոսելու: Ուրիշ խոսքով, նա սպասում է ապրումների, սիրահարվելուն, սպասում, որ սերն իր հետ իմաստություն կբերի: Կամ եթե չի ուզում սպասել ոչ կին առնելուն, ոչ էլ սիրո իմաստությանը, թերեւս գործի է անցնում, ուզում է ինչ-որ բանի հասնել, ինչպես ասում են` անուն հանել. ճանաչվել շատ շատերի կողմից, ոչ միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում»:

Երբ Սարոյանը տղա է եղել եւ սպասել է տղամարդ դառնալուն, թերթ է վաճառել Ֆրեզնոյում: Հետո գրամեքենա է գնել ու գրել, գրել: Սարոյանի զարմիկը պատմում է, որ երբ Սարոյանը անվերջ գրում-ջնջում էր, մայրն ասում էր. «Վիլի, լավ է կոշկակար դառնայիր»: Բայց երբ Վիլին ճանաչվեց շատ շատերի կողմից, ոչ միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում, մայրն ասում էր. «Իմ Վիլին մեծ գրող է, իմ Վիլին...»:

Հետո կին է առնում, աղջիկ ու որդի ունենում: Սպասում Լյուսիի ու Արամի հետ խոսելուն: «Չեմ մեռնում» պատմվածքում գրում է. «Ամենամեծ կռիվներն, իհարկե, որդուս հետ էին, որը, ինչպես մեր ընտանիքում էին ասում, կյանքը կռիվ է սարքել: Այս կռիվը, ինչպես ինքս եմ ասել նրան, անհրաժեշտ է տղայի համար, երբ նա սկսում է ինչ-որ բան հասկանալ: Օրինակ, մի օր նա ասաց, որ երբ 7, թե 8, թե 9 տարեկան էր, կամ գուցե 10 կամ 11, հաճախ մտածել է` այս մարդն ու կինը իմ հայրն ու մայրը չեն, որովհետեւ հնարավոր բան չէ... Երկու-երեք անգամ աղջիկս մեծ տիկնիկ է դառնում, պրիմադոննա, որը պարզապես տանել չի կարողանում իր տգետ, նվաստ, անտանելի, անտաշ ու անարդար հորը: Մեկ-մեկ էլ ինքս էի ապուշանում` մտածելով, որ երեխաներս անարժան են, իրենց մոր հաշվով. ես մեղք չունեի, ոչ էլ ընտանիքս էր մեղավոր, ոչ էլ իմ սերունդը` աշխատասեր, հպարտ, առողջ ու զավեշտական աղքատները, ովքեր, անտարակույս, նույն դասակարգի մեջ մնացին` անկախ նրանից, թե ինչպես փող աշխատեցին կամ ինչքան ունեն: Վերջին հաշվով, ես սիրում եմ նրանց, սխալներով հանդերձ, կամ գուցե հենց սխալների համար եմ սիրում եւ հուսով եմ, որ այդ սերը փոխադարձ է»:

Ֆիլմում Սարոյանի զարմիկը պատմում է, որ երբ Սարոյանն արդեն շատ վատ էր, հայրը ամեն ջանք թափել է, որ Արամ որդին գա հիվանդանոց, որպեսզի հայր ու որդի խոսեն, զրուցեն, հասկանան իրար: Ասում է` զրույցը, կարծես, ստացվել էր: Ֆիլմի ցուցադրումից հետո մոտեցանք ռեժիսոր Գրիգոր Հարությունյանին եւ հարցրինք Արամ Սարոյանից: Պատմեց, որ Արամ Սարոյանը Ամերիկայում է ապրում, գրում ժամանակակից պահանջված նովելներ: Ու երբ Հարություն Խաչատրյանը զանգահարել է նրան եւ որպես Վիլյամ Սարոյանի որդու` հրավիրել մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, մերժել է այն պատճառաբանությամբ, որ իրեն հրավիրում են ոչ որպես Արամ Սարոյանի, այլ` Վիլյամ Սարոյանի որդու:

Զինվոր Վեսլի Ջեքսոնը նաեւ ասում է. «Աշխարհում բոլոր մարդիկ նույնն են ու բոլորն էլ սպասում են մեռնելուն: Դե, մինչեւ մեռնելը` միաժամանակ ամեն տեսակ բաների են սպասում»:

Սարոյանը մինչեւ մեռնելը կտակ է գրել ու խնդրել, որ երբ ինքը մեռնի, չթաղեն, այլ այրեն մարմինը, աճյունը պահեն այնքան, մինչեւ Էրզրումը դարձյալ լինի հայերինը, եւ շաղ տան փոշին Էրզրումի ճամփեքին: Ասել է. «Չեմ ուզում ինձ թաղեն, վրես մեծ քար մը դնեն, որ մարդիկ գան, ըսեն` աս Սարոյանն է»: Մի օր Հայաստանում որոշում են Սարոյանի մասունքները բերել հայրենիք եւ ամփոփել Պանթեոնում: Սարոյանի ընկերը պատմում է. «Հասանք Պանթեոն, այնտեղ գրողներ կային եւ կոմունիստ մարդիկ: Տեսա փոս մը, բայց ի՞նչ ընել...»: Հետո փոսի վրա մեծ քար դրեցին, որտեղ մարդիկ գալիս են ու ասում` սա Սարոյանն է:

Անցյալ տարին սարոյանական էր: Ինչպես Դավիթ Մուրադյանն ասաց. «Ողջ տարին Սարոյանի հետ էինք»: Ողջ տարին ու երեկ հիշեցինք` Սարոյանն այսպես էր քայլում, այսպես էր պարում, այսպես հագնվում, այսպես խոսում, այսպես էր ասում: Ասում էր. «Մարդը միայնակ արարած է: Չնայած աշխարհը լի է նրա նմաններով, նա մեն-մենակ է»: Հիմա էլ Սարոյանը միայնակ է, եւ անկատար է ոչ միայն նրա կտակը, այլեւ նրա գրական ժառանգության կտակը` որքան էլ տարին սարոյանական լինի, որքան էլ հիշենք նրան` ինչպես էր քայլում, պարում, խոսում, ինչ էր ասում` բացակա է Խոսքը, Սարոյանի Խոսքը` մեծ ու Ճշգրիտ, որից շարունակաբար սայթաքում-խուսափում է մեր իրականությունը:


ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


... Եվ խօսեց (Սէրժը) կօալիցիայի առաջին, եւ ասաց. «Ահա ժամանակս մօտ է, զի ամէնայն կօղմերից յալածեալ եմ, եւ Հրեաստանի չորս կօղմերից ճնշում են, եւ Քանանացիների երկիրը գնացի, բայց նորանց մտահօգութիւնները բնաւ չփարատեցի իմ օրերումը, եւ Երուսաղեմի մեջ էլ բնաւ մէկը չի վստահում ինձ։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` ձեզանից մէկը ինձ վրայ պիտի գայթակղուի եւ ինձ ընդդիմադիր պիտի դառնայ»։ Եվ ամէնքն իրար երեսի նայեցին եւ հարցրեցին. «Մի՞թե ես եմ, տեր»։ Սա էլ պատասխանեց եւ ասաց. «Նա է, ով տասը տարի իշխանութեան կերակրատաշտից օգտվեց եւ բնաւ պատասխանատվութիւն չառաւ»։ Եվ սորանցից մէկը, որին եբրայերեն դաշնակ են ասում, խօսեց եւ ասաց. «Մի՞թե ես եմ, տէր»։ Սա էլ պատասխանեց, թե «դո՛ւ ասացիր»։

... Եվ խօսեց (դաշնակը), եւ ասաց. «Թէկուզ ամէնքը քեզ ուրանան, ես չեմ ուրանալ, զի իրաւիճակի փոփոխութիւն եղաւ»։ Սա էլ պատասխանեց եւ ասաց. «Դեռ Բրայզան չխօսած` ինձ երեք անգամ պիտի ուրանաս»։ Եվ երբ Ձիթենեաց լեռը ելան, որ ապրիլ ամսուայ 24-ին էր, մէկը սորան մոտեցաւ եւ ասաց. «Դու նորա հետ չէի՞ր, երբ ասում էր, թե Կափառնայումը մեր հայրնիքը չէ»։ Սա էլ պատասխանեց, թէ բնաւ չի լսել այդ խօսքերը։ Եվ մի ուրիշը մոտեցաւ եւ հարցրեց. «Դու նորա կօղքին չէի՞ր, որ փղշտացիների հետ յամատեղ յանձնաժողօւ էր ստեղծում»։ Սա էլ առարկեց, թե «բնաւ չգիտեմ ինչի մասին եք խօսում»։ Եվ երրորդը մոտեցաւ եւ ասաց. Սա նա է, ով մադրիդյան սկզբունքները լսում եւ ծափ էր տալիս»։ Սա էլ դարձեալ ժխտեց եւ ասաց. «Ես դորանք ինտերնետի մեջ փնտրեցի, եւ չգտայ, եւ իմ մտահօգութիւնները փարատուեցին»։ Եվ այդ ժամանակ Բրայզան խօսեց, եւ սա մտաբերեց Սէրժի խօսքերը, եւ դառնութեամբ զղջաց։ Եվ ամէնքը նորա զղջումը տէսան, եւ իմացան, որ կորսուած պորտֆելների համար է անում, զի բնաւ տէղ չի ունենալու Երուսաղեմի ժողօւարանի մեջ։ Ամէն։

 

 


. CHorrord Ishchanutyun, 2009